ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՈՐԱԿՅԱԼ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՆԱԵՎ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՅԴՊԻՍԻՆ
Տեքստին կարելի է ծանոթանալ նաեւ
ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով. О нас About Us
Այսպես կարելի է ձեւակերպել "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալության նշանաբանը, ինչու չէ` նաեւ նպատակը:
"Արմեդիա" ՏՎԳ-ն հիմնադրվել է 2006 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ հայկական լրատվադաշտը, թվում է, հերթական "բարձրախոսի" կարիքն այլեւս չուներ: Սակայն այդ ասպարեզում իր առանձնահատուկ տեղն ունենալու հավակնությունը պայմանավորված է ընտրված գործելաոճով: Մեր խնդիրը լրատվության տարածման մրցավազքում հաղթանակը կամ մասնակցությունը չէ:
"Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը կարեւոր իրադարձություններին եւ իրավիճակներին չի անդրադառնում "թեժ" հետքով, փոխարենը համակողմանի եւ հնարավորինս սպառիչ տեղեկատվություն է տրամադրում այդ իրադարձությունների շուրջ` վերլուծությունների միջոցով փորձելով պարզել առկա մարտահրավերներն ու հնարավորությունները:
Մյուս կողմից, "Արմեդիան" այլ լրատվամիջոցների, ինչպես եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնում` հաշվի առնելով իր այն համոզմունքը, որ քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտների (ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ) նպատակը մեր երկրի բարօրության կայացումն է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության ամրապնդմանը, կայուն զարգացմանը նպաստելու միջոցով:
Աշխատանքային քննարկում
"Արմեդիա" ՏՎԳ գլխավոր խմբագիր
Աննա Մկրտչյանի մոտ (ձախից առաջինը):
Այս համատեքստում գործակալությունը հավակնում է իր նպաստը բերել մեր երկրի ժողովրդավարացմանը` բարձրացնելով հասարակության տեղեկացվածության մակարդակը ինչպես միջազգային, տարածաշրջանային գործընթացների համակողմանի վերլուծության, այնպես էլ գործող միջազգային հաստատությունների կառուցվածքի, նպատակների, գործունեության լուսաբանման միջոցով:
"Արմեդիա" ՏՎԳ լրագրող-վերլուծաբան
Տիգրան Պետրոսյանը Ստրասբուրգում:
"Արմեդիա" ՏՎԳ-ն կանոնադրորեն իր գործունեության առաջնահերթություն է սահմանել արտաքին քաղաքականությունը` մասնավորապես եվրոպական ուղղությունը:
Նման մոտեցումը պայմանավորված է "Հին Աշխարհում" ընթացող ինտեգրացիոն գործընթացներով, Եվրամիության շարունակական ընդլայնմամբ (հատկապես դեպի արեւելք), մեր տարածաշրջանի նկատմամբ ԵՄ-ի եւ եվրոպական մյուս կառույցների հետաքրքրությամբ, ինչի ապացույց է, օրինակ, ԵՄ "Արեւելյան Գործընկերություն" նոր քաղաքականությունը:
Մինչ այժմ "Արմեդիա" ՏՎԳ-ն հանրությանը ներկայանում էր հայալեզու տարբերակով, սակայն, ելնելով վերը նշված առաջնահերթություններից, ս.թ. սեպտեմբերի 1-ից "Արմեդիա" ՏՎԳ-ն ունենալու է նաեւ իր ռուսական տարբերակը: Բացի այն, որ Արմեդիա-ռուսերենը կներկայացնի հայկական տարբերակում տեղադրված նյութերը, այն նաեւ կվարի սեփական տեղեկատվական քաղակականություն:
"Արմեդիա" ՏՎԳ նկարահանող խումբը
"Channel 4" հեռուստաընկերության լրատվական բաժնում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա):
Հասարակության համար "Արմեդիա" ՏՎԳ-ն փորձում է աշխարհն առավել ճանաչելի դարձնել նաեւ առանձին պետությունների օրինակով:
Այս նպատակին է ծառայում մեր բացառիկ ծրագրերի շարքը, որոնց միջոցով բազմակողմ եւ հարուստ տեղեկատվություն է մատուցվում աշխարհի առաջատար երկրների վերաբերյալ: Հանրությանն առավել հետաքրքրող պետությունները ներկայացվում են պետական եւ հասարակական կյանքի տարբեր տեսանկյուններից:
Գործակալության
"Արմեդիա" ՏՎԳ նկարահանող խումբը (Կարեն Բեքարյան եւ օպերատոր Աշոտ Մկրտչյան) Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ հարցազրույցում:
առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է նաեւ ԼՂՀ-ն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային գործընթացների, այնպես էլ ԼՂՀ ներքաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացումների տեսանկյունից: Հաշվի առնելով ղարաբաղյան ներքին եւ արտաքին խնդիրների շուրջ տեղեկատվական եւ վելուծական աշխատանքի կարեւորությունը` "Արմեդիա" գործակալությունն իր ինտերնետային էջում հանդես է գալիս "ԼՂՀ" առանձին բաժնով:
Արտերկրի մեր ազգակիցների կենսակերպին, գործունեությանը, հայկական սփյուռքի բարդ կառուցվածքին, տարբեր երկրներում հայկական համայնքի կառույցների գործունեությանը, համայնքի առօրյային, կյանքի կազմակերպման խնդիրներին կարելի է ծանոթանալ մեր "Սփյուռք" բաժնում:
Եվ, իհարկե, "Արմեդիա" ՏՎԳ-ն փորձում է հետաքրքիր եւ առանձնահատուկ լինել ոչ միայն միջազգային, այլեւ ներքին կյանքին եւ մշակույթին վերաբերող բաժիններով, բացառիկ հարցազրույցներով:
Հայաստանում Հանրային խորհրդի ստեղծումից անմիջապես հետո, "Արմեդիա"-ն իր առաջ խնդիր դրեց հնարավորինս ընդգրկուն եւ բազմաշերտ անդրադառնալ այդ նոր կառույցին: Մեր կածիքով, ցանկացած նոր կառույցի կայացման համար անհրաժեշտ է նրա գործունեության նկատմամբ հասարակության հետաքրքրությունը, ինչպես նաեւ հասարակության տեղեկացվածությունն ու ակտիվ հետադարձ կապը: Ելնելով այս ամենից` ՀԽ-ն մեր կայքում հանդես է գալիս
"Արմեդիա" ՏՎԳ լրագրող-վերլուծաբան,
Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնի
նախագահ Նաիրա Մկրտչյանը Ագրայում (Հնդկաստան):
առանձին բաժնով:
"Արմեդիա" ՏՎԳ-ի յուրօրինակության եւս մեկ գրավական է նաեւ "Հանրամատչելի գիտություն" բաժինը, որն ընթերցողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ գիտական վերջին նվաճումներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետաքրքրաշարժ ձեռքբերումներին եւ այլն:
"Արմեդիան" առանձնահատուկ կարեւորության է արժանացնում մեր կյանքի հոգեւոր ոլորտը: Հայ առաքելական եկեղեցու, նրա առանձին կենտրոնների գործունեությանը վերաբերող հարուստ տեղեկատվություն կարելի է ստանալ մեր "Հոգեւոր" բաժնում:
Այստեղ կարող եք գտնել նաեւ բացառիկ հարցազրույցներ ինչպես առաքելական, այնպես էլ այլ եկեղեցիների ներկայացուցիչների եւ այլոց հետ:
Ընթացիկ հրատապ խնդիրներին կարելի է ծանոթանալ մեր "Թեժ նախագծում": Այստեղ պարբերաբար ներկայացվում են արդիական թեմաներ, որոնք առավել հանգամանալից լուսաբանման կարիք ունեն: Օրինակ` "Թեժ նախագծում" "Արմեդիան" մինչ այժմ անդրադարձել է ՀՀ խորհրդարանական, ԼՂՀ նախագահական, ՀՀ նախագահական ընտրություններին, այս տարվա հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններին, հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին ու դրանց շուրջ ընթացող զարգացումներին:
Լրագրող-վերլուծաբան Կարինե Օհանյանը Բեռլինում:
Այժմ "Թեժ նախագիծը" նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու կարգավորման գործընթացին: Թե՛ մեզանում, եւ թե՛ մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունները մշտապես պետք է առիթ լինեն կարգավորման գործընթացի եւ ընդհանրապես Ղարաբաղյան հիմնախնդրի այս կամ այն գործոնի կամ ելեւէջի վերանայման, թարմ հայացքով արժեւորման եւ, ինչո՞ւ ոչ, նոր մոտեցումների եւ մտքերի գեներացման: Սա ամենօրյա պայքար է` այս դեպքում ներառող ոչ միայն իրավասու մարմիններին, դիվանագետներին, այլեւ քաղաքագիտական, վերլուծաբանական, փորձագիտական ընկերակցություններին: Կարծում ենք` մեր ընթերցողները կհամաձայնվեն, որ նշված թեման իրապես կարելի է դասել "Թեժ նախագիծ" շարքին:
"Արմեդիա" ՏՎԳ-ն մեր կյանքի առավել "վառ" իրադարձություններին այսեւհետեւ կանդրադառնա իր նոր` "Ֆոտոռեպորտաժ" բաժնում, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացված կլինեն մեր երկրում, ինչպես եւ արտերկրում տեղի ունեցող ամենաբազմազան երեւույթներ, միջոցառումներ եւ այլն:
"Արմեդիա" ՏՎԳ-ն հանրությանն է ներկայանում ինչպես www.armedia.am էլեկտրոնային էջի, այնպես էլ "Երեւան" հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող "Հայացք աշխարհին" հաղորդաշարի եւ "Հայացք աշխարհին. հավելված" թողարկումների միջոցով:
Տարբեր տեսանկյուններից անդրադառնալով միջազգային կյանքին` "Հայացք աշխարհին" հեռուստածրագիրը փորձում է իր հյուրերի միջոցով տեղեկացվածության առավել բարձր մակարդակ ապահովել: Հաղորդաշարի գոյության մեկ տարվա ընթացքում մեր հյուրերի շարքում են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պետական բարձր պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ եւ այլն:
"Հայացք աշխարհին" (21.08.2010) հաղորդումը վարում է Աննա Բալյանը:
"Արմեդիա" ՏՎԳ "Հայացք աշխարհին" հեռուստածրագիրը նոր եթերաշրջանում հանդես է գալիս նոր հաղորդավարներով. հաղորդումները կվարեն Աննա Բալյանը եւ Աննա Նազարյանը: Իսկ հաղորդաշարի մեկնաբան, "Արմեդիա" ՏՎԳ վերլուծաբան Տիգրան Պետրոսյանը նրանց կմիանա որոշ ժամանակ անց` Բեռլինի Ֆրայ համալսարանի "Միջազգային ժուռնալիստիկա" ծրագրի շրջանակում Գերմանիայի առաջատար լրատվամիջոցներում մասնագիտական որակավորումը կատարելագործելուց հետո:
Հաղորդման հյուրն է
Գագիկ Հարությունյանը ("Նորավանք" գիտակրթական հիմնադրամի տնօրեն)
Հաղորդման հյուրն է
Ստեփան Գրիգորյանը ("Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության" կենտրոնի տնօրեն)
"Արմեդիա" ՏՎԳ-ն Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ պատրաստել է նաեւ նոր` "Իրական քաղաքականություն" ("Realpolitik") հաղորդաշարը, որի անդրանիկ թողարկումը ապրիլի 26-ին էր:
"Իրական քաղաքականություն" ("Realpolitik") հաղորդաշարն անդրադառնում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, հարաբերություններին հարեւանների եւ ուժային կենտրոնների հետ: Հաղորդումն անդրադառնում է նաեւ դիվանագիտական գործիքների` ներառյալ խորհրդարանական եւ ժողովրդական դիվանագիտության օգտագործման հնարավորություններին:
"Արմեդիա" ՏՎԳ "Իրական քաղաքականություն" ("Realpolitik") հեռուստածրագրի արտահերթ թողարկման (18.08.2010) հյուրն է Սերգեյ Լավրովը (ՌԴ ԱԳ նախարար):
"Իրական քաղաքականություն" ("Realpolitik") հաղորդաշարը եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերությամբ յուրաքանչյուր երկուշաբթի` 22:30:
"Հայացք աշխարհին" եւ "Իրական քաղաքականություն" ("Realpolitik") հեռուստածրագրերի վերջին երկու թողարկումներին, ինչպես նաեւ արտահերթ թողարկումներին, ոչ հստակ պարբերականությամբ հեռարձակվող "Հայացք աշխարհին. հավելված"-ներին, "Արմեդիա" ՏՎԳ այլ տեսանյութերի, ֆիլմերի կարելի է ծանոթանալ գործակալության էլեկտրոնային էջի "TV" բաժնում: Մեր որոշ հեռուստահաղորդումներ հեռարձակվում են նաեւ Վատիկանի Telepace հեռուստաընկերության Telepace Armenia հեռուստաժամի կողմից:
Մեր առօրյան. գովազդի պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյանն ու կայքի պատասխանատու Արշակ Հովհաննիսյանն աշխատանքային քննարկման ժամանակ
Ի դեպ, հասարակությանն առավել հետաքրքրող երկրները եւ կառույցները "Արմեդիա" ՏՎԳ-ն ներկայացնում է ինչպես ինտերնետային էջով, այնպես էլ առանձին հաղորդաշարերի միջոցով (օրինակ` Իտալիային եւ Մեծ Բրիտանիային նվիրված հաղորդաշարերը ներկայացվել են "Եվրոպական օրագիր" հեռուստածրագրում, այժմ Գերմանիային, ՆԱՏՕ-ին Ղազախստանին, ինչպես նաեւ
"Արմեդիա" ՏՎԳ հեղինակային խումբը Ղազախստանում:
Ֆրանսիային վերաբերող շարքերը եթեր են հեռարձակվում "Հայացք աշխարհին" հեռուստածրագրով):
2007թ.-ից մինչեւ 2008թ.-ի հուլիս "Արմեդիա" ՏՎԳ-ն հրատարակել է "Արմեդիա տպագիր" շաբաթաթերթը, ինչը որոշակի փորձ էր` հասկանալու գործակալության հնարավոր գործունեությունն այս ձեւաչափով, պատկերացնելու տպագիր տարբերակի զարգացման հեռանկարները: Այժմ գործակալության ղեկավարությունն ամփոփում է արդյունքները:
Առաջիկայում պարզ կդառնա "Արմեդիա տպագիր" շաբաթաթերթի շարունակականության հարցն ու ձեւաչափը: Բացի այդ, գործակալությունը պատրաստվում է առավել ընդլայնել գործունեությունը` էլեկտրոնային էջի անգլերեն եւ ռուսերեն տարբերակների ներմուծման, ինչպես նաեւ ռադիոթողարկումների միջոցով:
"Արմեդիա" ՏՎԳ-ի այսօրվա գործունեությունը հնարավոր է շնորհիվ անձանց, որոնց մտահղացումներն ու դրանց իրականացման համար ներդրված ջանքերն ապահովեցին կառույցի գոյությունը: Գործակալության աշխատակիցներից ոմանք այժմ չեն մասնակցում
"Արմեդիայի" առօրյա գործունեությանը, սակայն նրանց ներդրումը կառույցի կայացման գործում արժանի է մշտական երախտագիտության:
Գործակալության առօրյա գործունեությունն ապահովում են "Արմեդիա" ՏՎԳ-ի փորձառու լրագրողները եւ վերլուծաբանները, որոնք իրենց մասնագիտական հմտությունները մշտապես կատարելագործելու, մեր տեսակետները միջազգային հանրությանը լսելի դարձնելու հնարավորություն ունեն նաեւ միջազգային բազմաթիվ խորհրդաժողովների, համաժողովների, սեմինարների միջոցով:
Հայկուհի Կաթրջյան` "Արմեդիա" ՏՎԳ փոխտնօրեն
"Արմեդիա" ՏՎԳ-ն հատուկ թղթակիցներ ունի ԼՂՀ-ում, ինչպես նաեւ արտերկրում` Իտալիայում, Իսպանիայում եւ այլն:
Արտերկրի հետ գործակալության կապերի հաստատման եւ ամրապնդման հարցում կարեւոր նշանակություն ունի "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը, որի առավել հարուստ ու երկարատեւ փորձը ծառայում է ի նպաստ "Արմեդիայի" արդյունավետ գործունեության:
Անահիտ Դանիելյան`
ԼՂՀ-ում "Արմեդիա" ՏՎԳ հատուկ թղթակից
"Արմեդիա" ՏՎԳ-ի վստահ գործունեությանն իրենց նպաստն ունեն նաեւ կառույցի մյուս գործընկերները, որոնց թվում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Ղազախստանի դեսպանությունները, Բրիտանական Խորհուրդը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, Վատիկանի Telepace հեռուստաընկերության Telepace Armenia հեռուստաժամը եւ այլն: Երախտագիտություն հայտնելով վերջիններին` "Արմեդիա" ՏՎԳ-ն պատրաստակամ է ընդլայնել եւ առավել հարստացնել իր համագործակցության ցանցը:
"Արմեդիա" ՏՎԳ-ն չի պատրաստվում սահմանափակվել նշված ձեռքբերումներով` հույս ունենալով առաջիկայում առավել ընդգրկուն եւ բազմազան դարձնել գործունեության ոլորտները: Նախանշվող մեր բոլոր ծրագրերի եւ նորամուծությունների մասին տեղեկատվություն կարող եք գտնել մեր էլեկտրոնային էջի "Մեր մասին" բաժնում, որը պարբերաբար կվերանայվի եւ կհավելվի:
"Արմեդիա" ՏՎԳ տնօրենի օգնականներ Իզաբելլա Բարխուդարյան
եւ Լիլիա Ամիրխանյան
Եվ, իհարկե, յուրաքանչյուր կառույցի զարգացման գրավական է մշտական կապը ֆոկուսային խմբի, մեր դեպքում` մեր ընթերցողի եւ հեռուստադիտողի հետ: Ուստի ակնկալում ենք մեր գործունեության վերաբերյալ ինչպես Ձեր խրախուսական, այնպես էլ քննադատական արձագանքները info@armedia.am էլեկտրոնային հասցեով: Ակնկալում ենք հետադարձ ակտիվ կապ, ուրախ կլինենք դիտարկել նաեւ Ձեր առաջարկները:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
"Արմեդիա" ՏՎԳ ծրագրերը նշանավորվել են ոչ միայն նոր գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերումներով, այլեւ` հաճելի հիշողություններով: Նման դեպքերում նույնիսկ սաստիկ քամին չիջեցրեց աշխատակիցների տրամադրությունը:
Մի օր Քարահունջում....
Մեր լրագրողների յուրաքանչյուր գործուղում, բացի աշխատանքային ձեռքբերումներից, առանձնանում է նաեւ հետաքրքիր դեպքերով: Օրինակ` կարելի է աշխատանքն ընդմիջել շատ հաճելի զբոսանքով:
Հիշողություններ Քաշմիրից...
Անհնար է լինել Սանահինի վանքում եւ չհամտեսել հարեւանությամբ բնակվող կանանց թխած լավաշը: Իսկ ցանկության դեպքում նրանք պատրաստ են նույնիսկ ծանոթացնել ավանդական լավաշի պատրաստման եղանակին:
Մինչ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում կնախապատրաստվեին "Արմեդիա" ՏՎԳ կողմից անցկացվելիք սեմինարին, մեր աշխատակիցները հասցրեցին ուսումնասիրել մոտակա պուրակը, որը, ի դեպ, բավական ինքնատիպ էր, քաղաքի բնակիչների կողմից պատրաստված բազմաթիվ քանդակներով:
Քարին պատկերված է մոր եւ մանկան քանդակ
Ծրագրերից մեկի իրականացման ժամանակ մեր գործակալության հեղինակային խումբը այցելեց Օձունի եկեղեցին, որը համարվում է առաջին դարի քրիստոնեական սրբավայր: Եկեղեցու քահանան պատմեց այն մասին, որ Օձունի եկեղեցում կա 5 տեսակի խաչ, 4-րդ դարի շուրջ 25 քանդակ, որոնք համաշխարհային մեծ արժեք ունեն, ինչպես նաեւ Աստվածամոր երկու քանդակ, ճախրող հրեշտակը, խաղողի որթը եւ Տրդատ երրորդի քանդակը:
Օձունի վանք
Աստանայի խորհրդանիշը համարվող Բայտերեկ կոչվող աշտարակի գնդում է գտնվում Ալականը` անկախ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի աջ ձեռքի ոսկյա դաջվածքը: Ցանկացած մարդ կարող է իր ձեռքը դնել այդ դաջվածքի վրա` ասես բարեւելով նախագահին, որն արտահայտում է պետության ու նրա քաղաքացիների հոգատար եւ սրբազան վերաբերմունքը խաղաղ կյանքի, բարեկամության ու համաձայնության նկատմամբ:
Ողջո'ւյն, պարո'ն Նազարբաեւ...
Մաքուր օդն ու գետի անընդհատ խշշոցը կատարյալ հանգստի անհրաժեշտ պայմաններից են: Ընդամենը երեսուն րոպե նման պայմաններում, եւ ամեն ինչ կարելի է սկսել նոր ուժերով: Աշխատանքային գործուղումներին նման մոտեցում է դրսեւորում լրագրող-վերլուծաբան Տիգրան Պետրոսյանը:
Ս~-ս~-ս~, կարող եք արթնացնել...
Բեռլին կատարած այցերից մեկը համընկավ Ծննդյան տոներին: Ամենուր ամանորյա տոնավաճառ, անցուդարձ: Գտնվել նման միջավայրում ու ծայրահեղ դրականորեն չլիցքավորվել գրեթե անհնար է:
Գնումներ, անվերջ գնումներ...
Անապատը միշտ էլ հիացրել է իր խորհրդավորությամբ ու անվերջ պատմվող պատմություններով...
Լրագրող Աննա Կարապետյանը վայելում է անապատի հանելուկային գեղեցկությունը:
"Արմեդիա" ՏՎԳ լրագրող Աննա Կարապետյանը Դուբայում
"Արմեդիա"-ի "ՆԱՏՕ. հեռու եւ մոտ" ծրագրի շրջանակներում իրականացված հարցազրույցների մի մասն անցկացվում էին ՆԱՏՕ-ի գրասենյակի տաղավարներում: Իսկ մինչ հյուրերը կժամանեն...
Լրագրող Ռոբերտ Ղազինյանը սպասում է հաջորդ հյուրին...
Ֆրանսիա կատարած այցի ժամանակ "Արմեդիա" ՏՎԳ հեղինակային խումբը ականատես եղավ նաեւ գովազդային մի հոլովակի նկարահանման: Ֆոտոմոդելը դեմ չէր նկարվել նաեւ մեր գործակալության համար...
Սիրով` "Արմեդիա" ՏՎԳ-ին
"Արմեդիա" ՏՎԳ-ն` ներկայացվող նյութերով եւ հոդվածներով, անդրադառնում է ոչ միայն արտաքին քաղաքական ոլորտին, այլեւ ակտիվորեն լուսաբանում է ներքին մշակութային-հասարակական կյանքը: Նման միջոցառումներից մեկին է շտապում լրագրող Մանե Մարգարյանը:
Պետք է հասցնել
Իրականում Եվրոպական դատարանի դահլիճի գորգին չի կարելի կանգնել, սակայն... Նկարում "Արմեդիա" ՏՎԳ գովազդի պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյանն է Ստրասբուրգ կատարած այցի ժամանակ:
Երբեմն արգելված պտուղը քաղցր է...
Հայտնի երգում ասվում է, որ արեգակին պետք է հեռվից նայել: Բայց, եթե ցանկությունն իսկապես մեծ է, կարելի է այն պահել սեփական ափերի մեջ: "Արմեդիա" ՏՎԳ տնօրենի օգնական Իզաբելլա Բարխուդարյանն այդ ուղղությամբ արեց հնարավոր ամեն ինչ:
Պահը ֆիքսված է...
"Արմեդիա" ՏՎԳ 12.08.2010
2010-09-03 19:30:35 ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ... ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ... ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ... ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...