Արդեն մի քանի տարի է, ինչ մենք ականատես ենք Ամերիկայի եւ Չինաստանի միջեւ ընթացող արժութային սառը պատերազմի, որն իրենից ներկայացնում է խճճված եւ երբեմն նույնիսկ անհասկանալի մարտահրավերների համախումբ: Իրավիճակն այսպիսին է. Չինաստանը ԱՄՆ-ի հետ արժութային առեւտրի մեջ է մտնում յուանի գրեթե 20% թերագնահատված արժեքով, ինչը հանգեցնում է ԱՄՆ-ի բողոքների: Որպես չինական արժութային նման քաղաքականության արդյունք` արդեն մի քանի տարի է, ինչ այդ երկիրը ֆինանսական տարին ավարտում է վճարային հաշվեկշռի դրական ելքերով, իսկ ԱՄՆ-ն չինական իշխանություններից "պահանջում է" վալյուտային ռեւալվացիա (արժեզրկում): Առաջին հայացքից համաշխարհային տնտեսության առաջատար երկրների այս խնդիրների լուսաբանումը կարող է ուղեկցվել "մեզ ի՞նչ" մոտեցմամբ, սակայն գլոբալիզացիայի արդի պայմաններում երեւի թե դժվար է գտնել մի պետություն, որն այս կամ այն կերպ չի առնչվում այդ տնտեսություններից գոնե մեկի, եթե ոչ երկուսի հետ: Եվ, վերջապես, արդեն վաղուց չկան քարե ամուր պարիսպներով շրջապատված տերություններ, որոնք միմյանցից անկախ կարող էին գոյատեւել, ուստի խնդիրը շրջանցել պետք չէ: Փորձենք բացահայտել դրա բուն էությունը, ինչի համար տանք մի քանի բնորոշումներ:
|
Ինչպես արդեն անդրադարձանք, այսպես կոչված պատերազմն առաջացել է Չինաստանի կողմից յուրօրինակ արժութային քաղաքականության վարմամբ: Վերջինս ենթադրում է չինական արժույթի` յուանի` առեւտրատնտեսական հարաբերություններում բավական ցածր գին, ինչի արդյունքում Չինաստանի վճարային հաշվեկշիռը
|
.jpg) |
դրական է` ի տարբերություն առեւտրատնտեսական գործընկեր-երկրների, իսկ տվյալ դեպքում "գործընկեր-հակառակորդ" Միացյալ Նահանգների: Խնդիրն ամբողջությամբ պատկերացնելու համար փորձենք հակիրճ ներկայացնել գործընթացը:
Վճարային հաշվեկշիռը վիճակագրական հաշվետվություն է, որտեղ արտացոլվում են ժամանակի որոշակի միավորի ընթացքում` սովորաբար մեկ տարում, տվյալ երկրի ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների միջեւ իրականացվող բոլոր տնտեսական գործառնությունները: Վերջիններիս թվին են դասվում ապրանքների, ծառայությունների, եկամուտների, արտաքին ֆինանսական ակտիվների եւ պարտավորությունների հետ կապված գործառնությունները: Այսինքն` վճարային հաշվեկշիռն արտացոլում է տվյալ երկրի սուբյեկտների ու արտաքին աշխարհի միջեւ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր տնտեսական գործառնությունները: Այլ խոսքերով` դա մի փաստաթուղթ է, որն ամբողջությամբ արտացոլում է երկրի մակրոտնտեսական իրավիճակը: Երկրների վճարային հաշվեկշիռների համադրելիությունը ապահովելու համար այն վարվում է ԱՄՆ դոլարով: Այսպես` որպես չինական սպառման ապրանքների համար առաջնահերթ եւ ամենամեծ իրացման շուկա Չինաստանը Ամերիկային վաճառում է իր ապրանքները, որը, շնորհիվ յուանի ցածր փոխարժեքի, բավական էժան է Չինաստանի համար, եւ ներգրավվում է մեծաքանակ ԱՄՆ դոլար: Գրեթե նույնն է իրավիճակը ներդրումային միջավայրում. էժան յուան, շատ ԱՄՆ դոլար: Արդյունքում Չինաստանի (ԱՄՆ դոլարով վարվող) վճարային հաշվեկշիռը դրական է, իսկ ԱՄՆ-ի նույն հաշվեկշիռը փակվում է բացասական սալդոյով` երկրից բավական մեծ քանակությամբ սեփական արժույթի դուրսգրման հաշվին: Այսպես` 2008-2009թթ. ԱՄՆ առեւտրային դեֆիցիտի 39%-ը Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունների արդյունք էր: Ահա՛ ԱՄՆ-ի մեղմ ասած բարկության պատճառը: Թերեւս բարկությունն իսկապես մեղմ լիներ, եթե սահմանափակվեր վերոնշյալով: Այսօր ամբողջ աշխարհում, իսկ մեծապես ԱՄՆ շուկայում,
"Made in China" տարբերանշանը կարելի է հանդիպել յուրաքանչյուր երկրորդ ապրանքի վրա: Փաստորեն Ամերիկան, հանդիսանալով սպառող շուկա, մի տեսակ ապրանքային կախվածության մեջ է չինական առաջարկի՞ց:
Սա էլ, բնավ, դեռ ամենը չէ: Խնդիրն իրականում ավելի խորքային է եւ արժանի է ուսումնասիրման: Վերջին տասնամյակում միջազգային տնտեսության կրած փոփոխությունների շարքում առավել մեծ ուշադրություն է գրավել զարգացման Չինաստանի ռազմավարությունը` էժան աշխատուժ, մեծ քանակությամբ արտադրանք: Դրա շնորհիվ այսօր Չինաստանը արտահանման ծավալներով համարվում է համաշխարհային առաջատար: Սա այդ երկրի վարած բացահայտ տնտեսական քաղաքականությունն է: Այլ է չբացահայտված, քողարկված, անուղղակի, տարբեր կերպ կարելի է բնորոշել, քաղաքականությունը` արժութայինը: Ներկայացնելով սեփական արժույթը բավական ցածր մակարդակով, ներգրավելով մեծ քանակությամբ ԱՄՆ արժույթ եւ միաժամանակ պահպանելով արտահանման մեծ ծավալները` Չինաստանը կարծես ուզում է նաեւ "նույն ձեռքով բռնել երկրորդ նապաստակին": Խոսքը վերաբերում է սպառողների ընդլայնման չինական իշխանությունների մտադրությանը: Նախորդ պարբերության մեջ նշեցինք ամերիկյան` որպես չինական լայն սպառման ապրանքների իրացման հիմնական շուկայի մասին, սակայն հարկ է սա դիտարկել հակառակ տեսանկյունից եւս: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Չինաստանին ցույց տվեց, որ Արեւմուտքի շուկայով բավարարվելը հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչպիսին է օրինակ գործազրկության մակարդակի կտրուկ աճը: Հետեւաբար նոր ռազմավարության ընտրությունը լիովին հիմնավորված է: Այլ խոսքերով` Չինաստանը մտադիր է ձեւավորել "սպառման վրա հիմնված տնտեսություն" կամ ապակենտրոնացնել սպառողական շուկան:
.jpg) |
Ի՞նչ է անում այս պայմաններում Ամերիկան: Վերը նշվածից կարելի է կարծել, որ խաղաքարտերը Չինաստանի ձեռքում են: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, ավելին` իր իսկ վարած քաղաքականության արդյունքում Չինաստանը կարող է ընկնել սեփական թակարդը: Ենթադրենք, թե "վալյուտային մանիպուլյացիայով" երկրում կկուտակվի հսկայական քանակությամբ ԱՄՆ արժույթ: Ի՞նչ պիտի անի այդ գումարով Չինաստանը: Սովորաբար պետական մեծ քանակության խնայողությունները կարող են հանգեցնել
|
ոչ այնքան ցանկալի արդյունքների. իրականում երկրի պահուստային ֆոնդերը սառեցված միջոցներ են, հետեւաբար, ինչքան շատ են այդ միջոցները, այնքան մեծ է "որտե՞ղ ներդնելու" խնդիրը: Ներդնել դրանք սպառազինության համակարգ, եւ դրանով իսկ ստեղծել պատերազմական իրավիճակ ընդդեմ Ամերիկայի՞ այնքան էլ ձեռնտու չէ Չինաստանի համար: Վերածել սեփական արժույթի ու դուրս գրել ներքին շուկա՞: Այսպես` այդ պարագայում չինական շուկա մուտք կգործեն ահռելի գումարներ, ինչը կհանգեցնի ինֆլյացիայի (գնաճ), կախված այդ խնայողությունների ծավալից` նույնիսկ հիպերինֆլյացիայի: Ներկայացված սցենարներից եւ ոչ մեկը չի բխում Չինաստանի շահերից: Մեկ այլ խնդիր եւս. քանի դեռ Չինաստանը չի ստեղծել իր "սպառման վրա հիմնված տնտեսությունը", իսկ դա պահանջում է 5-6 տարի, այսօր նրա հիմնական շուկան դեռ շարունակում է մնալ Ամերիկան, որը կարող է շատ հանգիստ փակել իր շուկան Չինաստանի առաջ: Այդ դեպքում եւս Չինաստանը նախանձելի իրավիճակում չի լինի:
Եթե ներկայացված խնդիրներին գումարենք նաեւ դրանցից բխող հետեւանքները, ապա պարզ կդառնա, որ Ամերիկա-Չինաստան տնտեսական պատերազմը երկուստեք բավական ծանր է եւ վնասաբեր: Ուստի դժվար է ասել` որ կողմն է հաղթող, որը` պարտվող: Պարզ է մի բան` համաշխարհային տնտեսությունում այժմ ընթանում են պատմական իրադարձություններ, որոնք կարող են ծնել նոր տեսություններ, մոտեցումներ եւ կոնցեպցիաներ: Սակայն ձեւափոխման փուլում ապրող հասարակությունների համար դրանք միշտ էլ եղել են ցավոտ: Հուսանք, որ արժութային շուկայում մեր տնտեսության ցածր ներգրավվածության աստիճանի շնորհիվ հնարավոր դժվարությունները համեմատաբար մեղմ կլինեն, ինչպես եղավ համաշխարհային ֆինանսական վերջին ճգնաժամի դեպքում: Կամ գուցե փոփոխությունների այս անգամը լինի բացառությո՞ւն ...