Ռեյթինգային գործակալություններն ու համաշխարհային տնտեսությունը
Վերջին ժամանականերս հաճախ ենք տեղեկանում ռեյթինգային գործակալությունների մասին. S&P-ն նվազեցրել է ինչ-որ երկրի վարկային ռեյթինգը, Fitch-ն իջեցրել է այնինչ երկրի վարկային ռեյթինգը, Moodys’-ը երրորդ երկրի ռեյթինգները թողել նույն մակարդակի վրա… Սրան անմիջապես հետեւում է ֆինանսական շուկաների արձագանքը, որը կլինի բացասական կամ դրական` կախված գործակալության եզրակացությունից, ինչին էլ հետեւում են քաղաքական եւ փորձագիտական մեկնաբանություններն ու քննադատությունները: Այս գործընթացը տեւում է այնքան ժամանակ, մինչեւ որեւէ գործակալություն կհայտնի հերթական եզրակացությունը որեւէ երկրի ռեյթինգների մասին: Ու հետո գործողությունների շղթան կրկնվում է:
Ռեյթիգնային գործակալություն-ֆինանսական շուկաներ-տնտեսություն կապը կազմում է մի անընդհատ պարբերաշրջան, որի մասին ավելի հաճախ սկսեցին բարձրաձայնել 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, եւ որի շարունակականությունն ապահովում է ներկայիս եվրոպական պարտքային ճգնաժամը:
Հաշվի առնելով թեմայի արդիկանությունն ու մեր կողմից դրան ավելի վաղ ունեցած բազմաթիվ արձագանքները` փորձենք ներկայացնել` ի՞նչ կապ կա այդ երեք օղակների միջեւ, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ռեյթինգային գործակալությունները տնտեսության վրա, եւ, առհասարակ, ինչո՞ւ են այդքան մեծ նշանակություն տալիս որեւէ երկրի վարկային ռեյթինգներին:
Նախ ներկայացնենք վարկային ռեյթինգ կատեգորիան:
Վարկային ռեյթինգը արժեթուղթ թողարկողի վարկունակության գնահատման անկախ չափանիշ է, որի վրա հիմնվելով` ֆինանսական շուկաների մասնակիցները ընդունում են ֆինանսական որոշումներ:
Թողարկողի վարկային ռեյթինգի բավարար մակարդակը թույլ կտա առանց լրացուցիչ ծախսեր կատարելու գրավել ֆինանսական շուկայի ներկայացուցիչներին` ապահովելով մեծ ֆինանսական հոսքեր: Փաստորեն, թողարկողի վարկային ռեյթինգը ֆինանսական շուկայի մասնակցի համար հանդես է գալիս որպես յուրատեսակ երաշխիք:
Փորձենք դուրս գալ նեղ մասնագիտական բնութագրման շրջանակից` միանգամից նշելով, որ մեզ ծանոթ իրավիճակներում թողարկողի դերում հադես են գալիս պետությունները, որոնք պետական պարտատոմսեր են դուրս գրում, ֆինանսական շուկաների մասնակիցները մասնավոր ներդրողներն են: Թողարկողի` պետության վարկային ռեյթինգները որոշողներն այսօր միջազգային ռեյթինգնային գործակալություններն են` Standard & Poor's (S&P), Moody's եւ FitchRatings-ը: Գոյություն ունեն իհարկե այլ ռեյթինգային գործակալություններ, որոնք աշխատում են ազգային մակարդակում, սակայն շուկաների վրա մեծ ազդեցություն ունեն միայն այս երեք ամերիկյան գործակալությունները: Ինչո՞ւ:
Պատմական ակնարկ
Վերջին քսան տարիներն առանձնացան ռեյթինգային գործունեության ակտիվացմամբ: Եթե 80-ականների վերջերին գոյություն ունեին հաշվված թվով գործակալություններ, ապա այժմ դրանց թիվը գերազանցում է հարյուրը: Այնուամենայնիվ, ռեյթինգների "մշակույթը" սկիզբ է դրվել Միացյալ Նահանգներում` դարասկզբին լինելով զուտ ամերիկյան սեփականություն: Այն ժամանակ, երբ այդ երկրում թողարկողների համար լավագույն ռեյթինգների հասնելը սովորական գործ էր դարձել, Եվրոպայում եւ Ճապոնիայում ռեյթինգները ավելորդ "էկզոտիկա" էին, որոնք հասանելի էին միայն միջազգային գործունեության ծավալող խոշոր ընկերություններին:
Միայն 80-ական թվականների վերջում ռեյթինգային գործունեությունն աշխարհում սկսեց զարգանալ: Բայց արդեն կար ձեւավորված մշակույթ, կային աշխարհը "գրաված" երեք հիմնականները` S&P, Moody's եւ Fitch Ratings գործակալությունները:
Որոշ իմաստով` այսօր ռեյթինգնային մշակույթը դեռ շարունակում է մնալ ամերիկյան սեփականությունը` հադես գալով վերոնշյալ երեք հիմնական գործակալությունների ռեյթինգների տեսքով:
Ինչ է ստացվում. ռեյթինգային գործակալությունները որոշում են երկրների վարկային ռեյթինգները, այդ որոշումից ելնելով` իրենց հետագա գործողություններն են մշակում ներդրողները: Եվ բնական է, որ որքան ցածր լինեն երկրի վարկային ռեյթիգները, այնքան ներդրողները կխուսափեն այդ երկրի հետ “գործ ունենալուց”: Արդյունքում պասիվանում է երկրի ֆինանսական շուկան, իսկ քանի որ ֆինանսները ցանկացած տնտեսության արյունատար անոթներն են, պասիվանում է նաեւ ողջ տնտեսությունը: Ճգնաժամում հայտնված Եվրոպայի համար ֆինանսատնտեսական պասիվությունն ամենաանցանկալի ընթացքն է: Ահա եւ ռեյթինգային գործակալությունների առաջացրած իրարանցման բացատրությունը:
Հարց է առաջանում` որքա՞ն են այդ գործակալությունների հրապարակած ռեյթինգները օբյեկտիվ:
Կա փորձագետների մի խումբ, ովքեր կարծում են, որ ամերիկյան գործակալությունները ռեյթինգները կազմում են մակերեսային ուսումնասիրությունների հիմնա վրա: Ըստ նրանց` այդ գործակալությունները հիմնվում են իրենց միանշանակ չափանիշների վրա` առանց խորապես ուսումնասիրելու այս կամ այն երկրի ազգային տնտեսության առանձնահատկությունները:
Փորձագետների բարձրացրած խնդիրը եւս միանշանակ չէ. մի կողմից արտասահմանյան գործակալությունները մեկ ամսվա ընթացքում կարողանում են ռեյթինգ կազմել, բնական է, մակերեսային ուսումնասիրությունների արդյունքում: Առավել խորը ուսումնասիրությունների համար մեկ ամիսը բավարար չէ: Սրանով հաստատվում է փորձագետների մոտեցումը: Մյուս կողմից, սակայն, հայտնի է, որ ռեյթինգային գործակալությունների մշակույթը զարգացում ապրեց համաշխարհային գլոբալիզացիային համահունչ, մի երեւույթ, որը, մի շարք գործընթացներին զուգահեռ, ենթադրում է նաեւ տնտեսական ցուցանիշների ստանդարտացում: Այս համատեքստում գործակալությունների կողմից որոշակի ստանդարտներով եզրակացություններ կազմելն արդարացվում է:
Իսկ ո՞վ է ասել, որ այդ գործակալությունները չեն կարող "իրենց ուզած" ռեյթինգով պիտակավորել երկիրը կամ ֆինանսական մարմինը` ի շահ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճնշումների, ինչով էլ , ըստ էության, այսօր զբաղված են եվրոպական երկրների վրա կենտրոնացած գործակալությունները: Իհարկե կարող են, քանի որ չկան վերահսկող լծակներ,
որոնցով կարելի կլինի ճնշել վերջիններին, եթե ոչ բարձրաստիճան անձանց քննադատական ուղերձները, որոնք, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, այնքան էլ չեն հուզում նրանց:
Եվրոպացիներին մնում է երկու տարբերակ` կա՛մ ունենալ սեփական գործակալությունները, կա՛մ սեփական ֆինանսական շուկաներում զարգացնել աշխատաքային այնպիսի մշակույթ, որի համաձայն` ներդրողները որոշումների կայացման ժամանակ կհիմնվեն ոչ թե գործակալությունների ռեյթինգների, այլ սեփական փորձի ու գիտելիքների վրա: