-Ներկայացրե՛ք խնդրեմ Մարսելի եւ Երեւանի համագործակցությունը` որպես քույր քաղաքների: -Մարսելի եւ Երեւանի համագործակցությունը բավական երկար պատմություն ունի, որը նախաձեռնվել է քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի եւ Երեւանի նախկին քաղաքապետի կողմից եւ նպատակ է ունեցել զարգացնելու կարեւոր համագործակցություն երկու քաղաքների միջեւ մշակույթի եւ կրթության, մասնագիտական տեղեկատվության բնագավառներում, զարգացնելու համար տարածքային կառավարման համակարգը, քանի որ մի քանի տարի է, ինչ մեզ մոտ` Մարսելում, վերապատրաստում են անցնում Երեւանի քաղաքապետարանի պետական ծառայողներ: Համագործակցության ծրագրում կան նաեւ այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսին է տրանսպորտը, քանի որ վերջերս Երեւան ենք ուղարկել մեծ քանակով ավտոբուսներ Մարսելից: Թեմաները բավական շատ են, դա նաեւ մեզ համար առիթ է միմյանց ճանաչելու, միասին աշխատելու եւ միաժամանակ այնպես անելու, որ Մարսելի ձեռնարկությունները ներդրումներ կատարեն Հայաստանում: Դրանցից են այնպիսի հայտնի ձեռնարկություններ, ինչպիսիք են "Պերնո Ռիկար"-ը, որը զբաղվում է կոնյակի արտադրությամբ Երեւանում, եւ մենք հուսով ենք, որ դեռ կլինեն շատ այլ միջին եւ փոքր ձեռնարկություններ, որոնք կսկսեն գործել ձեր քաղաքում: Այս գործում մենք ունենք շատ բանիմաց մի օգնական` փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը, ով բազմաթիվ գաղափարներ ունի, որոնք, կարծում եմ, կիրականանան:
-Երկրորդ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հայաստանում շատերն են ասում, որ Դուք Ղարաբաղի հարցով մասնագետ եք. Ձեր կարծիքով` ե՞րբ կհասնենք այն օրվան, որ հնարավոր կլինի Ֆրանսիայի եւ Ղարաբաղի քաղաքների միջեւ ուղղակի համագործակցություն: -Մենք արդեն ունենք հարաբերություններ Ղարաբաղի հետ, քանի որ հաճախ ենք ընդունում Ղարաբաղի մշտական պատվիրակություններին: Այս ամսվա վերջին մենք սպասում ենք Ղարաբաղի ազգային ժողովի նախագահին նախարարներից կազմված պատվիրակության հետ: Իսկ ես կլինեմ Հայաստանում նոյեմբերի սկզբին Կովկասի հարցերով Ազգային Ասամբլեայի պատվիրակության կազմում, այդ ժամանակ էլ առիթ կունենամ լինելու նաեւ Ղարաբաղում: Ղարաբաղի նկատմամբ իմ դիրքորոշումն արդեն վաղուց է ձեւավորվել, դա այն է, որ Ղարաբաղի հանրապետությունը պետք է լինի անկախ: Ես շատ վատ եմ նայում այն հանգամանքին, որ Ռուսաստանը ճանաչում է Աբխազիան եւ Օսեթիան, բայց չի ճանաչում Ղարաբաղը: Ամեն դեպքում լավատես եմ եւ սպասում եմ լավ ելքի: Դա կարող է լինել Ղարաբաղի անկախ հանրապետություն կամ Հայաստանին միացված ինքնավար հանրապետություն, ինչը, վստահ եմ, կընդունվի միջազգային հանրության կողմից:: Մտածում եմ նաեւ, որ Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքով` Լաչինով անցնող ճանապարհը, որը կառուցվել է աշխարհի հայերի տրամադրած օգնությամբ, լավագույն ապացույցն է այդ կամքի, որով լծվել են այս գործին ինչպես Հայաստանը, այնպես էլ, մտածում եմ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Հարցազրույցն իրականացվել է
"Մեր հարեւան Եվրոպական Միությունը.
Ֆրանսիա" ծրագրի շրջանակներում 15.04.2010