Կորեական թերակղզում նորից լարվածություն է տիրում: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Սեուլի եւ Փհենյանի հակազդեցությունը կարող է լայնամասշտաբ հակամարտության վերածվել:
|
Հարավկորեական "Յոնհափ" գործակալության հաղորդմամբ Հարավային Կորեայի արեւմտյան ափի մոտ` Դեղին ծովի ջրերում, երկու Կորեաների միջեւ հրաձգության փոխանակում է տեղի ունեցել: ԿԺԴՀ մերձափնյա հրետանին
|
.jpg) |
հրետակոծել է Կորեական թերակղզու ջրատարածքի մի մասը, որը Փհենյանը նավագնացության համար փակ գոտի էր հայտարարել: Հարավային Կորեայի զինված ուժերն էլ պատասխան կրակ են բացել:
Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի աղբյուրի հաղորդմամբ հյուսիսկորեական հրետանային արկերն ընկել են ծովային սահմանից հյուսիս` Հարավային Կորեայի կողմից վերահսկվող Պեննենդո կղզու մոտակայքում, իսկ Սեուլն էլ պատասխան զարկ է արձակել, երբ հյուսիսկորեական արկերը դեռ օդում էին:
Դեղին ծովի սահմանը Սեուլի եւ Փհենյանի միջեւ մշտական վեճի ու լարվածության առարկա է: 1950-53թթ. Կորեական պատերազմից հետո ԱՄՆ-ը Դեղին ծովում երկու երկրների միջեւ սահման է նշում` այսպես կոչված "Հյուսիսային բաժանիչ գիծ", որը Սեուլն ընդունում է, իսկ Փհենյանը` ոչ: Բանն այն է, որ հրադադարի մասին պայմանագրում այդ "գիծը" նշված չէ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին երկու երկրների ռազմածովային ուժերի միջեւ նույնպես բախում է տեղի ունենում, որի արդյունքում հյուսիսկորեացի մի նավաստի զոհվում է, իսկ երեքը` վիրավորվում: Այդ ժամանակ Փհենյանը հայտարարում է, թե Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի նավը սադրանք է կատարել` հետեւելով ԿԺԴՀ պարեկային մոտորանավին եւ կրակահերթ բացելով նրա վրա սահմանից ոչ հեռու: Իսկ հյուսիսցիներն էլ պնդում են, թե իրենց մոտորանավը սահման չի խախտել, այլ ուղղակի ստուգում էր իրենց ջրերում անծանոթ օբյեկտի առկայությունը: Բայց Սեուլն էլ պատասխանում է, թե նրանք են առաջինն իրենց վրա կրակ բացել:
Եվ սրանք միայն դրվագներ են երկու եղբայրների` վերջին ավելի քան 50 տարվա պատմության մեջ: Նշենք, որ Կորեական պատերազմի ավարտից հետո այդպես էլ խաղաղության պայմանագիր չստորագրվեց: Ստորագրվել է միայն հրադադարի պայմանագիր: Կես դարի ընթացքում ողջ աշխարհում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել. ավարտվել է բազմամյա Վիետնամական պատերազմը, եւ ստեղծվել է միասնական Վիետնամ, փլուզվել է Բեռլինյան պատը, Գերմանիաները վերամիավորվել են, իսկ Կորեական թերակղզում "ոչ պատերազմ, ոչ խաղաղություն" իրավիճակը դեռ շարունակվում է:
Իրավիճակը վատթարանում է Հյուսիսային Կորեայի հետագա ռազմականացմամբ, որի պատճառով Սեուլն էլ ստիպված է միշտ "վառոդը չոր պահել": Ողջ աշխարհին անհանգստացնում է Փհենյանի միջուկային ծրագիրը: Այս կապակցությամբ մի քանի տարի վեցակողմ բանակցություններ են ընթանում, որին, բացի երկու Կորեաներից, մասնակցում են նաեւ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ճապոնիան:
.jpg) |
Անցյալ տարի ապրիլին Փհենյանը հրաժարվեց մասնակցել բանակցություններին այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը բողոքեց նրա` հեռահար հրթիռի փորձարկման կապակցությամբ: Մեկ ամիս անց Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում իրականացրեց, որը հանգեցրեց ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների: Իր
|
միջուկային ծրագիրը ԿԺԴՀ-ն դարձրել է գործարքի առարկա, որը դադարեցնելու համար այս աղքատ երկիրը պահանջում է վառելիք եւ սննդամթերք:
Դեկտեմբերին Փհենյանը հայտարարում է, թե պատրաստ է համագործակցելու ԱՄՆ-ի հետ` գոյություն ունեցող տարաձայնությունները փոքրացնելու նպատակով:
Նոր տարվա առաջին օրը հյուսիսկորեական թերթերը ծրագրային հոդված են հրապարակել, որում խոսվում էր երկու կորեական պետությունների միջեւ հարաբերությունները լավացնելու անհրաժեշտության մասին: Սակայն արդեն հունվարի կեսին Փհենյանը "սրբազան պատերազմ" է հայտարարում Հարավային Կորեայի իշխանություններին եւ նրան հանում երկխոսության գործընկերների ցուցակից: Այսպիսով` խաչ է դրվում ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների վերականգնման վրա:
Իսկ ո՞րն էր այսպիսի կտրուկ փոփոխության պատճառը: Բանն այն է, որ Սեուլը վերջերս գործողությունների արտակարգ ծրագիր է ընդունել հարեւան պետությունում անկայունության դեպքում: Օրինակ` ի՞նչ կարող է տեղի ունենալ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան դեպքում: Իսկ դա հավանական է, քանի որ վերջերս հաճախակի են դարձել կասկածները նրա առողջական վիճակի մասին: Ավելին` մի քանի ամիս առաջ նա իր կրտսեր որդուն ներկայացրել է որպես իր հաջորդի:
Այս ծրագրին իսկույն հետեւել է ԿԺԴՀ պաշտպանության կոմիտեի զայրացական հայտարարությունը, թե այդ ծրագիրն ուղղված է դեպի երկրի բարձրագույն ղեկավարության եւ սոցիալիստական կարգի փոփոխումը:
Հայտարարության մեջ ասվում է. "Այդ սրբազան պատերազմը Հյուսիսի, Հարավի եւ արտասահմանի կորեացիներին, ինչպես նաեւ հեղափոխական զինված ուժերին համախմբող համազգային եւ համընդհանուր պայքար կդառնա":
Հաշվի առնելով այս հայտարարությունը` որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Դեղին ծովում պատահարը կարող է նոր լուրջ հակամարտության սկիզբը հանդիսանալ: Իսկ վերլուծաբանների մի մասն էլ կարծում է, որ սա Փհենյանի հերթական խաղն է վեցակողմ բանակցությունների սեղան իր վերադարձը երկարաձգելու նպատակով: