Բոլորն են լսել, որ հնդկական "Կամասուտրա" գիրքը սիրո արվեստի վերաբերյալ աշխատություն է: Սակայն քչերը գիտեն, որ աշխարհում շատ քիչ են դրա իսկական թարգմանությունները: Հսկայական թիվ են կազմում կեղծվածները, փողոցային կարդացողի համար նախատեսված ֆանտազիաներով հարուստ ազատ վերարտադրությունները, որոնք "Կամասուտրա"-ն մոտեցրել են էժանագին սիրավեպերին:
|
Իրականում "Կամասուտրա"-ն լուրջ, մեծ աշխատություն է: Կամաշաստրան` գիտություն է Կամայի (սիրո, էրոտիկ ցանկության) մասին, եւ զգալի տեղ է զբաղեցրել Հնդկաստանի հին եւ միջնադարյան մշակույթում: Այն սերտորեն կապված է հինդուիզմի գաղափարների հետ: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել Հնդկաստանի Կաջուրահո բնակավայրում գտնվող տաճարների խումբը, որոնց պատկերաքանդակները սիրո արվեստը ներկայացնող մի հետաքրքիր ու յուրահատուկ համախումբ են:
|
 |
"Կամասուտրա"-ի հեղինակն է համարվում Մալլանգա Վաթսյայանան, որն ապրել է արեւմտյան Հնդկաստանում 1700 տարի առաջ:
"Կամասուտրա"-ի առաջին` անգլերեն թարգմանությունը հրատարակվել է 1980թ.: 1990-ական թվականների սկզբին գրքի որոշ հատվածներ տարածվել են համացանցում, եւ այսօր թյուրիմացաբար համարվում է, թե հենց դա է ողջ Կամասուտրայի բովանդակությունը: Մինչդեռ Մալլանգա Վաթսյայանայի "Կամասուտրա"-ն բաղկացած է յոթ բաժնից, եւ միայն երկրորդ բաժնում են նկարագրված ֆիզիկական սիրո 64 դիրքերը:
Ըստ "Կամասուտրա"-ի` տղամարդը պետք է լինի արվեստների գիտակ, պահպանի սահմանված օրակարգ, հարդարանքի, սննդի, հյուրընկալության, կանանց հետ վարվելաձեւի կանոնները: Իսկ կինը պետք է իմանա երգել, պարել, նկարել, երաժշտական որեւէ գործիքի վրա նվագել, բանաստեղծություն գրել, լինել լավ խոհարար, կարողանալ ճիշտ ղեկավարել տունը, դաստիարակել երեխաներին, պետք է գաղափար ունենա աստղագուշակությունից, բժշկությունից, մոգությունից, ճարտարապետությունից: Տղամարդը նաեւ պետք է տիրապետի նշված հմտությունների մեծ մասին՝ հատկապես մոգությանը, ինչը Վաթսյայանայի պնդմամբ շատ կարեւոր է սիրային արվեստում: Տղամարդը պետք է տիրապետի կնոջը նրբորեն զգալու արվեստին, իմանա, թե որ կնոջն ինչպես պետք է մոտենալ, եւ իհարկե կարողանա այնքան ու այնպիսի որակի էներգիա տալ կնոջը, որ վերջինս ուժ ունենա բոլոր վերոնշյալ գործերը կատարելու համար:
Մանրամասնորեն շարադրված է սիրային վարվելակարգը: Վաթսյայանան զգուշացնում է սեքսի պարադոքսալ ճշմարտության մասին, այն է` տղամարդու եւ կնոջ սեռական մերձեցմանը բավարարող պայմաններն ընկած են սեքսից դուրս: Սեքսը` որպես էներգիա, պահանջում է միեւնույն ժամանակ էներգիայի այլ ձեւերի հոսք, առանց որի այն կխամրի ու կմեռնի: Մեծ տեղ է տրվում էրոտիկային, նախնական սիրախաղին: Եթե տղամարդու եւ կնոջ միասին լինելու պահին չկա կախարդական կայծը, ոչ մի քնարականություն, ռոմանտիկա, ապա սեքսը դառնում է անկենդան, մեռած մի բան, որը միայն կարող է երկու կողմին էլ լուրջ վնաս հասցնել: Ուստի գերադասելի է ընդհանրապես դրանով չզբաղվել: Ի դեպ, հեղինակը նշում է նաեւ, որ շատ դեպքերում որոշ ժամանակով անհրաժեշտ է ձեռնպահ մնալ սեռական կյանքից` էներգիա հավաքելու նպատակով:
"Կամասուտրա"-ն պնդում է, որ հարսանիքից հետո երեք օր նորապսակները պետք է ձեռնպահ մնան սեռական հաճույքներից, մինչեւ լիակատար վստահություն չհաստատվի զույգերի միջեւ: Տասն օր շարունակ ամուսինը պետք է աստիճանաբար մոտենա կնոջը, մինչեւ որ վերջինիս մոտ ամբողջովին վերանա վախը մերձեցման նկատմամբ: Առաջին օրերին տղամարդու կոպիտ վերաբերմունքի պատճառով կինը կարող է այդպես էլ ողջ կյանքում ներփակված, լարված ու սառը մնալ` դժբախտացնելով ե'ւ իրեն, ե'ւ ամուսնուն:
Այս աշխատությունը տղամարդկանց սովորեցնում է նաեւ կնոջը սիրաշահելու, նրան ճիշտ զգալու արվեստը:
"Կամասուտրա"-ն կարեւոր նշանակություն է տալիս կրթվածությանը: Գիտելիքների ձեռքբերումը մարդու հիմնական պարտականությունն է, որը նա պետք է կատարի մանկությունից սկսած:
Տղամարդը միշտ պետք է ուշադրությամբ ուսումնասիրի իր սիրած կնոջ յուրաքանչյուր գործողությունը, այդպիսով հասկանա նրա կրքոտության չափը եւ նախապատվությունները ու գործի դրանց համապատասխան, որպեսզի նրան ամենամեծ հաճույքը պատճառի: Երբեք չի կարելի շտապել, ոչինչ չի կարելի ստիպել, չի կարելի բռնանալ: Վաթսյայանան անընդհատ նշում է, որ սիրուց ուրախություն ստանալու համար անպայման անհրաժեշտ է փոխադարձություն:
Վաթսյայանայի աշխատության հիմնական իմաստը հետեւյալն է. մարդու վարքն ինչպես սիրո մեջ, այնպես էլ գործունեության այլ ոլորտներում, պետք է հիմնված լինի որոշակի էթիկական նորմերին եւ կոնկրետ պատվիրաններին հետեւելու վրա, այլ կերպ ասած` համապատասխան կրթության վրա: Եթե մարդը ճիշտ է կատարում իր կյանքի պարտականությունները առանց իր կրքերի զոհը դառնալու, ապա նա հաջողության է հասնում բոլոր այն գործերում, ինչին ձեռնամուխ է լինում: