ԼՂՀ անկախության 20-ամյակի նախօրեին "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը մամուլի ասուլիսում նախանշել է չորս ուղղություն, որոնց Հայաստանն ու Արցախը պետք է հետամուտ լինեն, դրանք են` բանակցային գործընթաց, պետականաշինություն, միջազգային համապատկեր եւ ՀՀ-ԼՂՀ փոխհարաբերություններ:
|
Բեքարյանի խոսքով` այսօր Ղարաբաղի մասին հիմնականում խոսվում եւ գրվում է հակամարտության կարգավորման համատեքստում: "ԼՂՀ մասին տեղեկատվության շուրջ 80%-ը նվիրված է հակամարտության կարգավորմանը, ինչը ճիշտ չէ",- նշել է վերլուծաբանը:
|
.jpg) |
Բանակցային գործընթաց
Բաքու-Ստեփանակերտ ուղղակի երկխոսության հնարավորությունների քննարկումն այսօր բանակցային գործընթացի զարգացման ամենահավանական սցենարն է, կարծում է վերլուծաբանը:
""Երբ արձանագրվի Մադրիդյան սկզբունքների "մահը", ինչը բավականին հավանական է Կազանի ձախողումից հետո, դրանց կփոխարինի կարգավորման նոր հայեցակարգ: Եթե կարգավորման` մինչեւ այժմ առաջարկված տարբերակները սպառված համարենք, տրամաբանական է, որ հաջորդ նախագիծը կամրագրի Բաքու-Ստեփանակերտ ուղղակի երկխոսության հարցը",- ասել է Կ. Բեքարյանը:
Վերլուծաբանը հիշեցրել է, որ Ադրբեջանն արդեն մերժել է այսպես կոչված "ընդհանուր պետության" առաջարկը, եւ մի քանի փուլի արդյունքում բանակցային սեղանին են հայտնվել Մադրիդյան սկզբունքները, որոնցում ինքնորոշման իրավունքին առավել մեծ տեղ է հատկացվել, քան մինչ այդ:
"Բանակցությունների տրամաբանությունը հետեւյալն է` եթե Ադրբեջանը պատրաստ չէ "ընդհանուր պետություն" ձեւավորել Ղարաբաղի հետ, ապա քննարկման առարկա է դառնում նրա ինքնորոշման իրավունքը",- հստակեցրել է վերլուծաբանը:
"Եթե Մադրիդյան սկզբունքները դուրս բերվեն կարգավորման օրակարգից, ինչն ամենեւին բացառված չէ Կազանի ձախողումից եւ Մեդվեդեւ-Ալիեւ երկկողմ հանդիպումից հետո, ապա գործընթացի հիմքում նոր փաստաթուղթ կդրվի",-կարծում է Բեքարյանը: Եվ նոր փուլում բանակցություններն ուղղակիորեն կընթանան Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ:
Պետականաշինություն
Ինչ վերաբերում է ԼՂՀ պետության կայացմանը, ապա Բեքարյանի խոսքով` ՄԱԿ-ի կողմից ճանաչված որոշ երկրների համեմատությամբ, ինչպիսին են Հարավային Սուդանը, Արեւելյան Թիմորը, Արցախը բավականին լավ ենթակառուցվածքներ ունի եւ կայացած պետություն է:
Միջազգային ֆոն
Ասվածի համատեքստում Բեքարյանն ընդգծել է Ղարաբաղյան կարգավորման շուրջ միջազգային համապատկերի փոփոխությունը: Կոսովոյի, Հարավային Սուդանի եւ կիսաճանաչված պետությունների ճանաչման գործընթացները փոխում են Ղարաբաղյան կարգավորման աուրան` անհնարինը դարձնելով հնարավոր: "Մենք չենք ձգտում կիսաճանաչվածության, մեզ համար կարեւոր է, որպեսզի ԼՂՀ-ն առաջին հերթին ճանաչի Ադրբեջանը,- նշել է փորձագետը` հավելելով,- սակայն եթե Ադրբեջանը ռազմական արկածախնդրության դիմի, ապա ԼՂՀ ճանաչումը կենսական անհրաժեշտության հարց կդառնա, քանի որ Հայաստանին հնարավորություն կտա պաշտպանել ԼՂՀ շահերը":
ՀՀ-ԼՂՀ
"Հայաստանը նպատակ չունի ԼՂՀ-ն Հյուսիսային Կիպրոսի վերածելուց, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: ՀՀ-ն հստակ քաղաքականություն է մշակել` ուղղված ԼՂՀ միջազգային ճանաչմանը, այսինքն` ձգտում է լիարժեք իրավական կարգավիճակ ապահովել այսօրվա փաստացի իրավիճակին",- նշել է Կ. Բեքարյանը:
.jpg) |
Կանխատեսումներ
Ղարաբաղյան կարգավորման գործընթացը Մոսկվայի նախաձեռնությամբ կակտիվանա, եթե Դմիտրի Մեդվեդեւը որոշի իր թեկնածությունը ներկայացնել ՌԴ նախագահական ընտրություններում:
"Կարծում եմ` բանակցային գործընթացի ներկա դադարը կշարունակվի մինչեւ նոյեմբեր-դեկտեմբեր: Եթե Մեդվեդեւը որոշի չմասնակցել ընտրություններին, ապա ՌԴ-ն որոշ ժամանակով կնվազեցնի իր ակտիվությունը` որպես միջնորդ",- նշել է Կ. Բեքարյանը:
|