Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Սեն Շամոն, Վիեն, Վալանս, Նիս: Սրանք Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, ով 591 թ.-ին հյուրընկալել է Տուր քաղաքի մայր եկեղեցում:
Ֆրանսիացիների եւ հայերի միջեւ ռազմական եւ առեւտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում` խաչակրաց արշավանքների եւ կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում` մասնավորապես Լուսինյան թագավորների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաեւ "ամուսնական" դաշինքներ են կնքվել հայ եւ ֆրանկ ազնվականների միջեւ:
Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արեւմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ եւ որբեր հաստատվեցին Ֆրանսիայում: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները:
2003թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երեւանցու` Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը` "Երգահան Կոմիտասի եւ 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 մլն հայերի հիշատակին" մակագրությամբ:
Այսօր Ֆրանսիայում ապրող հայերի թիվը, ըստ "Հայ Սփյուռք" հանրագիտարանի տվյալների, հասնում է շուրջ 450 հազարի: Ոչ պաշտոնական տվյալներով` շուրջ 100 հազար հայ կենտրոնացված է Մարսելում, որն էլ համարվում է Եվրոպայի ամենամեծ հայաշատ գաղութը:
|
Ֆրանսահայ համայնքի ձեւավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական եւ մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են: Այս առումով անգնահատելի դեր ունեն Համազգային ամենօրյա վարժարանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, "Ազնավուրը Հայաստանին" բարեգործական կազմակերպությունը եւ այլն:
Ֆրանսահայ գաղութներում ակտիվ է նաեւ հոգեւոր կյանքը: Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են
|
.jpg) |
Փարիզի, Լիոնի եւ Մարսելի շրջաններում:
Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի եւ նշանավոր հայերի անուններ: Օրինակ` Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում Երեւան անունով փողոցներ եւ այլն: Մեծ թիվ են կազմում նաեւ Ֆրանսիայի եւ Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Մարսելն ու Երեւանը, Բանյոնն ու Վանաձորը, Վալանսն ու Իջեւանը եւ այլն: