Ինչպես եւ խոստացել էինք, ի հավելումն
ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ հոդվածի ` սույն հոդվածով կփորձենք ներկայացնել Չինաստանի եւ Ճապոնիայի վարած հակաճգնաժամային քաղաքականությունները: Հիշեցնենք, որ սույն հոդվածը մեկն է վերլուծական նյութերի շարքից` վերաբերող համաշխարհային տնտեսությանը սպասվող նոր մարտահրավերներին (շարքի առաջին նյութն էր
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ. ՀԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ, ՆՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ):
Որպես ներկայացվող շարքի ամփոփում` կփորձենք պարզաբանել հնարավոր նոր վտանգների պատճառները` սպառնացող ինչպես համաշխարհային տնտեսությանը, այնպես էլ Հայաստանին` որպես առանձին տնտեսական սուբյեկտի:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2008թ.-ին սկիզբ առած ֆինանսական ճգնաժամի սկզբից եւեթ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց Չինաստանի տնտեսությունը: Դա իհարկե ունի որոշակի տրամաբանություն. Չինաստանն իր տնտեսական զարգացման տեմպերով, ինչպես նաեւ տնտեսավարման իր յուրօրինակ մեթոդներով, շատերի կարծիքով, կարող է համաշխարհային հանրությանն առաջարկել ճգնաժամից դուրս գալու "իսկական դեղատոմս": Դա մեծապես բխում է այն հանգամանքից, որ Չինաստանն այն բացառիկ երկրներից էր (եթե ոչ միակը), որը ճգնաժամի պայմաններում գրանցեց տնտեսական աճ, ինչը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական շուկային համեմատաբար առավել քիչ ինտեգրացվածության մակարդակով: Այնուամենայնիվ, ճգնաժամի հետեւանքներն այստեղ եւս նկատելի էին:
|
Չինաստանի Պետխորհրդի կողմից ընդունված ծրագիրը` ուղղված Ճգնաժամի ընդլայնման դեմ, ուներ տասը ուղղություն, որի իրականացման համար կառավարությունը դուրս էր գրել 4 տրիլիոն յուան (590.069 մլն դոլար): Առաջնահերթ ուղղություններն էին գյուղատնտեսությունը, շինարարական ենթակառուցվածքները, բարձր տեխնոլոգիաները: Համաձայն
|
.jpg) |
չինական կառավարության` այս ոլորտները կարող են իրենց հետ "քաշել" տնտեսությունն ամբողջությամբ եւ կմեծացնեն ներքին պահանջարկը: Ծրագրին զուգահեռ` Չինաստանում իջեցվեցին Ազգային բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքները մինչեւ տարեկան 3%-ի: Առեւտրային բանկերի կողմից միջին տոկոսադրույքը կազմում է 5.58%, ինչը ստեղծում է Չինաստանի Պետխորհրդի վերոնշյալ ծրագրի իրականացման համար բարենպաստ պայմաններ: Ինչ վերաբերում է առեւտրի ոլորտին, ապա դեռեւս 2007թ.-ից Չինաստանը կրճատել էր արտաքին առեւտրի եւ արտահանման ծավալները, մասնավորապես արտաքին առեւտուրը ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների հետ: Փոխարենը մեծացել են առեւտրի ծավալները Շանհայյան համագործակցության կազմակերպության անդամ-երկրների հետ, մասնավորապես էներգառեսուրսների ներկրումն ու վերջնական սպառման ապրանքների արտահանումը: Հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար չինական կառավարությունը ձեռնամուխ եղավ ենթակառուցվածքների զարգացմանը, որը մեծամասամբ արտահայտվեց բնակչության մեծ մասին գյուղական բնակավայրերում կենտրոնացնելով:
Փաստորեն, Չինաստանի վարած հակաճգնաժամային քաղաքականությունն ավելի շուտ ճգնաժամը կանխարգելող բնույթի է եւ մինչ այժմ վերոթվարկյալ բոլոր երկրների վարած քաղաքականություններից ամենաարդյունավետն է:
Ճապոնիա
Որքան էլ զարմանալի է, ճգնաժամի հետեւանքով ասիական երկրներից ամենաշատը տուժել է տարածաշրջանի ամենազարգացած տնտեսություն ունեցողը` Ճապոնիան: Դա հիմնականում բացատրվում է այն հանգամանքով, որ հանդիսանալով ասիական երկիր` արդեն բավական ժամանակ է, ինչ Ճապոնիան գտնվում է աշխարհի զարգացած երկրների շարքում եւ ուղղակի կապվածություն եւ կախվածություն ունի կապիտալիստական զարգացած տնտեսություններից: Ուստի այստեղ եւս համակարգված հակաճգնաժամային քաղաքականությունը, մեղմ ասած, ավելորդ չէր լինի:
Ճապոնական կառավարության կողմից առաջնահերթ ուղղություններ հանդիսացան սոցիալական օժանդակությունն ու բարձր զբաղվածության ապահովումը` համարելով այդ երկու ցուցանիշները ճգնաժամի հետեւանքների խորացման հիմնական խթանիչներ: Երկրորդ կարեւոր ուղղություն է հանդիսացել մի քանի խոշոր ֆինանսական սուբյեկտների` որպես ֆինանսավարկային համակարգի շարժիչ ուժերի օժանդակության տրամադրումը:
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի վարած հակաճգնաժամային քաղաքականությունը ներառում է հետեւյալ ուղղությունները`
- օժանդակություն ֆինանսական ինստիտուտներին,
- օժանդակություն մեծ, փոքր եւ միջին բիզնեսին,
- օժանդակություն ճապոնական ընկերությունների կողմից իրականացվող միջազգային ծրագրերին,
- հատուկ Կորպորացիայի ստեղծում, բանկային վատ ակտիվների գնման եւ հետագա ընդլայնման համար,
- ֆոնդային շուկաների մասսայական ֆինանսական օժանդակություն,
- հարկահավաքման մեխանիզմի որոշակիացմանը զուգահեռ` կազմակերպությունների գործունեության եւ հաշվապահական հաշվետվությունների առավել թափանցիկության սահմանում,
- հիփոթեքային վարկավորման ընդլայնում,
- ակտիվ վարկավորում այն երկրներին (հիմնականում ասիական), որտեղ գործում են ճապոնական կազմակերպություններ,
- հարկային նոր մեխանիզմի հաստատում, ինչպես նաեւ որակի կառավարման ոլորտի զարգացում:
Ճապոնական հակաճգնաժամային քաղաքականության արդյունքները կառավարության կանխատեսումներով արդեն նկատելի պիտի լինեն 2010թ. վերջում:
 |
Ճապոնական հակաճգնաժամային միջոցառումներն ամփոփ կարելի է ներկայացնել երեքփուլանոց փաթեթի տեսքով: Առաջին փուլում իրականացվեցին միջոցառումներ` տնտեսական անկումն ու ճգնաժամի խորացումը կանխարգելող, երկրորդ փուլում`
|
ներդրումային քաղաքականության իրականացում տնտեսական սկզբնական վերականգման համար, երրորդ փուլում (ընդգրկում է մինչեւ 2010թ. վերջը)` տնտեսական արագ աճի ապահովում` արտահանման, նոր ապրանքների եւ ծառայությունների հաշվին:
Հակաճգնաժամային քաղաքականության միջազգային փորձի ներկայացումը փորձենք սահմանափակել այսքանով: Եթե ամփոփ ներկայացնենք, ապա ԱՄՆ-ի մոտ նկատվեցին պետական միջոցների լայն սպառում տնտեսական վերականգման ուղղությամբ: Այս իմաստով` ԱՄՆ-ի վարած քաղաքականությանն առավել մոտ է ՌԴ-ի քաղաքականությունը, մեկ տարբերությամբ` ՌԴ-ում ակտիվ ներգործություն կա շուկայական ենթակառուցվածքների ստեղծման եւ հետագա զարգացման ուղղությամբ: Եվրամիության եւ Չինաստանի դեպքում խնդիրը փաստորեն դրված է լրիվ այլ կերպ: Առաջինի դեպքում ճգնաժամն ավելի խորքային է, քանի որ, ըստ էության, այն կրկնապատկվում է` հաշվի առնելով ԵՄ անդամ-պետությունների տնտեսությունների զարգացվածության տարբեր մակարդակները: Չինաստանի դեպքում խնդրո առարկա է ավելի շուտ ճգնաժամը կանխարգելելը, քան դրա դեմ պայքարը: Մեր կողմից հավելենք, որ Չինաստանն ավելի շատ օգուտներ քաղեց ճգնաժամային իրավիճակից (հաշվի առնելով դոլար-յուան
"պատերազմը"): Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա ցուցաբերելով բարձր ինտեգրացվածություն համաշխարհային տնտեսությանը` Ճապոնիան վստահորեն կարելի է դասել "ճգնաժամից տուժածների" շարքում: Դա է վկայում նաեւ վերջինիս կառավարության վարած բազմակողմանի հակաճգնաժամային միջոցառումները:
Վերադառնանք մեր կողմից ի սկզբանե առաջադրված հարցադրումին`
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ. ՀԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ, ՆՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Սպասվո՞ւմ է արդյոք աշխարհին նոր տնտեսական պայթյուն թե՞ ոչ: Ե'ւ "այո", ե'ւ "ոչ" պատասխաններն այս դեպքում կարելի է ներկայացնել որոշակի հիմնավորումներով: Այո, որովհետեւ համաշխարհային այս ճգնաժամի առաջացման պատճառները հայտնի են բոլորին, ուստի դրանց դեմ կիրառվող քայլերը հստակ են, եւ, ինչպես ցույց են տալիս առանձին երկրների կողմից գրանցված տնտեսական աճի ցուցանիշները, նաեւ հաջողված: Ոչ, քանզի տնտեսական աճի ցուցանիշն ամբողջապես չի բնութագրում տնտեսական ցիկլի վերելքի հատվածը: Ուստի մենք այսօր չենք կարող վստահ ասել, որ շնորհիվ հակաճգնաժամային միջոցառումների` համաշխարհային տնտեսությունն ամբողջապես հաղթահարել է ճգնաժամը:
2008թ. ճգնաժամն իր խորությամբ նման է 1930-ականների Մեծ դեպրեսիային: Երկու դեպքում էլ տնտեսությունները խորապես տուժեցին եւ վերականգնողական աշխատանքները երկար ձգվեցին, երկու դեպքում էլ ճգնաժամն առաջացավ Միացյալ Նահանգներում: Արդեն ապացուցված փաստ է, որ Մեծ դեպրեսիան մի քանի ամերիկյան խոշոր ընկերությունների նախաձեռնությունն էր: Կլինի՞ այդ երրորդ նմանությունը երկու ճգնաժամերի միջեւ թե ոչ, ցույց կտա ժամանակը: Մի բան, սակայն, հստակ է. բոլոր ճգնաժամերն ինչ-որ ժամանակ ավարտվում են` տալով տնտեսություններին զարգացման նոր թափ, ակտիվություն եւ, ի վերջո, հանդիսանալով նորարարությունների հիմնական խթաններից մեկը:
Հայաստանի Հանրապետություն
|
2009թ. սկզբին` բյուջեի հաստատման ընթացքում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որը ներառեց ՀՀ հակաճգնաժամային միջոցառումների ամբողջությունը: Փաստորեն հաստատվեց հակաճգնաժամային հայաստանյան քաղաքականությունը:
|
.jpg) |
Հաշվի առնելով վարչապետ Սարգսյանի ելույթը` ՀՀ հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում ոլորտային առաջնահերթությունը տրվեց`
- գյուղատնտեսությանը. պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո նոր ներդրումային ծրագրերի իրականացում,
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին. նոր խթանների ապահովում,
- շինարարության ոլորտին. աղետի գոտում 77 մլրդ դրամի (250 միլիոն դոլարի) շինարարության իրականացում, դպրոցաշինության մեջ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրում,
- ճանապարհաշինությանը. նոր նախագծերի իրականացում, այդ թվում` Ասիական բանկի օժանդակությամբ Մեղրի-Բաթումի ավտոմայրուղու կառուցման նախաձեռնում,
- էներգետիկային. տարածաշրջանային նշանակություն ունեցող նոր նախագծերի իրականացում:
ՀՀ հակաճգնաժամային միջոցառումներն ընդգրկեցին սոցիալական հետեւյալ առաջնային ոլորտները`
- սոցիալական բոլոր պարտավորությունների ժամանակին եւ ամբողջական ծավալով իրականացում,
- հանրային աշխատանքների ծավալների կտրուկ ընդլայնում,
- մատչելի բնակֆոնդի ձեւավորում,
- էժան հիփոթեքային համակարգի ձեւավորում,
- ժողովրդագրական ծրագրերի իրականացում:
Վերջին երկու տարիներին ՀՀ կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում վարկային միջոցներ են տրամադրվել ՓՄՁ ոլորտին (50 մլն դրամ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից, 500 մլն դոլար վարկային ռեսուրսներ ՌԴ-ից, 85 մլն դոլար Համաշխարհային բանկից), հիփոթեքային վարկավորման ուղղությամբ կատարվել են վարկերի տրման պայմանների մեղմացում (պետության կողմից 10-15 տարի մարման ժամկետով անտոկոս փոխառության տրամադրում` հիպոթեքային վարկի կանխավճարի համար պահանջվող գումարի 30 տոկոսի չափով, իսկ երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում յուրաքանչյուր երեխայի համար եւս տասը տոկոս), պետության կողմից հիփոթեքային վարկի տոկոսի մասնակի սուբսիդավորում: Հայաստանի վարկային "պորտֆելը" մեծացել է նաեւ ԱՄՀ-ից Մատչելի վարկավորման շրջանակներում ներկրված ֆինանսական միջոցները (
392 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՄՀ-ԻՑ ):
Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումների մեծ մասը երկարաժամկետ միտումներ հետապնդող բնույթի են, ուստի դրանց արդյունավետությունը եւս պարզ կդառնա ժամանակի ընթացքում: Համենայն դեպս, այսօր արդեն Հայաստանի Հանրապետության Կառավարությունը պաշտոնապես գրանցել է 6.7 % տնտեսական աճ...