ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ՄԱՍ I
Եթե ընտրության առջեւ կանգնած լինեմ`
ունենալ կառավարություն առանց ԶԼՄ-ների,
թե ԶԼՄ-ներ առանց կառավարության,
ես առանց տատանվելու կնախընտրեմ երկրորդը:
Թ. Ջեֆերսոն
Անվիճելի է ԶԼՄ-ների դերը յուրաքանչյուր երկրի հիմնախնդիրների լուծման համար ուղիներ որոնելու, իշխանությունների ուշադրությունը այդ խնդիրների վրա սեւեռելու, այդ մասին հասարակությանը տեղեկացնելու եւ հետեւաբար նրան ակտիվացնելու, պասիվ անտարբեր վիճակից հանելու համար: Սակայն այդ առաքելությունն ավելի է կարեւորվում պատմականորեն շրջադարձային իրավիճակներում:
ԶԼՄ-ների նշանակությունը հետկոնֆլիկտային իրավիճակներում եւ ժողովրդավարացման գործընթացներում միջազգային կազմակերպությունների գնահատմամբ որոշիչ է: Դրա լավագույն վկայությունն այն է, որ միջազգային դոնոր կազմակերպությունների "պետության զարգացման ծրագրին" ուղղված ֆինանսական փաթեթի նշանակալի մասը կազմում են հատկապես լրատվամիջոցներին հատկացվող գումարները:
Նշեմ միայն, որ 1990թ.-ից սկսած` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Սովետական Միության երկրներում ԶԼՄ-ների զարգացումը խթանելու նպատակով միջազգային դոնորների կողմից 700 մլն դոլար է հատկացվել:
Այս առումով Կոսովոն բացառություն չդարձավ, եւ ՀԿ-ների ֆինանսավորմանը զուգահեռ` ԶԼՄ-ները ստանձնեցին երկրի անկախության կայացման պայքարում առաջամարտիկի դերը:
Դոնոր կազմակերպությունները շահագրգիռ էին Կոսովոյում անկախ եւ բազմատեսակ լրատվական միջոցների տարածման մեջ: Բացի զուտ տեղեկատվական գործառույթից` ԶԼՄ-ները ունեն ունկնդիրների եւ ընթերցողների ավելի լայն լսարան, մեծ էր ներգործությունը հասարակական կարծիքի ամբողջական կուրսի ձեւավորման վրա: ԶԼՄ-ները նպատակ ունեին քաղաքական վերակառուցման եւ միջէթնիկական հաշտեցման ջատագովը դառնալու: Ի հավելումն սրա` ԶԼՄ-ների միջոցով հնարավոր էր դառնում համաշխարհային հանրությանը տեղեկացնել եւ Կոսովոյում տեղի ունեցող ներքին գործընթացներին մասնակից դարձնել:
ԶԼՄ-ները նախապատերազմյան եւ հետպատերազմյան շրջանում
1989թ Հարավսլավիայի սոցիալիստական ռեժիմի առկայության պարագայում տրամաբանական է, որ ԶԼՄ-ների գործունեությունը գրաքննվում էր, իսկ անկախ աղբյուրներից որեւէ տեսակի տեղեկատվության ձեռքբերումն անհնարին էր:
1990-ականներին ալբանալեզու միակ թերթը "Բուժկու"-ն էր, ու չնայած հետագայում եւս մի քանի ալբանալեզու օրաթերթեր լույս տեսան, սակայն դրանք նույնպես գտնվում էին սերբական իշխանությունների հսկողության ներքո: Այդ ժամանակաշրջանում Կոսովոյի միակ հանրային հեռարձակողը` "Պրիշտինայի Ռադիոն եւ Հեռուստատեսությունը", որի ալբանազգի աշխատակազմը ազատվել էր աշխատանքից 1990-ականներին, շատ ցածր վարկանիշ ուներ ալբանացիների շրջանում: Ալբաներեն մասնավոր հեռարձակողի գործունեությունն արգելված էր: Ալբաներեն լեզվով նորությունները, օրական 2-ժամյա հաղորդմամբ, հեռարձակվում էին արտասահմանից Եվրոպայի ազատ ռադիոյով եւ արբանյակային ալիքով:
Պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ միջազգային կազմակերպությունները հաստատվեցին տարածաշրջանում որպես լիիրավ կառույցներ, մյուս սեկտորներին զուգահեռ` ԶԼՄ դաշտը ընկալվեց որպես պետության անկախության գործընթացին սատարող կարեւորագույն օղակ եւ հայտնվեց դոնոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Ի դեպ, 1945թ. Գերմանիայից եւ Ճապոնիայից հետո միջազգային հանրությունը երբեւէ այսպիսի լայնածավալ ուժեր չէր ներդրել ողջ լրատվական դաշտը վերակառուցելու համար: 1998-2004թթ.-ին Կոսովոյի լրատվական դաշտին 36 մլն եվրոյից ավել ֆինանսական օգնություն է տրամադրվել:
Ահա ԶԼՄ սեկտորի այն թիրախային ոլորտները, որոնց ուղղվում էին միջազգային կազմակերպությունների ֆինանսները`
լրագրողների մասնագիտական մակարդակի բարձրացում (թրեյնինգներ, սեմինարներ, դասընթացներ, տեսական եւ գործնական պարապմունքներ),
էլեկտրոնային եւ պարբերական մասնավոր լրատվամիջոցի հիմնում,
արդյունավետ բիզնես կառավարում,
նորագույն սարքավորումների ձեռքբերում,
ԶԼՄ օրենսդրական դաշտի բարեփոխումներ,
քաղաքական ուժերի դերակատարում (օրենքի պարտադրման մեխանիզմներ, քաղաքական էլիտա, դատարաններ),
հասարակություն (փոքրամասնություններ, սոցիալ-մշակութային ժառանգություն, ազգային նկարագիր, ազգային գաղափարախոսության դրսեւորում):
Եթե ընդհանրացնելու լինենք վերը թվարկված թեմաները, կարելի է ԶԼՄ-ների զարգացմանն ուղղված այս բազմավեկտոր գործընթացը բաժանել երկու մեծ, փոխլրացնող մասերի, որոնք առանց իրար գործելու ընդունակ չեն:
Առաջին տարրը հենց պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների գոյությունն է, որը ֆինանսական միջոցների առկայության դեպքում բացարձակ լուծելի խնդիր է: Այսպիսով` ԶԼՄ-ների, նրանց աշխատակիցների համար կազմակերպվող բազմաբնույթ թրեյնինգներն ու դասընթացները կխթանեն անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը: Մասնավոր համերկրային հեռուստա- եւ ռադիոընկերությունների հիմնումը, դրանց տեխնիկապես վերազինումը կստեղծի այն ազատ խոսքի ամբիոնը, որը հնարավորություն կտա խոսել անկախության գործընթացի, հասարակության մեջ առկա խնդիրների, ԵՄ ինտեգրացիայի եւ այլ թեմաների վերաբերյալ: Իսկ տպագիր մամուլին աջակցությունը հետաքննող լրագրության սկիզբը կդնի: Այս ամենը խթան կհանդիսանա լրատվական միջոցների վերածննդի համար:
Ավելի բարդ եւ ավելի ինտենսիվ ջանքեր պահանջող մասը ԶԼՄ-ներին սատարող ինֆրակառուցվածքի ստեղծումն ու ապահովումն է, միջավայր, որը թույլ կտա ԶԼՄ-ներին գործել անկախ դաշտում: Ցանկացած բնույթի թրեյնինգ ձախողման է դատապարտված, եթե ԶԼՄ դաշտում առկա չէ անկախ գործելու հնարավորությունը: Այս "բարենպաստ միջավայր" ասվածը իր մեջ ներառում է երեք կարեւորագույն ոլորտներ`
քաղաքական համակարգը` նախ օրենսդրական համակարգի առումով, ապա նաեւ վերահսկիչ մարմինների տեսակետից, որոնց միջոցով կառավարվում է ԶԼՄ-ների աշխատանքը,
տնտեսական ոլորտ, որտեղ կենտրոնական դերը պատկանում է գովազդատուներին, որը հնարավորություն կտա ֆինանսապես կենսունակ լրատվամիջոցներ ստեղծել,
հասարակությունը` իր բոլոր շերտերով. երրորդ դրույթի ներքո կարելի է հասկանալ սոցիալ-մշակութային կապերը, ընդհանուր հասարակության ընկալումը, որը կապված է ինչպես մենթալիտետի, այնպես էլ ընդհանուր կրթվածության մակարդակի հետ:
Կոսովոյի պարագայում, որտեղ դեռ թարմ են էթնիկ հակամարտության վերքերը, որտեղ առկա է կոռուպցիան եւ օլիգարխիկ համակարգը, որտեղ օրենքի գերակայությունը ամենացածր աստիճանի վրա է, այդպիսի միջավայրի ստեղծումը ավելի քան բարդ է:
Գրեթե մեկ տարի տեւեց ԶԼՄ դաշտի օրենսդրական հիմնաքարի ստեղծումը, եւ միայն 2000թ. ձմռանը Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր մարմինը հիմնեց "ԶԼՄ-ների Ժամանակավոր հանձնաժողով" (Temporary Media Commission-TMC), որի լիցենզիայի ձեռքբերումից հետո միայն այս կամ այն լրատվամիջոցը կարող էր գործել: Ի հավելումն դրա` մարմնին տրվեց ինչպես տպագիր մամուլում, այնպես էլ հեռարձակվող ԶԼՄ-ների շրջանում էթիկայի նորմերի պահպանման գործառույթը, բռնության համար տուգանք գանձելու գործառույթը, ինչպես նաեւ Կոսովոյի ամբողջ ԶԼՄ դաշտի ժամանակավոր կարգավորումը: Չնայած օրենքի համաձայն, այս մարմինը անկախ ու անկողմնակալ էր, սակայն վայելում էր ԵԱՀԿ-ի ֆինանսական աջակցությունը:
Հետագայում այս մարմնի շրջանակներում ստեղծվեց նաեւ մամուլի դատարանը, որը քննարկում էր այն բողոքները, որ ստացվում են մամուլի կողմից մասնագիտական վարքականոնը խախտելու դեպքում:
Մինչ այս կարգավորող մարմնի ստեղծումը, ողջ 1999թ. ընթացքում ալբանական ԶԼՄ դաշտում առկա վակուումը միջազգային կազմակերպությունների օգնությամբ լցվեց ալբանական հեռուստա- եւ ռադիոծրագրերով: Երեւան եկան մի շարք մասնավոր (մեծամասնությունը ուղղակի դրսի ֆինանսներով ստեղծված եւ աշխատող) ռադիո- եւ հեռուստաընկերություններ, որոնք նոր պայմաններում առանց ճնշումների կամ էթնիկական եւ լեզվական սահմանափակումների կարող էին գործունեություն ծավալել: Այնուամենայնիվ, ԶԼՄ-ների այս աննախադեպ տարածումը որոշ դիտորդների կողմից դիտվեց սխալ եւ վնասակար: ԶԼՄ դաշտը գերհսկվող ոլորտից անցում կատարեց դեպի ամենաթող, քաոսային լրատվական դաշտի:
Դաշտն անվերահսկելի էր դարձել այն պատճառով, որ պատերազմից անմիջապես հետո, երբ էթնիկ կոնֆլիկտը դեռ չէր մարել, պարբերական մամուլը տարբեր լրագրողների ձեռքում դարձել էր մյուսին վիրավորելու գործիք: Նրանք իրենց էթնիկ պատկանելությունը մասնագիտական էթիկայի կանոններից բարձր էին դասում:
Հետագայում մի շարք օրենքներ ընդունվեցին (Քաղաքացիական օրենքը զրպարտանք ու վիրավորանքի մասին, էթիկայի կանոնների պահպանման մասին, Պաշտոնական փաստաթղթերից օգտվելու թույլտվություն ունենալու մասին): Սակայն օրենքի իրագործման մեխանիզմները հստակ չէին, օրենքը չէր ներառում նաեւ ՄԱԿ-ի ժամանակավոր մարմինը, հասարակության շրջանում օրենքի մասին տեղեկացվածության մակարդակը ցածր էր, այսպիսով` հավելյալ ջանքեր էին անհրաժեշտ օրենքի գործելու համար:
Ակնհայտ է, որ ԶԼՄ-ների տնտեսական անկախությունը ոչ միայն երաշխավորն է անկախ մամուլի, այլեւ դրա նախապայմանը: Կոսովոյում ֆինանսական միջոցների սակավության, տեխնիկական հագեցվածության պակասի եւ դոնորների առկայության պայմաններում մամուլի անկախության եւ ազատության մասին խոսելը վաղ էր:
Միջազգային հանրության գործողությունները` ուղղված անկախ եւ պրոֆեսիոնալ ԶԼՄ դաշտի կայացմանը, մեծ թափով առաջ էին ընթանում: 1998-2004թթ. նրանց կողմից տրված ֆինանսական օգնությունը գերազանցում էր 36 մլն եվրոն: Այս միջոցների մեծամասնությունը ծախսվում էր հանրային լրատվամիջոցներին (RTK, KTTN) եւ երկու մասնավոր համերկրային հեռարձակողներին (KTV եւ TV21) ֆինանսավորելով: Այսպես` Եվրոպան ինչպես նաեւ Ճապոնիայի կառավարությունը շահագրգիռ էին հանրային հեռարձակողի` "Ռադիո-հեռուստաընկերություն Կոսովո"-ի (Radio-Television-Kosovo-RTK) ֆինանսավորմամբ, երբ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը ստեղծեց երկու մասնավոր համակոսովյան մրցակից հեռուստաընկերություններ` KTV եւ TV21: Արդյունքում մրցակցային հավասարակշռություն ստեղծվեց հանրային եւ մասնավոր սեկտորների միջեւ: Եվ եթե հանրային սեկտորի ֆինանսավորումը նվազեց 2002թ. սկսած, ապա մասնավոր լրատվամիջոցների սատարումը մնաց անփոփոխ:
Արձանագրենք, որ ֆինանսավորվում ստացող թե՛ մասնավոր, թե՛ հանրային լրատվամիջոցները ծածկում էին ամբողջ երկիրը` նպատակ ունենալով կլանել հնարավորինս մեծ հեռուստալսարան: Չէ՞ որ նպատակը հենց համազգային շարժումն էր, համազգային կարծիքը, համազգային մենթալիտետը:
Հասարակության ընկալումը, հասարակական կարծիքի վրա ազդող կրթական , սոցիալ-մշակութային եւ էթնիկական գործոնները նույնպես պետք է հաշվի առնվեին, քանի որ ԶԼՄ-ների արեւմտյան մոդելի պատճենումը Կոսովոյում ցանկալի արդյունքներ չէր տա:
Էթնիկ հակամարտությունը արտահայտվում էր սերբական եւ ալբանական մամուլի կողմից միմյանց նկատմամբ սուր քննադատությամբ, երկուստեք մեղադրանքներով եւ վիրավորանքներով: Հետպատերազմական Կոսովոյում մարտահրավեր էր մնում այնպիսի մամուլի կայացումը, որը հեռու էր էթնիկ անհանդուրժողականությունից, ինչը շատ լրագրողներ "հայրենասիրություն" էին կոչում:
Շարունակելի
Անի Գեւորգյան 29.07.2010
2010-09-03 19:30:35 ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ... ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ... ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ... ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...