Ռուսական նոր օրենքը ժողովրդավարացման կորցրած հնարավորություն կլինի
Այսօր ՌԴ Դաշնային խորհուրդը հանրահավաքների մասին նոր օրինագիծ է ընդունել, որը տուգանքների բարձրացում է նախատեսում զանգվածային հավաքների ժամանակ խախտումներ կատարելու համար: Օրինագիծը 2-րդ և 3-րդ լսումներով այս գիշեր ընդունվել է Պետդումայում: Այժմ այն պետք է ստորագրվի նախագահի կողմից:
Ըստ այդ օրինագծի` տուգանքները կաճեն տասն անգամ, նաև խախտողների համար կսահմանվի պարտադիր հանրօգուտ աշխատանք, կարգելվեն հանրահավաքներին դիմակներով մասնակցելը և չարտոնագրված զանգվածային ակցիաներ անցկացնելը:
Օրինագիծը դժգոհություն է հարուցել ընդդիմության ներկայացուցիչների և իրավապաշտպանների շրջանում:
Պետդումայում ներկայացված ընդդիմությունը՝ կոմունիստներն ու "Սպրավեդլիվայա Ռոսիա"-ն, փորձել են խանգարել օրինագծի ընդունմանը "իտալական գործադուլի միջոցով"՝ 357 շտկում են առաջարկել՝ պահանջելով դրանք առանձին-առանձին քննարկել: Արդյունքում նիստը տևել է 11 ժամ: Օրինագիծն ընդունվել է "Եդինայա Ռոսիա"-ի քվեարկության արդյունքում:
Նախագահ Պուտինը պատրաստակամություն է հայտնել օրինագիծն ընդունելուց առաջ դիտարկել իրեն ուղղված բոլոր դիմումները: Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը Միխայիլ Ֆեդոտովի գլխավորությամբ հայտարարել է, որ կուսումնասիրի օրինագիծը և անհրաժեշտության դեպքում կդիմի նախագահին՝ վետո դնելու խնդրանքով:
Օրինագիծը դժգոհություն է հարուցել նաև միջազգային հանրության մոտ: ԵԽԽՎ մոնիթորինագային հանձնաժողովի Ռուսաստանի հարցով զեկուցողներ Էնդի Գրոսսը և Գեորգի Ֆրունդան օրինագծի հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել և կոչ են արել նախագահին չստորագրել այն: "Այդ միջոցները կոտնահարեն ազատ արտահայտվելու և հավաքներ իրականացնելու իրավունքը",- ասել են նրանք: "Դա կխորհրդանշի ՌԴ-ում ժողովրդավարության ուժեղացման կորցրած հնարավորությունը, քանի որ կփակի վերջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստանի հասարակության զանգվածային ցույցերի շնորհիվ ստեղծված հնարավորությունը: Հասարակության դինամիկ ակտիվությունը պետք է օգտագործվի բարեփոխումներ իրականացնելու համար, ոչ թե ճնշվի",- հայտարարել են զեկուցողները: