Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԿԱՆԽԵԼ ՄԱԿ ԳԱ-ՈՒՄ ԼՂ ՇՈՒՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:
Պատասխան

                 Այո
                 Ոչ
                 Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՐԴԻԱԿԱ՞Ն Է ՈՒԺԵՐԻ ԲԱԼԱՆՍԻ ԽՆԴԻՐԸ:


Այո: 53.8%
Ոչ: 46.2%
Դժվարանում եմ պատասխանել: 0%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները







 

 


ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ   
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության
ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր
  


-Որո՞նք են Թուրքիայի այսօրվա քաղաքական կյանքի առանձնահատկությունները:
-Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի ներկա փուլի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ բարձրագույն զինվորականությունը, ըստ էության, "դե ֆակտո" զրկվել է կառավարության գործողության որոշումների վրա ներազդելու հնարավորությունից: Սա նոր երեւույթ է Թուրքիայի քաղաքական կյանքում, որն ի հայտ է եկել վերջին 1-2 տարիներին: Նույնիսկ քրեական մեղադրանքներ են ներկայացված թուրք այնպիսի բարձրաստիճան սպաների դեմ, ովքեր իրենց "մեծ ներդրումն" են ունեցել քուրդ գրոհայինների դեմ պայքարում:
Երկրորդ գործոնը քրդական շարժման ակտիվացումն է, որն ունի ոչ միայն ներքին, այլ նաեւ տարածաշրջանային պատճառներ. նախ` Հյուսիսային Իրաքում գոյություն ունի քրդական ինքնավարություն, երկրորդ` ամերիկյան զորքերը դուրս են բերվում Իրաքից: Իրենց ակտիվությամբ քուրդ ապստամբները հիմնականում PKK-ի ղեկավարության ներքո փորձում են մեծացնել ինքնավարությունը հետագայում անկախ պետականություն դարձնելու հնարավորությունները:
Թուրքիայում ընթացող գործընթացների երրորդ առանձնահատկությունը պայմանավորված է տնտեսական գործոնով: Վերջին տարիներին Թուրքիայի տնտեսական աճը շատ բարձր է եղել: Նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Թուրքիան կարծես թե կարողացավ արագ հաղթահարել ստեղծված իրավիճակը: Տեղի ունեցավ տնտեսության հետագա ազատականացում "Արդարություն եւ զարգացում" կուսակցության իշխանության շրջանում, ինչն էլ նպաստեց տնտեսական աճի բարձր տեմպերին:
Չորրորդ առանձնահատկությունը պայմանավորված է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխությամբ. ավելի մեծ նշանակություն է ստանում Թուրքիայի` Մերձավոր եւ Միջինարեւելյան քաղաքականությունը, որը նպատակաուղղված է այդ տարածաշրջանում Թուրքիայի նշանակությունը մեծացնելուն: Հատկանշական է, որ այս շեշտադրումների փոփոխությունները շատ արագ ու ագրեսիվ են տեղի ունենում: Որոշ դիտարկումներ թույլ են տալիս եզրակացնելու, որ Թուրքիայի` հատկապես վերջին մեկ տարվա արտաքին քաղաքականությունը ձեռք է բերում բավականին արկածախնդրային ուղղվածություն: Թուրքիան փորձում է արագ հասնել աշխարհաքաղաքական փոփոխությունների, ինչն էլ հանգեցնում է այնպիսի սրացումների, ինչպես օրինակ Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում:
Այս համատեքստում պետք է ճիշտ գնահատել եւս մի կարեւոր հանգամանք. Թուրքիան կարողացավ նաեւ Բրազիլիային ներգրավել Իրանի հետ եռակողմ համաձայնության մեջ, որը մեկուսացրեց Թուրքիան Արեւմտյան աշխարհից:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարած "զրո խնդիր հարեւանների հետ" քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես խնդիրների խորացում հարեւանների եւ ընդհանրապես աշխարհի հետ:

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Սրա հիմքում ընկած էր այն, որ Թուրքիան վերջին տարիներին տնտեսապես արագ զարգացել է, մեծ ռազմական պոտենցիալ ունի, եւ փորձում է այս ամենը տեղափոխել արտաքին քաղաքական դաշտ: Եվ դա ոչ թե զգուշորեն ու դանդաղ է իրականացնում, ինչպես կարելի էր սպասել, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը հանրապետության շրջանում եղել է շատ զգուշավոր, այլ փորձում է իրականացնել շատ ակտիվ ու ագրեսիվ կերպով:

-Թուրք-քրդական լարվածությունն առավել պայթյունավտանգ է դառնում: Հաճախակի են դարձել թուրք զինվորականների ու քուրդ զինյալների միջեւ զինված բախումներն ու զանգվածային անկարգությունները: Ի՞նչ գործընթացի հետ գործ ունենք, ու մինչեւ ո՞ւր կարող է այն հասնել:
-Բավականին բարդ հարց է: Անհրաժեշտ է շատ լուրջ ուսումնասիրել այդ իրադարձությունները: Թուրքիայում, բացի քեմալիզմից, մենք ականատես ենք եղել երկու հիմնական ուղղությունների`իսլամամետության եւ ազգայնամոլության: Հաշվի առնելով եղած փորձը` մեծ զգուշավորությամբ կարելի է ասել, որ ապագայում մենք կարող ենք ականատես լինել նրան, որ քեմալականները դաշինքի գնան ծայրահեղ ազգայնականների եւ պանթուրքիստների հետ: Չի կարելի բացառել, որ կարող են կրկնվել 1955 թ. սեպտեմբերի դեպքերը, որոնք, թեեւ ուղղված էին հույների դեմ, սակայն անմասն չմնացին նաեւ հայերը: Այս պարագայում այն կարող է ուղղվել քրդերի դեմ, սակայն հնարավոր է, որ հայերի դեմ եւս ուղղվի, եթե օրինակ դեպքերը տեղափոխվեն Ստամբուլ:

-Զինվորական հեղաշրջումները նորություն չեն Թուրքիայի պատմության համար: Վերջերս էլ Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացնում "Մեծ մուրճ" կոչվող ծրագիրը, որի համաձայն` զինվորականները փորձում են տապալել իշխող կուսակցությունը: Սակայն, կարելի է ասել, Էրդողանի կուսակցությունը դեռ դիմադրում է. ձերբակալվում են բանակի գեներալներ, հարյուրավոր կասկածյալներ: Ո՞ւր կարող է հասնել այս գործընթացը` հաշվի առնելով հաջորդ տարի նախանշված խորհրդարանական ընտրությունները:
-"Արդարություն եւ զարգացում" կուսակցությունը (ԱԶԿ) իրեն երկընտրանք ներկայացնող որեւէ հակառակորդ չունի: Քեմալական ուժերը Թուրքիայում, որոնք կենտրոնանում են հիմնականում "Ժողովրդա-հանրապետական" կուսակցության շուրջը, համենայն դեպս, մինչեւ հիմա չեն կարողանում ստեղծել լուրջ երկընտրանք իսլամականներին` ԱԶԿ-ին: Սա պայմանավորված է նաեւ տնտեսական հանգամանքով, եւ, բացի այդ, ԱԶԿ-ն վարում է շատ ճարպիկ ներքին քաղաքականություն: Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աչքի է ընկնում խարիզմատիկ հատկություններով եւ մեծ վստահություն ունի երկրում:
ԱԶԿ-ն կարողացավ այս տարիների ընթացքում ստեղծել իր տնտեսական հենարանը: Թուրքիայի տնտեսական ոլորտում գոյություն ունի այնպիսի մի երեւույթ, որը կոչվում է "տնտեսության մուսուլմանական սեկտոր", որն այսպես ասած սպասարկում է իշխող կուսակցության տնտեսական պահանջները: Թուրքիայում կան գործարարների մի քանի միություններ, որոնցից մեկն էլ իսլամամետ հայացքներ ունեցող "մուսուլման գործարարների միությունն է", որի կազմում մի քանի հարյուր գործարար է ընդգրկված:

-Քրդական շարժման ակտիվացումը Դուք կապո՞ւմ եք զինվորականների գործողությունների հետ:
-Ո՛չ: Քրդական շարժումը բավական բարդ երեւույթ է: Ես ավելի շատ այն արտաքին գործոնների հետ եմ կապում:

-Շատ փորձագետներ, ինչպես նաեւ քաղաքական ուժեր կարծիք են հայտնում, որ քրդական գործոնի ակտիվացումը կապված էր թուրք-իսրայելական հակամարտության հետ: Դուք ի՞նչ կապ եք տեսնում այս երկու գործընթացների միջեւ:
-Այո՛, ենթադրվում է, որ քրդական գործոնի ակտիվացումը կապված է Իսրայելի հետ: Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման պայմաններում Իսրայելը որոշակի գործողությունների է դիմել: Իհարկե, շատ դժվար է այդ մասին հստակ ասել, բայց ամեն դեպքում այդ կարծիքը կա:
Մամուլի հրապարակումները ցույց են տալիս, որ Իսրայելը որոշակի կապեր ունի քրդական կուսակցությունների ու կազմակերպությունների հետ եւ աջակցել է նրանց մասնավորապես այն հարցում, որ Հյուսիսային Քուրդիստանում ստեղծվի քրդական "նախապետական կառուցվածք"` ինքնավարության տեսքով: Չնայած տեսակետները տարբերն են, բայց որոշ տեսաբաններ կարծում են, որ քրդական շարժման ակտիվացումն ու թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը փոխկապակցված են: Իհարկե, այս հանգամանքը պետք է հաշվի առնել:

-Չնայած Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում առկա որոշակի լարվածությանը` կողմերը, այսպես ասած, փորձում են կարգավորել հարաբերություններն ու վերականգնել փոխադարձ վստահությունը, օրինակ` Իսրայելը որոշել է ազատ արձակել թուրքական նավերը եւ այլն: Ինչպե՞ս կգնահատեք թուրք-իսրայելական այսօրվա հարաբերությունները:
-Երկու պետություններն էլ, այսպես թե այնպես, պետք է համագործակցեն, քանի որ Մերձավոր Արեւելքում օբյեկտիվորեն նրանք պետք է դաշնակիցներ լինեն: Թուրքիայի նախաձեռնությունն է, որ հարաբերությունները վատթարանում են, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը նպատակ ունի տարածաշրջանում Թուրքիան դարձնել այսպես ասած կարեւոր կենտրոններից մեկը, որի համար Թուրքիան պետք է բարելավի իր հարաբերություններն արաբական աշխարհի եւ առհասարակ իսլամական աշխարհի հետ, ինչն իր հերթին հնարավոր է Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացնելով:
Չեմ կարծում, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը կհանգեցնի այս երկու երկրների միջեւ թշնամական հարաբերությունների: Դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ոչ միայն կպահպանվեն, այլ նաեւ համագործակցությունը շարունակելու հաջողված փորձեր կիրականացվեն: Իհարկե չեն լինի այնպիսի ջերմ հարաբերություններ, ինչպես մի քանի տարի առաջ էին, սակայն ամեն դեպքում համագործակցությունը մասնավորապես ռազմական ոլորտում կշարունակվի: Այս հարցում երկու կողմն էլ շահագրգռված է: Թուրքիան Իսրայելից ստանում է ռազմական այնպիսի տեխնիկա, որը նրան նույնիսկ Միացյալ Նահանգները չի վաճառում: Իսկ Իսրայելն այդ գործարքից մեծ եկամուտներ է ստանում: Որոշ տվյալների համաձայն` մեկ տարվա մեջ նմանատիպ "չերեւացող համագործակցությունը" Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հասել է մեկ միլիարդ դոլարի:

-Վերադառնանք քրդական խնդրին: Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրառեց "Քուրդիստան" բառը: Սակայն մինչ օրս պաշտոնական Անկարան միշտ խուսափել է այն կիրառել եւ Քրդստանի համար գործածել է "Հյուսիսային Իրաք", "Իրաքի հյուսիսային հատված" "Իրաքի քրդական հատված" եւ նման այլ արտահայտություններ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Անկարայի այս քայլը:
-Եթե այս քայլը դիտարկենք որպես քրդական հարցի նկատմամբ ԱԶԿ-ի քաղաքական ոլորտի գործողություն, ապա կարելի է ասել, որ քեմալականների համեմատ, իշխող կուսակցության քաղաքականությունը որոշակի ճկունություն է ձեռք բերում: Մինչեւ հիմա թուրքերը քրդական հարցը փորձում էին լուծել միայն ուժի կիրառմամբ: ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո քաղաքական վերնախավը իր համար մանեւրելու տեղ է թողնում: Եթե առավել ընդհանուր գնահատական տանք, ապա հարկ է նշել, որ Թուրքիան արդեն համակերպվել է այն հանգամանքի հետ, որ Իրաքի հյուսիսում գոյություն ունի ինքնավար Քուրդիստան: Բացի այդ` Թուրքիան բավական մեծ տնտեսական կապեր ունի այդ կազմավորման հետ: Մյուս կողմից պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք եւս. Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ կազմավորումը ինքնուրույն պետություն չդառնա:
"Քուրդիստան" բառն օգտագործել նշանակում է ընտրել չարյաց փոքրագույնը: Նման կերպ թուրքական իշխանությունները փորձում են խուսափել "ամենակարեւոր վտանգից":

-Պարո՛ն Սաֆրաստյան, անդրադառնանք կիպրական խնդրին: Հաագայի դատարանը որոշում ընդունեց, որ Կոսովոյի անկախությունը լեգիտիմ է: Այս որոշումը որոշակի փոփոխություններ մտցրե՞ց թուրքական տրամադրություններում կիպրական խնդրի կարգավորման հեռանկարի հարցում:
-Նախ աշխարհի դիրքորոշումը կիպրական խնդրի հարցում չի փոխվել: Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ է: Այն ԵՄ-ի կողմից դիտարկվում է ոչ թե դուալիստական պետություն, այլ պետություն, որն ունի ինքնավար հատված: Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Հաագայի որոշումը կիպրական խնդրի վրա չի կարող ազդեցություն ունենալ:

-Թուրքիայի այս քաղաքական խմորումներում ի՞նչ տեղ է զբաղեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
-Ընդհանուր առմամբ, Թուրքիայի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ վերջին ամիսների ընթացքում կարծես թե նվազում է:

-Ինչի՞ հետ է դա պայմանավորված:
-2006 թ.-ից սկսած` ԱԶԿ շրջանում նոր քաղաքական գիծ էր մշակել Հարավային Կովկասում, որի նպատակն է պառակտել այն: Հարավային Կովկասը ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի կողմից ավանդաբար ընդհանրություն է դիտարկվում: Նույնն էլ Թուրքիայի մոտեցումն էր: Սակայն վերջինս համոզվեց, որ չի կարող իր ազդեցությունը տարածել ողջ Հարավային Կովկասում:
Թուրքիան Ադրբեջանի հետ ունի հատուկ հարաբերություններ, իսկ Վրաստանը ցանկանում է շատ սերտ համագործակցել Արեւմուտքի հետ, մասնավորապես ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցել, իսկ դա հնարավոր է, եթե Թուրքիան իր համաձայնությունը տա (ՆԱՏՕ-ին անդամակցությունը կոնսենսուսով է որոշվում): Հաշվի առնելով այս ամենը` Թուրքիան փորձեց Ադրբեջանն ու Վրաստանը ներգրավել իր քաղաքականության ոլորտ` ստեղծելով Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցք, որի հիմքը պետք է կազմեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, իսկ հետագա տնտեսական հիմքը պետք է կազմեին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, Թուրքիայի տնտեսական եւ ֆինանսական ներգրավումը Ադրբեջանում ու Վրաստանում եւ այլն: Նույնիսկ ծրագիր կար, որ համատեղ զինվորական ջոկատներ էին ստեղծվելու` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգությունն ապահովելու համար, ինչը, իհարկե, Միացյալ Նահանգները թույլ չտվեց:
2008 թվականը, սակայն, իրադրությունը փոխեց եւ մեր տարածաշրջանի պատմության մեջ մտավ որպես "ջրբաժան" առաջացնող տարեթիվ: Վրաստանը` որպես Թուրքիայի գործընկեր, իր նշանակությունը կորցրեց, եւ աշխարհաքաղաքական առումով Վրաստանը շատ թուլացավ` կորցնելով իր տարածքային ամբողջականությունը: Դրանից հետո Թուրքիան գնաց Հայաստանի հետ բանակցությունների եւ ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն արձանագրությունների հարցում Թուրքիան փորձեց ինչ-որ համաձայնությունների հասնել նաեւ ԱՄՆ-ի հետ, ուստի արձանագրությունները կյանքի չկոչվեցին: Հաշվի առնելով այն, որ հնարավոր չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել այնպես, ինչպես ինքն է ցանկանում` Թուրքիան վերջին մի քանի ամիսների ընթացքում իր ակտիվությունը Հարավային Կովկասում թուլացրել է:
Թուրքիան համակերպվել է այն հանգամանքի հետ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը հիմա ուժեղ են, որ հնարավորություն չունի Վրաստանի միջոցով Ադրբեջանի հետ կապ հաստատել եւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը ստեղծել: Կարծում եմ, որ մոտակա շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թուրքիայից քայլեր սպասելն անիմաստ է:

-Այս դեպքում կարելի՞ է ասել` "մոռանալ արձանագրությունները":
-Ո՛չ, եւ պատահական չէ, որ հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են:

-Իսկ ժամկետներ կարո՞ղ եք նշել, թե երբ կարելի է, այսպես ասած, վերակենդանացնել գործընթացը:
-Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է որոշակի ժամկետներ ասել: Դա փոխկապակցված կլինի աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ, գուցե մեր տարածաշրջանում:

-Իսկ մեր տարածաշրջանում ի՞նչ հնարավոր տեղաշարժերի մասին կարող է խոսք լինել:
-Մեր տարածաշրջանում տեղի ունեցող հնարավոր իրադարձություններից ամենակարեւորը Իրանի դեմ ռազմական գործողություններ են, եւ մի փոքր ավելի ուշ Հյուսիսային Իրաքում քրդական պետություն ստեղծելու փորձերը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա չեմ բացառում, որ մոտ ապագայում Արեւմուտքը Իսրայելի հետ ռազմական գործողություն կիրականացնի Իրանի դեմ: Այս պայմաններում չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է օգտվել այն հանգամանքից, որ ուշադրությունը կենտրոնացած կլինի Իրանի վրա, եւ փորձի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

-"Մոտ ապագա" ասվածը կարո՞ղ եք կոնկրետացնել:
-Եթե հաշվի առնենք, որ կան վերլուծություններ, որոնք փաստում են, որ Իրանը 2-3 տարվա ընթացքում կարող է ունենալ միջուկային վառելիքի այնպիսի մակարդակ, որը կարող է օգտագործել միջուկային զենքի համար, կարծում եմ` սա այն ժամկետն է, որ դրված է այդ խնդիրը լուծելու համար:

-Երկուսի դեպքում էլ մենք ունեք լուրջ մարտահրավերներ: Որո՞նք են մեր անելիքները:
-Ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նման պետությունները կարողանան արագ կողմնորոշվել ֆորսմաժորային իրադրություններում: Կարծես թե մեր դիվանագիտությունն այդ փորձը ձեռք բերեց 2008 թ.-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Մենք կարողացանք ճիշտ գործել, որի արդյունքում մենք ոչ միայն չկորցրինք Ռուսաստանին` մեր ռազմավարական դաշնակցին, այլեւ խորացրինք համագործակցությունը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ: Մենք կարողացանք պահպանել հարաբերությունները Վրաստանի հետ: Բացի այդ` մենք կարողացանք հմուտ դիվանագիտություն վարել եւ ապահովել Արեւմուտքի օգնությունը Հայաստանին: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարողանում ենք օգտագործել մեր երկրի շահերի համար եւ այլն:
Նույնը պետք է անել այս պարագայում: Այնպես որ ե՛ւ մեր դիվանագիտությունը, ե՛ւ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն:
 
Տիգրան Պետրոսյան
28.07.2010

 
2010-09-03 19:30:35
ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԲԵՌԼԻՆ ...
Այսօր Բեռլինում բացվել է էլելտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկա ...
Մանրամասն
2010-09-03 16:10:05
ՍՈՒՐԲ ԽԱՉ. ԱՌԱՆՑ ԽԱՉԻ ...
Ըստ տեղեկությունների, պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբե ...
Մանրամասն
2010-09-03 14:06:26
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ ...
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ճապոնիայի կառավա ...
Մանրամասն
2010-09-03 12:32:07
ԱՂԱՍԻՆ` ՓԱՌՔԻ ՍՐԱՀԻ ԹԵԿԱՆԾՈՒ ...
Թենիսի Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի հաղթող, ամերիկացի Անդր ...
Մանրամասն
2010-09-03 11:52:42
ՏՊՈՂ ՄԵՔԵՆԱՆ ՆԱԵՎ ՊԱՏՐԱՍՏՈ՞ՒՄ Է ...
Ամերիկացի գիտնականները հայտաբերել են տարբեր ուտեստներ պատրա ...
Մանրամասն
 
Գրանցվել
  
 
 
 
 
 
 
 



ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ...
 
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀՀ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ...
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ-Պարո'ն Քոչարյան, մինչեւ թեմային անդրադառնալը` այսօր տոնում ենք Անկախության հռչակ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Իրավագետ, "Ժողովրդավարություն" ՀԿ նախագահ ...
 
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՎԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ...
ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Իրավագետ, Ժողովրդավարություն ՀԿ նախագահԺամանակակից միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը ...
ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գեղարքունիքի թեմի առաջնորդ, ՀԽ անդամ ...
 
ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀՈԳԵՎՈՐ ԵՆ ...
ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գեղարքունիքի թեմի առաջնորդ, ՀԽ անդամ-Սրբազա'ն հայր, մասնակցելով Աղթամար կղզու Սուրբ խաչ եկ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
ՌԴ արտգործնախարար ...
 
"ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅ ...
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ ՌԴ արտգործնախարար-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Լավրով, շնորհակալությո՛ւն, որ համաձայնեցիք հարցազրույցին: Պարո՛ն Լավր ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am
Copyright © 2006-2010 ARMEDIA IAA Inc.
All rights reserved