Իրանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի նախնական տվյալների համաձայն, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցներն ընդամենը փոքրաքանակ խմբակցությունով ներկայացված կլինեն նոր խորհրդարանում:
Associated Press-ը տեղեկացնում է, որ խորհրդարանի 65 տեղերի համար մղված պայքարում նախագահ Ահմադինեժադի կողմնակիցներին բաժին է հասել 13 տեղ: Անկախ թեկնածուներն ստացել են 11 տեղ, իսկ նախագահի հակառակորդ պահպանողականները, որոնց առաջնորդը խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին է, և երկրի հոգևոր առաջնորդ Ալի
Խամենեի կողմնակիցներն ստացել են 41 տեղ:
Նախագահի կողմնակիցները համեմատաբար լավ արդյունքներ են գրանցել մայրաքաղաք Թեհրանում, որտեղ կարողացել են 9 աթոռ ստանալ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որն անցկացվել է մարտի 2-ին,Ահմադինեժադի հակառակորդները նույնպես հաղթանակ են տարել:
Ընդհանուր առմամբ Իրանի միապալատ խորհրդարանում` Մեջլիսում, ընտրվում են 290 պատգամավորներ: Մեջլիսը հնարավորություն չունի ուղղակի ազդել քաղաքական կարևորագույն որոշումների վրա, սակայն փորձագետները վստահեցնում են, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ 2013թ. նախագահական ընտրությունների վրա, որին չի կարողանա մասնակցել գործող նախագահը:
Ի դեպ, Իրանի խորհրդարանական ընտրություններն անցել են առանց օտարերկրյա դիտորդների, քանզի Իրանում կարծում են, որ միջազգային կազմակերպությունների դիտորդների ներկայությունը "վիրավորական" կլինի իրանական ժողովրդի համար, որը 1979թ. հեղափոխությունից հետո, ինքն է որոշում ու կերտում իր ապագան: