Նոր խոչընդոտ Խորվաթիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Խորվաթիայի եվրաինտեգրման ճանապարհին իր հարևան Սլովենիայի "շնորհիվ" նոր խոչընդոտ է ծագել: Վերջինս հրաժարվում է վավերացնել Խորվաթիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համաձայնագիրը: Իր համաձայնության դիմաց Սլովենիան պահանջում է մարել պարտքերը, ինչը Խորվաթիայի կողմից դիտվում է որպես շանտաժ:
Հիշեցնենք, որ Խորվաթիան տասնմեկ տարի տևած գործընթացի արդյունքում թույլտվություն է ստացել 2013թ. հուլիսի 1-ին անդամակցել Եվրամիությանը այն բանից հետո, երբ ԵՄ անդամ բոլոր երկրները կտան իրենց համաձայնությունը:
Սակայն Խորվաթիայի ճանապարհին հերթական անգամ խոչընդոտներ է ստեղծում հարևան Սլովենիան, որն ի դեպ, միակ նախկին հարավսլավական երկիրն է, որին հաջողվել է դառնալ ԵՄ անդամ: Սլովենիան պահանջում է, որպեսզի Զագրեբը վճարի 172 մլն. եվրո կազմող պարտքը, որը գոյացել է 20 տարի առաջ, երբ Ljubljanska Banka (LB) բանկում ներդրումներ ունեցող հազարավոր սլովենացիներ
Հարավսլավիայի փլուզումից հետո զրկվեցին իրենց գումարներից: Բանկն ինքնին վաղուց սնանկ է ճանաչվել, դրա փոխարեն ձևավորվել է Nova Ljubljanska Banka (NLB)-ն, որն էլ, ըստ Լյուբլյանայի, պետք է հանդես գա իրավահաջորդի դերում և մարի պարտքերը: Այս պահանջը զայրույթ է հարուցել Խորվաթիայում, և երկրի ԱԳ նախարար Միրոսլավ Կովաչիչը հայտարարել է. "Սլովենիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարճատես խաղ է խաղում շանտաժի միջոցով: Եվ դա աննկատ չի մնացել ինչպես ԵՄ գործընկերների, այնպես էլ Բրյուսելի համար":
Նշենք, որ Բրյուսելում այս հարցը դիտարկում են որպես երկու երկրների ներքին խնդիր և որևէ կերպ չեն միջամտում: Սլովենիան արդեն երկար ժամանակ է` խոչընդոտում է Խորվաթիայի մուտքը ԵՄ երկու երկրների միջև ծովային սահմանի չլուծված հակասության պատճառով, սակայն Բրյուսելի միջամտությամբ Զագրեբին հաջողվեց առաջ տանել բանակցությունները և Սկլովենիան գնաց զիջման:
Սլովենիայի ներկայացրած պահանջն արդար է, նման խնդրի հետ առերեսվել է նաև հայ հասարակությունը ԽՍՀՄ փլուզումից հետո, Խորվաթիան նույնպես չի հրաժարվում խնդրի առկայությունից, սակայն համարում է, որ այդ հարցը պետք է քննվի դատարանում Bank of International Settlements-ի հովանու ներքո և ոչ թե նախապայման դառնա ԵՄ-ին անդամակցելու գործընթացում:
Եվրոպան, անշուշտ, մեղմ քաղաքականության և խնդիրների դանդաղ ու մանրակրկիտ լուծման կողմնակից է: Բրյուսելն այսօր չի միջամտում խնդրին՝ ժամանակ տալով, որ այն բնականոն լուծում ստանա: Պետք է նկատի ունենալ, որ Խորվաթիայի անդամակցության հարցն արդեն իսկ լուծված է, մնացել են, ինչպես ասում են, "վերջին շտրիխերը": Սլովենիայի նման քաղաքականությունը չի կարող կասեցնել Խորվաթիայի անդամկցությունը ԵՄ-ին, ուրիշ բան է, որ այն կարող է բավական ժամանակ և նյարդեր խլել: Լյուբլյանան հնարավորություն է ստացել ազդել գործընթացների վրա և անում է ամեն ինչ այդ հնարավորությունն ի նպաստ իրեն օգտագործելու համար: