"Լա Պրովանս" թերթն ամենահանրաճանաչն է ֆրանսիական երկրորդ քաղաքում` Մարսելում: Սա տարածաշրջանային օրաթերթ է` 180 հազար տպաքանակով: Այլ հարց է տպաքանակը, այլ` ընթերցողների քանակը: Մեր հաշվարկներով` թերթն ունի ավելի քան 580 հազար ընթերցող Մարսելում եւ մոտակայքի 4 շրջաններում:
.jpg) |
Տեղական նորություններ, սպորտ, բիզնես, տարաբնույթ հայտարարություններ եւ ամենաբազմազան թեմաներ. թերթը գրում է այն ամենի մասին, ինչը կարող է հետաքրքրել նույնիսկ ամենաքմահաճ ընթերցողին:
Թերթն ունի տարբեր բաժիններ` "Տնտեսություն", "Հասարակություն", "Քաղաքականություն", եւ այլն, 218 լրագրող, 21 լուսանկարիչ եւ 600 թղթակից` թվեր, որոնք ցույց են տալիս, թե որքան արագ է թերթը հաղորդում ու ցուցադրում Մարսելի, ինչպես նաեւ, շրջակայքի բոլոր գլխավոր իրադարձությունները:
|
-
"La Provence"-ը մեր շրջանի ամենամեծ թերթն է, որը տարածվում է միաժամանակ 4 շրջաններում` Ռոնայի գետաբերան, Վոկլյուզ, Ալպյան շրջան, Կորսիկա: Ունենք 12 հրատարակություն: Մեր թերթը ստեղծվել է "Պրովանսալ" եւ "Մերիդիոնալ" թերթերի միաձուլումից, որոնցից առաջինն ունի ձախ ուղղվածություն, երկրորդը` աջ: Միաձուլումը տեղի է ունեցել 10 տարի առաջ:
Այսօր մենք ունենք օրական ավելի քան 150 000 տպաքանակ, եղել են դեպքեր, երբ տպաքանակը եղել է 200 000: Եվ հետո պետք է տարբերություն դնել գնված թերթերի եւ այն թերթերի միջեւ, որոնք անցնում են մատների արանքով, այսինքն, քանի որ մենք հարավի բնակիչներ ենք, եւ մեզ հատուկ է աշխույժ ժեստիկուլյացիան, բացի նրանից, որ մարդիկ մտքերի փոխանակություն են կատարում խոսքերով եւ շարժումներով, փոխանակվում են նաեւ մեր թերթով: Այսպիսով` թերթը կատարում է մի այնպիսի դեր, որը իհարկե լավ է, սակայն միաժամանակ դժվար է պահել նման նշաձողը:
"La Provence"-ի ոչ պաշտոնական լինելը որոշվում է մարդուն մոտ լինելով, իրավունքների պաշտպանությամբ, այսինքն` այն տեղեկատվությունը, որ մենք ենք տալիս, ոչ մի այլ թերթ չի տալիս: Երբ առավոտյան ընթերցողը գալիս է գնելու մեր թերթը, նա չի կարող գտնել այնտեղ զետեղված տեղեկատվությունը ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով, ինչո՞ւ, քանի որ մեր լրագրողներն ու թղթակիցները տեղաբաշխված են մեր թերթի տարածման ողջ տարածքում: Միգուցե հենց այս պատճառով է, որ մեր թերթը "լավն" է համարվում:
Ամբողջ աշխարհում թերթերը մշտապես բողոքում են, որ ինտերնետի մուտք գործելուց հետո թերթերի տպաքանակը փոքրացավ: Այլ ԶԼՄ-ների հետ մրցակցելու համար թերթերը բացում են իրենց էլեկտրոնային տարբերակները, եւ "Լա Պրովանս"-ը բացառություն չէ: Թերթի կայքը դեռեւս միայն ֆրանսերեն լեզվով է: Ինտերնետային մրցակիցներից բացի` թերթերը, իհարկե, ունենում են նաեւ տպագիր մրցակիցներ: Ինչպես է նման խնդիրները լուծում "Լա Պրովանս"-ը:
-Արդեն 10 տարի է, որ գոյություն ունի թերթերի ճգնաժամ, այսօր դրան ավելացել են նաեւ տնտեսական ճգնաժամը, եւ մասնավորապես հրատարակչական գործի ճգնաժամը: Մամուլի ճգնաժամն ամենուրեք նույնն է` բացառությամբ շրջանային օրաթերթերի, որոնց վիճակը, ի տարբերություն ազգային թերթերի, մի փոքր ավելի լավ է, քանի որ երբ շրջանի բնակիչը գնում է մեր կամ մեկ այլ թերթ, որտեղ մոտավորապես նույն տեղեկատվությունն է, ինչ մեծ թերթերում, գումարած տեղական լուրերը, իրեն թվում է, թե միայն ինքն ունի այդ տեղեկությունները, մինչդեռ ճգնաժամը մեզ էլ է հասել, քանի որ ինտերնետն անվճար է, եւ մարդկանց մեծամասնության` հատկապես երիտասարդության համար, ավելի լավ ու հարմար է ինտերնետով ստանալ անվճար տեղեկատվություն: Այս պատճառով է, որ ինչպես թերթերի մեծամասնության դեպքում, մենք եւս պետք է կողմնորոշվենք դեպի ինտերնետը` վճարելով դրա համար: Մեր մրցակիցներն են անվճար տեղեկատվական միջոցները, ինտերնետային տեղեկատվական կայքերը եւ, միգուցե բոլորից շատ, ռադիոն: Ինչո՞ւ, քանի որ առավոտյան տեղական ռադիոկայաններն արդեն հաղորդում են թերթերից քաղած տեղեկատվությունը: Չպետք է մոռանալ, որ առավոտյան ժամը 6-ին թերթերն արդեն կրպակներում են: Իսկ մարսելցիները վաղ առավոտյան արդեն իրենց մեքենաներով գնում են աշխատանքի եւ ճանապարհին լսում ռադիոյով հաղորդվող լուրերը:
-
Իսկ ինչքանո՞վ է ակտիվ ձեր թերթի ընթերցողը:
-Կրկին հիշենք, որ Մարսելը հարավի քաղաք է. սա նշանակում է, որ մենք բաց ենք, ջերմ ենք, մարդիկ գալիս են ուղղակի մեզ տեսնելու: Ընդհանրապես կան մշտական ընթերցողներ, որոնք հաճախ են գալիս: Օրինակ` մի քանի ամիս առաջ քաղաքում ունեինք մի գրասենյակ, որը բաց էր առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 23-ը, մարդիկ գալիս էին, հարցեր էին տալիս մեր մասնագիտության վերաբերյալ, հաճախ գալիս էին մեզ քննադատելու, մեզ հետ կռվելու, թե ինչու այս կամ այն հարցի վերաբերյալ վատ եք խոսել: Բայց մեր աշխատաոճի հարստությունը հենց բազմազանությունն ու մոտիկությունն է, իսկ եթե մենք որեւէ դեր ունենք խաղալու, ապա ես կարծում եմ, որ այն ամբողջապես կապված է ընթերցողի հետ:
Հավելենք նաեւ, որ ըստ վիճակագրության` 10 համազգային եւ 109 տարածաշրջանային պարբերականներից ֆրանսիացիների 27 տոկոսը կարդում է օրական 1 թերթ:
Ֆրանսիական թերթերի ընդհանուր տարեկան տպաքանակը կազմում է 4.7 մլրդ օրինակ: Ֆրանսիայի 1000 բնակչին բաժին է հասնում 460 օրինակ պարբերական: Այս տվյալները հաստատում են հայտնի ասացվածքն այն մասին, թե ֆրանսիացիները "նկարազարդ ամսագրերի ազգ" են: Իսկ ինչպե՞ս է "Լա Պրովանս" թերթի խմբագիրը գնահատում ԶԼՄ-ների ազատությունն իր երկրում:
-Սա շատ ընդարձակ թեմա է: Ինձ թվում է, որ մեր` լրագրողներիս դերը ընթերցողներին առավելագույնս լուսավորելն է, տեղեկացնելը: Սա նշանակում է, որ մեր ընթերցողները պահանջ ունեն ստանալու օբյեկտիվ եւ բազմակողմանի տեղեկատվություն, իսկ մեկնաբանությունները թողնում ենք խմբագիրներին եւ վերլուծաբաններին: Այն, ինչ մենք փորձում ենք անել, տեսակետի հնարավորության տրամադրումն է ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին, որպեսզի հենց իրենք` կողմերը պարզաբանեն, վերլուծեն տեղեկատվությունը, իսկ որոշ նրբանկատ եւ զգայուն հարցերի վերաբերյալ խմբագիրներն իրենք են արտահայտում իրենց կարծիքը:
-
Որո՞նք են "La Provence"-ի գերակայությունները:
-Մեր խմբագրության տնօրենը ցանկանում է հրատարակել ժողովրդական եւ հանրամատչելի թերթ: Միաժամանակ առավել քան կարեւորվում է թերթի որակը: Դա նշանակում է, որ բոլոր թեմաներն էլ գտնում են իրենց տեղը, այսինքն` մեզ անհրաժեշտ է խոսել քաղաքականությունից, տնտեսությունից, տարբեր փաստերից, բայց անհրաժեշտ է նաեւ տեղեկատվություն, որը վերաբերում է միջերկրածովյան շրջաններին, որովհետեւ Մարսելը կոսմոպոլիտ քաղաք է, եւ այստեղ են գալիս տարբեր մարդիկ այլ վայրերից` հույներ, հայեր, թուրքեր, իտալացիներ: Մեր դերն է տալ այնպիսի տեղեկատվություն, որը նրանք չեն գտնի ուրիշ տեղ: Մենք թղթակիցներ ունենք միջերկրածովյան տարածաշրջանի երկրներում, որը մի մեծ տարածք է, եւ ամեն օր ունենում ենք մեկ կամ երկու հոդված այդ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
-
Հայաստանն ու Կովկասը ինչքանո՞վ են շոշափվում Ձեր թերթում:
-Այս մասին մենք գրում ենք այն ժամանակ, երբ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց անդրադառնում են լրատվական մեծ գործակալությունները, կամ երբ հայտնի քաղաքական գործիչները այցելում են ձեր տարածաշրջան:
Քաղաքում մենք ունենք շատ համայնքներ, որոնցից ամենակարեւորը, իհարկե, հայկական համայնքն է, եւ մեր դերերից մեկն էլ ոչ միայն մարդկանց տեղեկատվություն հաղորդելն է, այլ նաեւ նրանց միավորելը, որպեսզի բոլորն իրենց տեղն ունենան նաեւ մեկ միասնության մեջ: