Ռուսաստանը չի մասնակցելու "Սիրիայի բարեկամներ" խմբի հանդիպմանը
Ռուսաստանը չի մասնակցելու Փարիզում "Սիրիայի բարեկամներ" խմբի հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա նաև նշել է, որ այդ խումբն ի սկզբանե նպատակ է ունեցել աջակցել հակամարտող կողմերից մեկին միայն` արտերկրում գտնվող սիրիական ընդդիմությանը:
"Ես գտնում եմ, որ Ժնևյան գործընթացի մեկնարկից հետո այլ տեսակի հանդիպումների, ինչպիսին Փարիզյանն է և որին մասնակցելու են մոտ 150 երկրների ներկայացուցիչներ, անհրաժեշտությունը կորում է: Ակնհայտ է, որ այդպիսի կազմով անհնար է սիրիական ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ որևէ լուրջ քննարկում ակնկալել",- հայտարարել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, Լավրովը մեղադրել է մի շարք արևմտյան երկրներին ժնևյան համաձայնությունները աղավաղելու մեջ:
"Դժբախտաբար սիրիական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, որ Ժնևում կայացրած որոշումներն անընդունելի են իրենց համար, և դրան զուգահեռ ժնևյան հանդիպման որոշ արևմտյան մասնակիցներ իրենց ելույթներում աղավաղեցին բոլոր այն համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել",-նշել է լավրովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները բացառում են Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի մասնակցությունը անցումային կառավարությանը:
Սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով սպասվում է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստան կայցելեն սիրիական ընդդիմության երկու պատվիրակություններ, իսկ հուլիսի երկրորդ կեսին սպասվում է Լավրովի հանդիպումը ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ: