Ջոն ՄքԼարեն
Տարածաշրջային հանրային քաղաքականության
կենտրոնի (CPPR) քազաքական տնտեսագետ, պրոֆեսոր,Գլազգո
-Շոտլանդիայի տնտեսական վիճակ. ի՞նչ է ներմուծվում, ի՞նչ է արտահանվում:
-Եթե Շոտլանդիան լիներ անկախ, ամենաարտահանվողը կլիներ նավթը: Բայց Հյուսիսային ծովի նավթը համարվում է Միացյալ Թագավորության սեփականությունը: Սակայն եթե Շոտլանդիան անջատվի Միացյալ Թագավորությունից, ապա նավթի մեծ մասը կմնա Շոտլանդիային: Այդպիսով՝ նավթը կդառնա շատ ավելի կարեւոր ապրանքատեսակ: Մյուսը շոտլանդական վիսկին է, սակայն արտահանումը այնքան էլ մեծածավալ չէ, մեքենաշինության բնագավառում նույնպես կա որոշ արտահանում: Բայց հիմնական շուկան Անգլիան է: Այնպես որ, եթե Շոտլանդիան անկախանա, բոլոր այս հարաբերությունները պետք է սահմանված լինեն որոշակի կարգով:
-Ընդունված է համարել, որ Գլազգոն Շոտլանդիայի տնտեսական մայրաքաղաքն է: Ինչո՞վ են պայմանավորված այդ տնտեսական հզորությունը, աճը, մեծ հնարավորությունները Գլազգոյի պարագայում:
-Դեռ կայսրության ժամանակաշրջանում Գլազգոն Միացյալ Թագավորության կարեւոր կենտրոն է եղել: Գլազգոն եղել է Թագավորության երկրորդ մեծ քաղաքը եւ արդյունաբերական կենտրոն, որն արտադրում էր նավեր, պողպատ, երկաթ, ածուխ: Սակայն 19-րդ դարից հետո այս արտադրությունն անկում ապրեց: Շոտլանդիան իր նախկին չափսերից փոքրացավ: Պողպատի եւ ածխի արտադրությունը կանգ առավ: 1970-ական թվականներից Գլազգոյի այդ անկումն ավարտվեց, բայց գործազրկության մակարդակն այստեղ ավելի բարձր է` համեմատած Շոտլանդիայի մյուս շրջանների հետ: Ներուժը բավականին մեծ է եւ դեռ ամբողջովին օգտագործված չէ: Էդինբուրգը ավելի դինամիկ քաղաք է, բայց Գլազգոն տնտեսական իմաստով ավելի կարեւոր է:
-Պատկերացնենք, որ հաջորդ կիրակի անկախության հանրաքվեն է: Եթե գաղտնիք չէ, իհարկե, Դուք ինչպե՞ս կքվեարկեիք եւ ինչո՞ւ:
-Որպես Տարածաշրջային հանրային քաղաքականության կենտրոնի աշխատող՝ քաղաքական առումով ես չեզոք դիրքորոշում ունեմ: Այնուամենայնիվ, ես կասեի, որ ես դեռ չեմ կողմնորոշվել, հանրաքվեի շուրջ քննարկումները դեռ վաղ փուլում են գտնվում: Եվ կարծում եմ, որ այս պահին Շոտլանդիայում շատերը կկիսեն իմ կարծիքը: Անկախության կողմնակիցները կողմ կքվեարկեն, իսկ նրանք, ովքեր ուզում են մնալ միության կազմում, կքվեարկեն դեմ: Սակայն կա ժողովրդի մի մեծ զանգված, որը գտնվում է այս երկուսի մեջտեղում, եւ որոնց համար բազմակողմանի եւ խորը քննարկումները որոշիչ դեր կունենան կողմնորոշվելու համար:
-Եթե մի կողմ թողնենք զգացական մոտեցումը եւ անդրադառնանք "անկախության գնին", Ձեր կարծիքով, անկախությունը տնտեսական առումով պե՞տք է Շոտլանդիային, թե՞ ոչ:
-Ընդհանրապես, Շոտլանդիայի տնտեսական բարեկեցությունը այն հիմնական հարցերից է, որը քննարկվում է հանրաքվեի համատեքստում: Բայց այս հարցի պատասխանը հեշտ չէ գտնել: Արդյո՞ք շահեկան կլինի այդ անկախությունը. սա է քվեարկողներին մտահոգող հիմնական հարցը: Շոտլանդիայի դեպքում Հյուսիսային ծովի նավթի հարցը որոշիչ է: Եթե նավթի գինը բարձր լինի, Շոտլանդիան բավականին մեծ եկամուտ կունենա Հյուսիսային ծովից: Եթե նավթի գինն իջնի, այդքան էլ մեծ եկամուտ չի ստացվի: Այս պահին Շոտլանդիան զգալի փոխանցումներ է ստանում Միացյալ Թագավորությունից՝ որպես Միացյալ Թագավորության անդամ: Եթե Շոտլանդիան դուրս գա միությունից, կկորցնի այդ օժանդակությունը: Եվ հարցը այս պահին հետեւյալն է՝ այդ կորցրած գումարի ո՞ր մասը կկարողանա Շոտլանդիան ապահովել Հյուսիսային ծովի եկամուտի միջոցով: Ավելի կշահի՞, թե՞ կկորցնի, թե՞ կմնա նույն մակարդակի վրա: Շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, որովհետեւ նավթի գինը տատանվում է եւ կանխատեսելի չէ:
-Ձեր կարծիքով՝ այն, ինչ կատարվում է Շոտլանդիայում՝ դեբատների, անկախության, հնարավոր հանրաքվեի հետ կապված ամբողջ գործընթացը, կարո՞ղ է ունենալ "դոմինոյի էֆեկտ" եւ տարածում ստանալ դեպի Հյուսիսային Իռլանդիա, դեպի Ուելս:
-Հնարավոր է: Իռլանդիայի կաթոլիկ կուսակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, որ 2016թ.-ին հանրաքվե պետք է տեղի ունենա այնտեղ: Կաթոլիկները Հյուսիսային Իռլանդիայի բնակչության կեսից ավելին են կազմում, սակայն Իռլանդիայի Հանրապետությունը լավ տնտեսական վիճակում չէ: Այսպիսով՝ երկու խնդիր կա այստեղ: Արդյո՞ք կցանկանան Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկները կողմ քվեարկել` միանալու մի երկրի, որն այնքան էլ լավ վիճակում չի գտնվում: Իսկ երկրորդը՝ արդյո՞ք Իռլանդիայի Հանրապետությունը՝ իր բոլոր խնդիրներով, կցանկանա ընդունել Հյուսիսային Իռլանդիան, որը այժմ էական դոտացիա է ստանում Միացյալ Թագավորությունից: Իռլանդիան, բացի իր պարտքերից, ստիպված կլինի Հյուսիսային Իռլանդիային օգնել:
-Իսկ հնարավո՞ր է, որ տարածվի դեպի եվրոպական մյուս երկրներ:
-Այո՛: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա ամենահավանական շրջանները Բասկերի երկիրը եւ Կատալոնիան են: Որքան ինձ հայտնի է, Կատալոնիան այնքան էլ լավ վիճակում չէ պարտքերի առումով, սակայն համարվում է Իսպանիայի բավականին հարուստ տարածաշրջան: Ցանկություն կա կենտրոնին ավելի քիչ օգուտ տալու եւ իր սեփական հարստությունն իրեն պահելու: Իսկ բասկերի երկիրն ավելի մոտ է տնտեսապես անկախ լինելուն, հարուստ շրջան է: Կարծում եմ, որ Շոտլանդիան ավելի առաջ է այս երկու շրջաններից: Կատալոնիան Իսպանիայի մաս է կազմել երկար ժամանակ: Շոտլանդիան, մտնելով Միացյալ Թագավորություն, ֆեդերացիայի, միության անդամ է դարձել: Իսպանիայի դեպքում այսպես չէ: Շոտլանդիան ունի իր իրավական համակարգը, իր սեփական կրթական համակարգը եւ արդեն բավականին անկախ է: Շոտլանդիայում փոփոխությունն այնքան էլ դրամատիկ չի լինի՝ ի տարբերություն Իսպանիայի:
"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ
Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան
օժանդակությամբ իրականացվող "Շոտլանդիա. խորհրդավոր եւ իրական" ծրագրի շրջանակում 21.05.2012