"Իսրայելի պաշտպանական know how հանդիսացող "Երկաթյա գմբեթ" (Iron Dome) հակահրթիռային սարքն ապացուցեց իր բարձր արդյունավետությունը: Վերջինիս, սակայն, չի հաջողվել "հերմետիկ փակել" Իսրայելի բոլոր բնակավայրերը: Այդ իսկ պատճառով իսրայելցիների պաշտպանության հիմնական միջոցը, միեւնույն է, մնում է Թիկունքի ծառայության հրահանգներին ենթարկումը": Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Աշդոդ քաղաք իր այցելության ընթացքում:
Հիշեցնենք, որ 3-4 օր շարունակ իսրայելական քաղաքների վրա ավելի քան 140 հրթիռ է արձակվել, որոնց մի մասը թեւ խփվել է "Երկաթե գմբեթ" համակարգի կողմից, այնուամենայնիվ, հրթիռների մի մասը պայթել է հենց բնակելի տարածքներում:
Նեթանյահուն հանդիպման ժամանակ հայտնել է "Երկաթյա
գմբեթի" 4-րդ սարքավորման ստեղծման մասին եւ կրկին հորդորել քաղաքացիներին հետեւել բոլոր հրահանգներին: Նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նոր բան թեպետ չի ասվել, սակայն զինվորական որոշ աղբյուրներ հայտնել են, որ ռազմական գործողությունները կարող են անգամ երկարատեւ բնույթ կրել, ինչը, կարծես, անուղղակիորեն "փաստել" է նաեւ Նեթանյահուն: Վերջինիս խոսքերով, բանակի աշխատանքը կտեւի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Իսրայելական ուժային կառույցներ-իշխանություն այս լիարժեք համակարծությունն էլ ամենեւին խորթ չէ այս երկրի համար: Ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, ՑԱԽԱԼԸ (այսպես են անվանում բանակն Իսրայելում) չնայած երկրում ունեցած քաղաքական կշռին, ամենեւին սերտաճած չէ իշխանությանը: Իսկ "Արաբական գարնան" երկրների, եւ մասնավորապես
Եգիպտոսի հեղափոխական ուժ ունեցող բանակի հետ համեմատական անցկացնելիս, կարող ենք տեսնել, որ պետությունից "անկախ" լինելու հետ մեկտեղ, ՑԱԽԱԼՆ Իսրայելի վարչական մարմինների լիակատար "վերահսկողության" տակ է գտնվում եւ ընդհանուր քաղաքականությունից որեւէ կերպ շեղվող քայլերի իրավասություն կամ հնարավորություն չի կարող ունենալ:
Վերադառնալով թեմային, նշենք նաեւ, որ Եգիպտոսի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտացի պաշտոնատար մի անձ, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ է դադարեցնել հարձակումները Գազայում: Վերջին տվյալների համաձայն, սակայն, երկու կողմերի միջեւ ռազմական գործողությունները դեռեւս շարունակվում են: