ԴԱՄԻԱՆ ԱՄԱԴՈՒ
"France-24" հեռուստաընկերության մամուլի ծառայության ղեկավար
2006 թվականի դեկտեմբերից միջազգային տեղեկատվական գործակալությունների համար հայտնվեց նոր մրցակից` ի դեմս "Ֆրանս 24"-ի: Մարտահրավեր նետելով "CNN"-ին, "BBC"-ին եւ Ալ-Ջազիրային` նոր հեռուստաալիքը` "Ֆրանս 24"-ը, իր առաջ նպատակ դրեց լուսաբանել համաշխարհային կյանքի արդիական իրադարձությունները ֆրանսերեն:
Օրական` 24 ժամ, շաբաթական` 7 օր, սովորական եւ թվային ռեժիմներում: Հանրային հիմնադրամներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը ստացավ 80 մլն եվրո ամենամյա բյուջե: Հատուկ որոշմամբ նոր հեռուստաընկերությանը հատկացվեց 170 աշխատատեղ` ֆրանսերեն-անգլերեն եւ ֆրանսերեն-արաբերեն երկլեզու լրագրողների, ինչպես նաեւ 50 տեղ` տեխնիկական ծառայողների համար:
Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, լուրերի թողարկումից բացի, "Ֆրանս 24"-ի հաղորդումների ցանցը ներառում է նաեւ առանձնացված տնտեսական եւ սպորտային լուրեր, եղանակի տեսություն, հասարակական խնդիրների քննարկումներ, ֆրանսիական ապրելակերպի արվեստին անդրադարձող ակնարկներ, հատուկ հեռուստաէջ` գլխավոր տեսանյութով ու դիմանկարներով եւ մշակույթի ամենօրյա տեսություն: Սա արագ արձագանքման հեռուստաալիք է, որի իսկական նորարարությունը ոչ թե հաղորդումների ցանցի, այլ հեռարձակման ձեւի մեջ է:
-Մեր խնդիրն է ներկայացնել ֆրանսիական նոր հեռանկարները միջազգային տեղեկատվական իրականության մեջ: Ի՞նչ է սա նշանակում. երկար ժամանակ է, ինչ մենք տեղեկատվական դաշտում տեղավորվում էինք մի կողմից անգլո-սաքսոնական "BBC"-ի եւ "CNN"-ի, մյուս կողմից` պան-արաբական "Ալ-Ջազիրա"-ի եւ այլ մուսուլմանական հեռարձակողների տեղեկատվական ծածկույթների միջեւ, հետեւաբար մեր նպատակն է մեկ այլ` նոր եւ տարբերվող ճանապարհով դուրս գալ տեղեկատվական դաշտ: Ամեն դեպքում մեր հավակնությունն այն է, որ խոսենք մեկ լեզվով, ինչը նշանակում է, որ բոլոր ալեհավաքներով հեռուստադիտողները կունենան առանց տարբերության նույն տեղեկատվությունը, իհարկե, այն մի քիչ առանձնահատուկ կլինի արաբական լսարանի համար, բայց տեղեկատվության բովանդակության առումով այն չի տարբերվի մյուս ալեհավաքներով հեռարձակվող տեղեկատվությունից: Սա նշանակում է, որ մենք կտարբերվենք մեր մրցակիցներից: Տեղյակ ենք, որ օրինակ "Ալ-Ջազիրա"-ն մի կողմից շատ պարզ, կոնկրետ տեղեկատվություն է տրամադրում արաբական լսարանի համար, մյուս կողմից` անգլախոս լսարանի համար տոնայնությունը քիչ այլ է: Նույնը կարելի է ասել "CNN"-ի համար, որի տեղական հեռարձակումները մի փոքր տարբեր են միջազգային "CNN"–ի հաղորդումներից: Մենք միասնականացրել ենք լեզուն աշխարհով մեկ` անկախ այն բանից, թե ինչ լսարանի համար է նախատեսված տեղեկատվությունը:
Մեր մոտեցումն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ավելի "պանորամային" է, բազմակողմանի: Դա նշանակում է տեղ հատկացնել աշխարհի տարբեր կողմերում ծավալվող իրադարձություններին, որոնք ուղղակիորեն հաղորդվում են ամեն ժամ, եթե դա է պահանջում նորության հրատապությունը: Իրականացնում ենք կանոնավոր հաղորդումներ որոշակի թեմաների շուրջ, թոք-շոուներ: Մենք կարծում ենք, որ մեծ տեղ պետք է տալ բանավեճերին, քանի որ դրանք բնութագրում են նաեւ ֆրանսիական մտածելակերպը, ֆրանսիացիների վերաբերմունքը աշխարհի իրադարձությունների նկատմամբ: Ընդհանրապես ֆրանսիացիներն անընդհատ բանավիճում են` սոցիալական ապահովության խնդիրներից սկսած մինչեւ եղանակի կանխատեսումների մասին: Այդ պատճառով է, որ հաղորդումների ցանկում մեծ տեղ ենք թողել բանավեճերի համար:
Աշխարհում մոտ 110-120 մլն ընտանիքներ դիտում են մեր հաղորդումները, եւ նորից պետք է նշեմ` անվճար: Այսօր մեր առաջնային խնդիրներից է նաեւ հասանելի դառնալը ե՛ւ օդանավերում, ե՛ւ հյուրանոցներում, քանի որ մեր տեղեկատվությունն ուղղված է նաեւ շատ ճանապարհորդող մարդկանց, որոնք շատ անգամ առաջին կարծիք ձեւավորողներն են: Ինչ վերաբերում է առաջին արդյունքներին, որոնց հասել ենք, ակնհայտորեն շատ բարդ է չափել մեր միջազգային լսարանի մեծությունը, որն ընդգրկում է շուրջ 160 երկիր, իսկ ինտերնետային կայքում ունենք ամսական մոտ 7 մլն այցելու, որը վատ արդյունք չէ: Ինչպիսի՞ն է մեր վարկանիշը տարբեր լսարաններում. օրինակ` Աֆրիկայի ֆրանսախոս հատվածում մեր հաղորդումներն առաջատար դիրքերում են, եւ լսարանն էլ ավելի մեծ է, իսկ Եվրոպայում դեռ մի քիչ ետ է մնում, քանի որ պատմականորեն "BBC"-ն է գերիշխում, բայց որոշ երկրներում կամաց-կամաց առաջ ենք գնում: Դանդաղ, բայց հաստատուն քայլերով նոր լսարաններ ենք նվաճում, եւ սա միայն սկիզբն է:
Հեռուստաալիքը ստեղծվել է Ժակ Շիրակի նախաձեռնությամբ: Պետք էր բացել յուրահատուկ "BBC" ֆրանսերեն լեզվով, եւ այսօր հեռուստաալիքն իրոք ներկայացնում է իր հայացքն աշխարհին` հեռարձակվելով 250 մլն պոտենցիալ հեռուստադիտողների համար:
-Շատ լավ արդյունքներ ունենք Պորտուգալիայում, Իռլանդիայում, մի քանի երկրներում էլ մրցակցային շուկան այնքան մեծ է, առաջարկություններն էլ` այնքան շատ, որ շատ դժվար է ճիշտ արդյունքների գրանցումը, մի խոսքով` դանդաղ, բայց հաստատուն քայլերով նոր լսարաններ ենք նվաճում, եւ ամեն ինչ դեռ առջեւում է: Այսպիսով, եթե համեմատենք երկար ժամանակ գործող համակարգերի հետ, մենք դեռ բավական երիտասարդ ենք, մեր գործունեությունն սկսել ենք ընդամենը 2006թ. դեկտեմբերին:
-Որո՞նք են Ձեր պարտականությունները:
-Ես ղեկավարում եմ մամուլի ծառայությունը եւ ենթարկվում եմ հաղորդակցման, կապերի տնօրինությանը, իմ պարտականությունն է ներկայացնել, առաջ տանել (պրոպագանդել) մեր հաղորդումներն իրենց բազմազանությամբ, ներկայացնել դրանք ինչպես ֆրանսիական, այնպես էլ արտասահմանյան մամուլում: Կարելի է ասել` իմ աշխատանքը բավական մոտ է մամուլի գործակալությունների աշխատանքին, քանի որ հաղորդում ենք մեծ քանակով տեղեկատվություն: Իմ աշխատանքը նաեւ շատ ավելի կազմակերպչական է կառույցի եւ նրա ռազմավարության ներկայացման առումով, ես նաեւ մշտապես լինում եմ ինտերնետում, մասնակցում տարբեր քննարկումների: Արդեն 3 տարի է, որ զբաղվում եմ այս ամենով:
-Ձեր ընկերությունը պետակա՞ն է, թե՞ մասնավոր:
-Մենք ծախսում ենք մոտ 90 մլն եվրո 3 համակարգերի եւ ինտերնետային կայքերի համար, որոնք գործում են 3 լեզվով: Դրանք պետական միջոցներ են, այսօր միջազգային նշանակության ԶԼՄ-ները Ֆրանսիայում խմբավորված են մի կառույցում, որը կոչվում է "AEF" (Audio-Visuel Exterieur de la France)` Ֆրանսիայի Արտաքին Աուդիո-վիզուալ համակարգ: Այսօր այդ հոլդինգի կազմում են "France-24"-ը` 100%-ով, "Radio France International"-ը` 100%-ով, եւ 49 %-ով` "TV-5 Monde"-ը:
-Ունե՞ք արդյոք մրցակիցներ: -Ֆրանսիայում մեր տեղեկատվական ծրագիրն իր մոտեցման եւ բնույթի առումով միակն է: Մենք աշխատում ենք միջազգային լսարանի համար, իհարկե, նաեւ Ֆրանսիայի համար, կան նաեւ տեղեկատվական այլ ծրագրեր եւս, որոնք ազգային են: Հենց այստեղ` այս շենքում ենք մենք պատրաստում եւ ներկայացնում մեր յուրահատուկ արտադրանքը: Կարեւոր է նշել, որ մենք 150-200 թղթակիցներ ունենք մոլորակի գրեթե բոլոր կարեւոր մայրաքաղաքներում, որոնք մշտապես գտնվում են տեղերում:
-Ունե՞ք թղթակիցներ Հայաստանում: -Ո՛չ: Բայց, եթե կարեւոր դեպքեր են տեղի ունենում, մենք Փարիզից ուղարկում ենք մեր թղթակիցներին. ավելի հեշտ է մեկ կամ մի քանի անգամ մեկնելը, քան մշտական թղթակից պահելը: Հիշում եմ նաեւ մի քանի ռեպորտաժներ, որ Կովկասյան տարածաշրջանից կատարել էր մեր մոսկովյան թղթակիցը, ով ժամանակ առ ժամանակ այցելում է այդ շրջանները, համագործակցում ենք նաեւ այլ մեծ ընկերությունների հետ` "FTV"-ի, որը հսկա հանրային ընկերություն է, "GRN"-ի, մի քիչ` "AFB"-ի, մենք փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ` համագործակցելու համար նշված ընկերությունների թղթակիցների հետ: Հաճախ դրանք այն լրագրողներն են, որ մեզ մոտ են սկսել աշխատել, ինչը կարեւոր գործոն է, քանի որ նրանք 2-3 տարի մեզ մոտ փորձ են ձեռք բերել եւ հեշտ են պատկերացնում մեր մոտեցումները:
-Հեռուստադիտողի համար ինչո՞վ պետք է եզակի լինի "France-24"-ը, որպեսզի նա ընտրի ոչ թե "CNN"-ը կամ "BBC"-ն, այլ հենց "France-24"-ը: Ո՞րն է ձեր ընկերության առանձնահատկությունը: -Ես կարող եմ ասել, որ մենք չունենք մյուսներից ավելի լավ առաջարկ. մեր առաջարկն ուղղակի տարբերվում է: Կարծում եմ, որ հետաքրքրություն է առաջացնում իրադարձությունների մատուցման ձեւը, քանի որ նույն նյութը կարելի է տարբեր ձեւերով ներկայացնել, եւ արդյունքը կլինի տարբեր: Իհարկե, կան նաեւ այլ ԶԼՄ-ների հետ նմանություններ, քանի որ լինում են դեպքեր, երբ տարբեր իրադարձությունների նկատմամբ վերաբերմունք հայտնելիս ստիպված ես լինում կրկնել Փարիզի կամ Եվրոպայի տեսակետը: Փորձում ենք նաեւ ստեղծել դիտորդների խմբեր ամբողջ աշխարհում, որոնք մասնակցում են տարբեր իրադարձություններին, հուշում կամ առաջարկում են տեղեկատվություն: Մենք այն ստուգում ենք եւ հետո նոր հրապարակում:
-Եվ ովքե՞ր են այդ դիտորդները: -Դրանք մարդիկ են, ովքեր տիրապետում են տեղեկատվությանը, մասնակցում են ինտերնետային "բլոգներին", մենք դիմում ենք նրանց` աշխատելով խելացիորեն օգտվել նրանց տրամադրած նյութերից, նկարներից, կրկնում եմ, միայն ստուգելուց հետո, կարող ենք նրանց անվանել նաեւ "բլոգների" դիտորդներ: Այսօր նրանց թիվը մոտ 4000 է աշխարհում:
Հարցազրույցն իրականացվել է
"Մեր հարեւան Եվրոպական Միությունը.
Ֆրանսիա" ծրագրի (20.03.2010) շրջանակներում 06.04.2010