Սիրիայում ևս մեկ թուրքական ինքնաթիռ է հարվածի ենթարկվել
Սիրիայի տարածքում ևս մեկ թուրքական ռազմական ինքնաթիռ է հարվածի ենթարկվել: Այս մասին, Դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները: Ինքնաթիռը, որ ուրբաթ օրը ոչնչացված ռազմաօդանավի անձնակազմի որոնողական աշխատանքներն է իրականացնելիս եղել Միջերկրական ծովի վրա, շտապ լքել է Սիրիայի օդային տարածքը:
Ուրբաթ օրվա միջադեպը վերջնականապես փչացրել է թուրք-սիրիական հարաբերությունները: Կողմերը չեն կարողանում անգամ համաձայության գալ համատեղ որոնողական աշխատանքների համատեղ իրականացման շուրջ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն
հայտարարել է, որ դեպքի առնչությամբ բոլոր մանրամասները ճշտելուց հետո Անկարան մտադիր է "համապատասխան քայլեր" ձեռնարկել: Հիշեցնենք, որ Թուրքիան համալրել է այն երկրների շարքերը, որոնք Սիրիայում շարունակվող ապստամբության արդյունքում պահանջում են նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:
Հավելենք, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանն ուրբաթ օրը նշել էր, որ Սիրիայում խաղաղություն հաստատելու գործում իր մասնակցությունը պետք է ունենա նաև Իրանը, ինչին, բնականաբար կողմ է Ռուսաստանը, և ինչը, սակայն, լուրջ տարաձայնությունների տեղիք է տալիս Սիրիայի շուրջ բոլոր բանակցությունների շրջանակներում Ասադին աջակցող երկրների և արևմտյան ուժերի միջև:
Վերադառնալով թուրք-սիրիական հարաբերությունների վատթարացմանն՝ ընդգծենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել թուրքական իշխանություններին՝ զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից և խաղաղ ճանապարհով հարթել միջադեպը: