"ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ` ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ"
ՍՈՖԻ ՆԵՐԲՈՆ
Ազատությունների եւ տեղեկատվության
ազգային խորհրդի փոխտնօրեն
Ազատությունների եւ տեղեկատվության Ֆրանսիայի Ազգային խորհրդի (CNIL-ի) հիմնական առաքելությունը Ֆրանսիայի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունն է, այդ տվյալների հավաքագրման, օգտագործման գաղտնիության պահպանումը: Երբ 1974 թվականին Ֆրանսիայի կառավարությունը փորձեց ստեղծել անձնական տվյալների կենտրոնացված բազա, այդ գաղափարը հանրային դժգոհությունների տեղիք տվեց: Հեռախոսազրույցների գաղտնալսումը պատճառ դարձավ մի շարք պաշտոնյաների հրաժարականի, ինչին հետեւեց անձնական տվյալների կենտրոնացված բազա ստեղծելու գաղափարի զանգվածային մերժումը: Այդ ամենի արդյունքում ստեղծվեց CNIL-ը, որն այսօր ֆինանսավորվում է Ֆրանսիայի պետբյուջեից եւ գործում է որպես անկախ հանձնաժողով: Յուրաքանչյուր տարի CNIL-ը հրապարակում է զեկույց, որն ամփոփում է տարվա արդյունքները: Ֆրանսիացիների 47%-ը տեղյակ է CNIL-ի գործունեության մասին, իսկ 33%-ն ասում է, որ տեղյակ է, թե ինչ է արվում իրենց անձնական տվյալների պահպանման ուղղությամբ:
-Տեղեկատվության եւ ազատության մեր հանձնաժողովն անկախ վարչական իշխանություն է: Ֆրանսիական օրենսդրության համաձայն` անհատական իրավունքների ու պարտականությունների պաշտպանությունը վստահվել է անկախ վարչական մի իշխանության, որպեսզի այն հսկի տեղեկատվության ազատության օրենքի կատարումը: Հանձնաժողովը բաղկացած է 17 անդամից, ովքեր ներկայացնում են Ֆրանսիայի Սենատը, Ազգային Ասամբլեան, Պետական խորհուրդը, Վճռաբեկ դատարանը եւ այլ մարմիններ:
Ցանկացած քաղաքացի, ով համարում է, որ իր անձնական տվյալների գաղտնիությունը խախտվել է, կարող է դիմել մեզ: Տարեկան մոտ 4500 բողոք ենք ստանում: Այդ բողոքները հիմնականում վերաբերում են հեռահաղորդակցության խնդիրներին, անհատները բողոքում են կոմերցիոն "աղբի" դեմ: Հաճախ քաղաքացիները դժգոհում են, որ աշխատավայրում իրենց գործունեությունը վերահսկվում է ինտերնետային ցանցի կամ հսկիչ տեսախցիկների միջոցով: Շատ բողոքներ կան տարբեր ոլորտներից: Մենք ուսումնասիրում ենք այդ բողոքները, հսկողություն ենք սահմանում տեղում, պատժամիջոցներ ենք կիրառում այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք խախտել են օրենքը. սա CNIL-ի առաքելությունն է:
Իրականում մենք ունենք երկու հիմնարար ազատություն` խոսքի եւ մամուլի, մյուս կողմից անձի ազատությունն ու իրավունքները հարգելու անհրաժեշտությունն է: Տեղեկատվության եւ ազատության օրենքը հաշվի է առնում իրավունքների այդ համադրությունը` կարգավորելու համար խախտումները, շեղումները: Օրինակ` լրատվամիջոցները պարտավոր են նախապես զգուշացնել այն մարդկանց, որոնց մասին պատրաստվում են տեղեկատվություն հաղորդել, այդ անձն իրավունք ունի ճշտել կամ ուղղել ներկայացվող տեղեկատվությունը: Բացի այդ, երբ անձնական տվյալներ են հաղորդվում ԵՄ-ի սահմաններից դուրս, անհրաժեշտ է մեր համաձայնությունը: Մեր աշխատանքի եւս մեկ սկզբունք է տվյալների պահպանման տեւողությունը, ինչը վաղեմության ժամկետ է ենթադրում: Օրինակ` գաղտնի արխիվային տեղեկատվության հրապարակումը կարող է պատժվել 5 տարվա ազատազրկմամբ կամ 300 000 եվրո տուգանքով:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեությանը, ասեմ, որ այն պարտավորությունները, որոնք ունեն լրագրողները տվյալների անվտանգության առումով, պահպանվում են, երրորդ անձինք չեն կարող մուտք ունենալ այնտեղ: Մենք ունենք տեղեկատվության եւ ազատության թղթակիցներ, ինչը տեղեկատվություն հավաքելու ընթացքում թույլ է տալիս կիրառել օրինապահության սկզբունքը: Քրեորեն պատժվում են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը, որը հավաքվել է մի նպատակով, օգտագործվում է բոլորովին այլ ենթատեքստում, կամ երբ խախտվում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:
ԵՄ բոլոր 27 պետություններում գործում են Ազատությունների եւ տեղեկատվության հանձնաժողովներ: Սա Եվրամիության միասնական քաղաքականության արդյունք է: Աշխարհում գոյություն ունեն տվյալների պահպանությամբ զբաղվող 70-ից ավելի մարմիններ: Դրանց ներկայացուցիչներն ամեն տարի հավաքվում են միջազգային համաժողովում եւ մշակում անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներ, որոնք պետք է նույնը լինեն ինչպես մեծ, այնպես էլ փոքր երկրների համար:
Հարցազրույցն իրականացվել է
"Մեր հարեւան Եվրոպական Միությունը.
Ֆրանսիա" ծրագրի (10.04.2010) շրջանակներում 14.04.2010