ԼԻՍԱԲՈՆՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՉԷՐ ՀԱՄԱԴՐՎՈՒՄ ԱԿՎԻԼԱՅՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՀՀ ՊՆ Ազգային
ռազմավարական հետազոտությունների
ինստիտուտի պետի խորհրդական
-ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը շատերը շտապեցին անվանել պատմական` նշելով Ռազմավարական հայեցակարգը, որը հաջողվեց ընդունել առաջիկա տասնամյակի համար: Ինչո՞վ եւ որքանո՞վ էր այն պատմական: -Նոյեմբերի 19-20 Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ իրոք տեղի ունեցան մի շարք կարեւոր իրադարձություններ, որոնցից թերեւս առանձնացնենք հենց Ռազմավարական հայեցակարգը, ինչպես նաեւ նոյեմբերի 20-ին ընդունված Լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագիրը:
Ռազմավարական հայեցակարգը հետսառըպատերազմյան շրջանում ընդունված 3-րդ փաստաթուղթն էր: Առաջինն ընդունվել էր 91թ.-ին, երկրորդը` 99թ.-ին: Բնականաբար այս հայեցակարգերից յուրաքանչյուրն իր վրա կրեց իր ժամանակի կնիքը, նախորդ տարիների զարգացումների ազդեցությունը: 1999թ.-ի Հայեցակարգն իր վրա կրեց 90-ականների այն բարդ, հետսառըպատերազմյան իրավիճակի, այդ թվում` հակամարտությունների, էթնիկ բնույթի այլ զարգացումների ազդեցությունը, որոնք տեղի ունեցան հետխորհրդային, ինչպես նաեւ եվրոպական տարածքներում, հատկապես` Բալկաններում, սակայն սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, պատերազմներն Իրաքում եւ Աֆղանստանում որոշակիորեն կերպափոխեցին այն օրակարգը, որով սահմանվում էր ՆԱՏՕ-ի գործունեությունն աշխարհում, այդ թվում` ՆԱՏՕ-ի ընդարձակումը, որը նախորդ տասը տարիների ընթացքում կարեւոր միջազգային իրադարձություններից մեկն էր, եւ այս ամենը խտացվեց նոյեմբերի 20-ին ընդունված Ռազմավարական հայեցակարգում:
-Փորձենք առանձնացնել Հայեցակարգի մի քանի կետ. շատերը նշեցին, որ այս փաստաթղթով կարելի է համարել, որ սառը պատերազմը վերսկսելու որեւէ միտում չունի, եւ այդ էջը կարելի է համարել թերթած: Ինչո՞վ է սա բացատրվում` Ռուսաստան-ՆԱՏՕ վերբեռնում կոչվածո՞վ, եւ արդյո՞ք Հայեցակարգն իսկապես ամրագրեց այդ ամենը: -Ռազմավարական հայեցակարգի վրա բավական մեծ աշխատանք է տարվել: Առաջին անգամ դրա մասին խոսվեց անցյալ տարի Ստրասբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, որի ընթացքում էլ որոշվեց, որ պետք է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթին պատվիրակել ղեկավարել փորձագետների խումբ, որը պետք է նոր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենին ներկայացներ այն առաջարկությունները, որոնց հիման վրա էլ պետք է կառուցվեր նոր Ռազմավարական հայեցակարգը: Անշուշտ, մայիսին Գլխավոր քարտուղարին ներկայացված առաջարկությունների փաթեթում կային այնպիսի ձեւակերպումներ, որոնք չարտացոլվեցին վերջնական փաստաթղթում, սակայն եթե վերլուծենք այն ձեւակերպումները, որոնք առկա են այդ առաջարկություններում, ապա կտեսնենք, որ այն բավական մանրակրկիտ կերպով ձեւակերպված փաստաթուղթ էր, եւ Մադլեն Օլբրայթը փորձել էր խտացնել այն բոլոր գույները եւ զարգացումները, որոնք կարող են հետագա 10 տարիների ընթացքում կերտել միջազգային հարաբերությունների օրակարգը: Ռասմուսսենի գործունեությունը եւս որոշակի առումով առանցքային է, չնայած եղան նաեւ այնպիսի քննադատություններ, որ նա փորձում է գործել ոչ թե որպես գլխավոր քարտուղար, այլ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար` նկատի ունենալով նրա գործունեության որոշակի ինքնուրույնությունը, կամ` որ նա գործում է որպես 29-րդ երկրի նախագահ: Այսինքն` կար որոշակի լարվածություն: Սակայն ի՞նչն է բնորոշ այս Ռազմավարական հայեցակարգին, այն, որ դա չլուծեց մեկ կարեւոր խնդիր, ինչն առկա էր նախորդ տասնամյակի ընթացքում:
ՆԱՏՕ-ն բավական բարդ կառույց է դարձել, քանի որ համադրում է 28 երկրների անվտանգության ընկալումները, հետեւաբար, եթե փորձենք ՆԱՏՕ-ի մեջ առանձնացնել սպառնալիքների գնահատման մեխանիզմները, ապա կարելի է առանձնացնել առնվազն երեք առանցք. առաջինը` Կանադա, Ամերիկա, Եվրոպայում` Մեծ Բրիտանիա, Դանիա, Հոլանդիա, երկրորդը` Գերմանիա, Ֆրանսիա առանցքն է` իրենց միջերկրածովյան աջակից երկրներով, եւ երրորդ` առավել ինքնատիպ հատվածն արեւելաեվրոպական հատվածն է, որոնք ունեն անվտանգության եւ սպառնալիքների սեփական համակարգ, եւ որոնք մեծապես պայմանավորեցին այն գործունեությունը, որով ՆԱՏՕ-ն պետք է անցնի եւ կերպափոխվի, եւ որն, ըստ էության, ամրագրվեց այս Հռչակագրում:
-Փորձենք առանձնացնել. ՆԱՏՕ-ՌԴ հարաբերություններն` ըստ Հայեցակարգի: Մի կողմից հիշում ենք, որ օգոստոսյան պատերազմից հետո կար հարաբերությունների աննկարագրելի սառեցում, եւ մյուս կողմից մենք հիմա տեսնում ենք, որ բոլոր` ե'ւ արեւմտյան, ե'ւ ռուսական փորձագետներն այս Հայեցակարգն անվանում են իրոք վերբեռնող, անգամ այսպիսի արտահայտություն են օգտագործվում` "ռազմավարական գործընկերություն նախատեսող հայեցակարգ": Ինչո՞վ էր սա պայմանավորված, եւ իրականում դա այդպե՞ս է: -Օբամայի` նախագահ դառնալուց հետո, բնականաբար, օրակարգում հայտնվեց Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու խնդիրը, եւ այդ նպատակին հասնելու համար ընտրվեցին մի քանի մեթոդներ, այդ թվում նաեւ Ամերիկա-Ռուսաստան վերբեռնման մեթոդը: Բայց իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ կա նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածություն, որը չի կարող ստվերել այն զարգացումները, որոնք տեղի ունեցան Վաշինգթոն-Մոսկվա հարթության մեջ, այսինքն` կա անհրաժեշտություն, որպեսզի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրները բերվեն նոր հարթություն, անհրաժեշտ էր մեկ քայլ առաջ կատարել եւ հաղթահարել լարվածությունը, որն ստեղծվել էր հնգօրյա պատերազմից հետո: Ինչպիսի՞ ճանապարհներ ընտրվեցին ՆԱՏՕ-ի կողմից. Ես, պատահական չէ, որ նշեցի Հռչակագիրը, քանի որ այն մտադրությունները, այն առաջարկություններն ու դրական աուրան, որոնք կային Հռչակագրի ընդունմանը նախորդող շրջանում, ըստ էության, ամփոփվեցին Հռչակագրում, որովհետեւ, եթե դա կարողանանք վերլուծել` կտեսնենք, որ կան որոշակի ձեւակերպումներ, որոնք, թվում է թե այնքան էլ կառուցողական չեն, բայց այնտեղ կա մեկ կարեւոր ձեւակերպում. Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է ռազմավարական նշանակության խնդիր: Եթե մոտենում ենք այդ տեսանկյունից, ապա հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի նշանակությունը ՆԱՏՕ-ի համար միանգամայն այլ է, քանի որ Ռուսաստանի դերակատարումը` կապված էներգետիկ անվտանգության խնդիրների հետ, ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանում առավել արդյունավետ գործունեություն ծավալելու հետ, անգնահատելի է: Եվ այդ առումով ՆԱՏՕ-ն հասկանում է, որ միայն Ռուսաստանի հետ ինտեգրման եւ փոխադարձ վստահության ճանապարհով կարելի է առաջ ընթանալ: Այստեղ կարեւոր է մեկ այլ հանգամանք, ինչպես նշում են մի շարք փորձագետներ, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում չկա փաստաթղթերի պակաս, չկա ինստիտուտների պակաս, սակայն կան հետեւյալ խնդիրները. ՆԱՏՕ-Ռուսաստան համատեղ գործակցության, համատեղ փաստաթղթերի մշակման եւ համատեղ ծրագրերի իրականացման իրական խնդիր կա: Եվ եթե Ռուսաստան-ՆԱՏՕ հետագա հարաբերությունները ձեւավորվեն փոխադարձ վստահության հիման վրա, ապա, անշուշտ, առաջիկա տասնամյակը կլինի իրոք բեռնաթափման, համագործակցության ժամանակահատված:
-Ցանկանում եմ անդրադառնալ ՆԱՏՕ-Թուրքիա զարգացումներին` հաշվի առնելով, որ ընդամենը գագաթնաժողովից 1-2 շաբաթ առաջ բավականին շատ էին խոսակցությունները, թե գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը դառնալու է հակահրթիռային համակարգի տարրերի` Թուրքիայում տեղադրելու հարցը, որին զուգահեռ ընթանում էին թուրք-ամերիկյան բանակցությունները: Կարելի՞ է ասել, որ խնդիրը լիովին լուծված է, հիշենք, որ Թուրքիան ժամանակ առ ժամանակ սպառնում էր ինչ-ինչ նախապայմաններով: -Թուրքիային հաջողվեց ստեղծել այնպիսի մի տեղեկատվական դաշտ այդ ամենի շուրջ, որ իրոք, այն խնդիրները, որով Թուրքիան ժամանել էր Լիսաբոն, ձեւավորեցին ամբողջ տեղեկատվական օրակարգը: Ինչպե՞ս էր Թուրքիան գնում Լիսաբոն, ինչպիսի՞ օրակարգ կար Թուրքիայի քաղաքական վերնախավի մոտ: Նախ, Դավութօղլուն երկու նախապայման էր ներկայացնում առ այն, որ եթե հակահրթիռային պաշտպանության համակարգ է տեղադրվում Թուրքիայի տարածքում, ապա այն պետք է ընդգրկի ամբողջ Թուրքիայի տարածքը, եւ երկրորդ` որ Իրանը ոչ մի կերպ չպետք է նշվի Հռչակագրում եւ Ռազմավարության հայեցակարգում` որպես պոտենցիալ միջուկային վտանգի աղբյուր: Դրան ավելացավ վարչապետ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ եթե հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղադրվում է Թուրքիայի տարածքում, ապա Թուրքիան պետք է ունենա իրավունք` այն օգտագործելու, այսինքն` պատկերավոր ասած` Թուրքիան պետք է սեղմի կոճակը: Այս երեք նախապայմաններով Թուրքիան մեկնեց Լիսաբոն: Իրոք Հայեցակարգում Իրանի վերաբերյալ նախատեսված ձեւակերպումը չկար, ինչին հատկապես ձգտում էր Ֆրանսիան: Փոխարենը նոյեմբերի 20-ին ընդունված Հռչակագրում այդ ձեւակերպումը կար, այսինքն` Հայեցակարգում չկար, Հռչակագրում կար, որտեղ նշվում էին այն բոլոր մտավախություններն, ըստ էության, ինչը որ Թուրքիան արտահայտում էր: Հետեւաբար առաջացավ որոշակի հակասություն` արդյո՞ք Թուրքիան կարողացավ հասնել իր նպատակին: Հայեցակարգային առումով` գուցե այո, իսկ արդյո՞ք նմանատիպ գնահատական կարող են տալ Հռչակագրի հետ կապված:
-Փորձենք անդրադառնալ ՆԱՏՕ-Հարավային Կովկաս առնչություններին, սկսենք մեր հյուսիսային հարեւանից. շատերն էին խոսում այն մասին, որ այս գագաթնաժողովը Վրաստանի` անդամակցության հետ կապված նկրտումներին այդքան էլ տուրք չի տալու: Խնդիր կար ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ չշեշտադրել Վրաստանի անդամակցության հարցը: Ի՞նչ տեղի ունեցավ մեր հարեւանի հետ: -Ինչպես գիտենք, 2008թ.-ի Բուխարեստի գագաթնաժողովը հանդիսացավ այն անկյունային իրադարձությունը, որը կանխորոշեց, թե ինչպիսի ճանապարհով պետք է անցնեն ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները, սակայն օգոստոսյան պատերազմը վերակարգավորեց այդ ամենը, եւ այս վերջին փաստաթղթի մեջ ըստ էության, չկար ուղղակիորեն ոչ մի հիշատակում Վրաստանի անդամակցության մասին, չնայած նշում են, որ բաց դռների քաղաքականությունը կրկին գերակայություն է մնում ՆԱՏՕ-ի համար, սակայն հենց Հռչակագրում նշվեցին այն բոլոր "դռները", որոնք Վրաստանի կապակցությամբ առկա են: Առաջին խնդիրը, որը նշվեց Հռչակագրում, դա հետեւյալ ձեւակերպումն էր, որ ՆԱՏՕ-ն վերահաստատում էր իր ցանկությունը` Վրաստանին տեսնել ՆԱՏՕ-ի շարքերում, եւ մյուս այլ ձեւակերպումները, որոնք այս կամ այն կերպ կան եւ շրջանառվում են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների կողմից: Այսինքն` Վրաստանը թեեւ չկարողացավ ձեւավորել ամբողջ օրակարգը, սակայն Վրաստանի հետ կապված խնդիրն առկա էր, բայց հետաքրքիր է այն տարբերությունը, որը տարվեց Ուկրաինայի եւ Վրաստանի միջեւ: Եթե Վրաստանի նկատմամբ իրականում հորդոր կար Հռչակագրում, որ պետք է Վրաստանը շարունակի իր քաղաքական, տնտեսական բարեփոխումները, որպեսզի առավել կայուն, սկզբունքներին հարիր պետական համակարգ ունենա, այդ ամենի հիշատակումը կարծես թե ուկրաինականում ավելի մեղմ էր, եւ այդ ձեւակերպումը թերեւս զգուշավորության քայլ էր` ուղղված Ռուսաստանին:
-Կարելի՞ է ասել` Ռուսաստանը հասավ իր նպատակին, եւ Վրաստանի ու Ուկրաինայի հնարավոր անդամության խնդիրն անժամկետ հետաձգված է: -Ինձ թվում է` եթե այդ հարցը կրկին նույն սրությամբ դրվի, ինչպես 2006-2008թթ., ապա շատ ավելի բարդ կլինի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների` այժմ ձեւավորված դրական մթնոլորտը պահպանել, որովհետեւ իրոք կարծես թե երկու կողմից առկա է գիտակցում, որ նախկինում եղել են բացթողումներ, փոխադարձ սխալ ընկալումներ, գնահատականների առումով եղել են գերագնահատումներ, թերագնահատումներ, եւ եթե Վրաստանի անդամակցության հարցը կրկին գա օրակարգ, ապա ինձ թվում է` կլինեն որոշակի խնդիրներ, եւ Ռուսաստանի համար այնքան էլ հաճելի չի լինի, եթե ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում այդ կնճիռը կրկին դառնա օրակարգային հարց:
-Անդրադառնանք Հարավային Կովկասին. Հռչակագրում առկա է այն պարբերությունը, որը գրեթե նույնությամբ կրկնեց նախորդ գագաթնաժողովի նույն մոտեցումը` կարծես հաշվի չառնելով, որ օրինակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով բանակցությունների դինամիկան այլ բան էր հուշում: Ինչո՞վ էր սա պայմանավորված, եւ ինչո՞ւ մենք ականատես եղանք այդ կրկնությանը: -Ես` որպես պատմաբան եւ միջազգայնագետ, ունեցա որոշակի խնդիրներ` հասկանալու եւ վերլուծելու այն, ինչը տեղի ունեցավ: Միջազգային հարաբերությունների համակարգը փոխադարձ պարտավորեցնող, բարդ ենթահամակարգ, ենթատարրեր ունեցող գործընթաց է, եւ, պատկերավոր ասած, միջազգային հարաբերությունները երկկողմանի երթեւեկության փողոց է, որտեղ խնդիրները չեն կարող միակողմանի լուծվել: Նույնը տեղի ունեցավ Հայաստանի պարագայում: Հայաստանը, որը հետեւողականորեն իրականացնում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով, ինչպես նաեւ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրով ստանձնած պարտավորությունները, հանկարծ այս փաստաթղթում այնպիսի ձեւակերպումների է կրկին ականատես լիում, կարծես թե փաստաթղթերի ձեւակերպմանը մասնակցել են երկրներ, որոնք ընդհանրապես կապ չունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Այստեղ հարց է առաջանում. արդյո՞ք նմանատիպ քայլերը չեն ստվերում այն ջանքերը, որոնք հենց այդ երկրների կողմից ներդրվել են, որպեսզի լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդրի պես բարդ մի խնդիր: Եվ եթե ԵԱՀԿ եւ ՄԽ համանախագահների մակարդակով այդ խնդիրն ունենում է նման զարգացում, ապա դա իրոք մտահոգություն եւ որոշակի խնդիրներ է առաջացնում. ինչպե՞ս մեկնաբանել այդ ամենը, որովհետեւ եթե մենք մի պահ դուրս գանք այն իրավիճակից, որը նախորդեց այս իրադարձությանը, կարծես թե տրամաբանական էր, որ պետք է ավելի չեզոք ձեւակերպումներ լինեին: Ինձ թվում է, որ նախագահի որոշումը` չմեկնել Լիսաբոն, միջազգային հարաբերությունների մեջ ընդունված ձեւաչափ է, որով անհամաձայնություն է հայտնվում այն մոտեցումներին, որոնք ժամանակ առ ժամանակ, կարծես, փորձում են հետադարձել այն բոլոր զարգացումներն ու ձեռքբերումները, որոնց կողմերը ձգտել են հասնել այդ ողջ ընթացքում: Ընտրովի մոտեցում այն սկզբունքներին, որոնք մեզ համար էական են եւ որոնք էական են, կարծես թե, համանախագահների համար` հակառակ ձեւակերպումներն են ստանում, եւ այն ամբողջ ճանապարհը, որը համատեղ անցել են, հետ է մղվում:
-Կարելի է գոնե ասել, որ անհասկանալի էր նման քայլը: Մինչ այդ բազմիցս ե’ւ համանախագահող երկրների կողմից, որոնցից երկուսը ՆԱՏՕ-ի անդամ են եւ քվեարկելու իրավունք ունեն (ԱՄՆ, Ֆրանսիա), ե'ւ ԵՄ բարձրագուն պաշտոնյաների կողմից, այդ թվում` արտաքին քաղաքականության պատասխանատուի, մի քանի անգամ շեշտվել էր, որ արդեն կա ընդհանրական ամրագրված քաղաքականություն երեք սկզբունքների վերաբերյալ: ԵՄ երկրների մեծ մասը ներկա են նաեւ ՆԱՏՕ-ում, այնտեղ են համանախագահ երկու երկրները, եւ փաստորեն ձեւակերպումը ոչ մի կապ չունեցավ այն ամենի հետ, ինչին ականատես էինք վերջին տարիների ընթացքում: Կա՞ արդյոք վտանգ, մարտահրավեր, որ այս պահվածքը կարող է տեղափոխվել նաեւ Աստանա: -Ինձ թվում է` ԵԱՀԿ գագաթնաժողովը, որը տեղի կունենա մյուս շաբաթ, կառանձնանա մի շարք առումներով: Առաջինն այն է, որ այլ են սպասումներն Աստանայի գագաթնաժողովից, կան մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է: Դա հատկապես վերաբերում է Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին. Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցել է այն "առաստաղները", որոնք սահմանված են այդ պայմանագրով: Դա դարձել է իրոք սպառնալիք ոչ միայն հարավկովկասյան անվտանգության համար, այլեւ` տարածաշրջանի համար` առավել լայն իմաստով: Հետեւաբար Աստանայի քաղաքական օրակարգը շատ ավելի հագեցած է: Բացի այդ "Ռեգնում" գործակալությունում տպագրվել էր հոդված, որտեղ մեր ինստիտուտի ղեկավարի կողմից կարեւոր ձեւակերպում էր բերված, որը կցանկանայի մեջբերել. Լիսաբոնյան գագաթնաժողովում Ռուսաստան-ՆԱՏՕ փոխադարձ վերագնահատումների այս փուլը կարող է լավ խթան հանդիսանալ, ոպեսզի վերագնահատվեն Հարավային Կովկասի զարգացումները, հատկապես` Եվրոպայում սովորական սպառազինություննեի հետ կապված, որովհետեւ եթե ՆԱՏՕ-ն եւ ՌԴ-ն ուրեւէ կերպ կարողանան համագործակցել, գուցե դա սահմանափակի Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ մեծածավալ զենքի գնումը եւ դրանց օգտագործումը թեկուզ եւ զինադադարի պայմաններում ՀՀ եւ ԼՂՀ սահմանների նկատմամբ:
-Երեւի հստակ պատկերացնում ենք, որ անհնար է, որ Աստանայի գագաթնաժողովն իր եզրափակիչ փաստաթղթում չպարունակի պարբերություն` առնչվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Եթե փորձենք մի փոքր հստակեցնել` ո՞րն է մեր ակնկալիքը, Աստանան ի՞նչ պետք է ամրագրի` որպես անդրադարձ Ղարաբաղին: -Ինձ թվում է, ամենաառաջինը, որը պետք է ամրագրի, դա Լիսաբոնյան հռչակագրում տեղ գտած ձեւակերպման շտկումն է, որովհետեւ եթե հանկարծ ինչ-որ կերպ արտացոլվեն այն տրամադրությունն ու տրամաբանությունը, որոնք որ առկա են այդ Հռչակագրում, ինձ թվում է, դա կնպաստի, որ հաջորդ տարին բանակցող կողմերն այնքան էլ դրական տրամադրություններով չսկսեն: Երկրորդ խնդիրը, որի շուրջ հարկ է խոսել` Աստանայի հետ կապված, այն է, որ ցանկալի է` կողմերը հստակ գնահատեն, թե ինչպիսի ձեւաչափ է իրենից ենթադրում նմանատիպ գագաթնաժողովը: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ որոշակի առաջխաղացումը շատ ավելի հավանական է, երբ նախագահները հանդիպում են եռաչափ ձեւաչափով, այսինքն` Ռուսաստանի նախագահի օգնությամբ: Նման ձեւաչափը խթան կարող է հանդիսանալ ավելի նեղ օրակարգի շուրջ, փոքր հարցերով առաջ ընթանալու համար, որն ավելի արդյունավետ կարող է լինել, քան նման մեծ` Աստանայի գագաթնաժողովի ձեւաչափով հարցի լուծման փորձերը: Գուցե հռչակագրային կամ փաստաթղթային ինչ-որ ձեւակերպումներ լինեն, սակայն ինձ թվում է, որ ակնկալել համապարփակ այնպիսի մի փաստաթուղթ, որը կարող է ընկած լինել հետագա բանակցությունների հիմքում, այս պահին դրա համար հիմքեր չկան, առավել եւս, ուսումնասիրելով Աստանայում տեղի ունեցող գագաթնաժողովի օրակարգը` տեսնում ենք, որ կարծես թե այնտեղ էլ որոշակի հստակությունների խնդիր կա, երկրի ղեկավարության կողմից եւս հայտարարվեց, որ այս պահի դրությամբ օրակարգային նմանատիպ խնդիր նման ձեւակերպմամբ կարծես թե չկա:
-Աստանայում կվերահաստատվի՞, օրինակ, եռանախագահ երկրների` Ակվիլայի հայտարարությունը` նախագահների մակարդակով` վերաբերող երեք սկզբունքների հավասարությանը եւ նրանց` մեկը մյուսից ստորադաս չլինելուն: -Ինձ թվում է, որ դա նվազագույն խնդիրն է, որը պետք է համանախագահները փորձեն կատարել, որովհետեւ Ակվիլայում ձեռք բերված հաջողությունների ֆոնին Լիսաբոնյան ձեւակերպումը կարծես թե չէր համադրվում, եւ հուսանք, որ Աստանայում ձեւակերպումները կլինեն առավել կառուցողական, կողմերը կհասկանան, որ շեղումներ չկան այն տրամաբանությունից, որոնց շուրջ ձեւավորվել են նախորդ տարիների ընթացքում կողմերի ջանքերը, եւ հուսանք, որ այդ առումով կլինեն առավել տեսանելի եւ առավել լուծմանը միտված բանաձեւումներ:
-Փորձենք ամփոփել. երկու գագաթնաժողով. Լիսաբոն` ՆԱՏՕ, առաջիկայում` Աստանա` ԵԱՀԿ: Արդյո՞ք այս գագաթնաժողովներն ի վիճակի են թուլացնել լարվածությունն, ընդհանրապես, հակամարտությունների գոտիներում, եւ մասնավորապես` Հարավային Կովկասում: -Ժամանակի առումով, իհարկե, կան որոշակի բարդություններ, քանի որ այլ են տրամադրությունները ներկա ժամանակահատվածում, ժամանակի ընթացքում փոխվել են նաեւ սպասումներն ու ակնկալիքները նմանատիպ գագաթնաժողովներից: Ցավոք սրտի, կա նաեւ այնպիսի մտահոգություն, որը հաճախ կարելի է հանդիպել վերլուծական կամ փորձագիտական խմբերի կողմից ներկայացվող քաղաքական վերլուծություններում: Եվրոպական անվտանգության համակարգում տեղի են ունենում լուրջ զարգացումներ, եւ Ռուսաստանը կողմ է, որպեսզի վերանայվի ողջ եվրոպական անվտանգության համակարգը` դեռեւս մյունխենյան հայտնի ելույթից հետո: Այժմ տեղի են ունենում խորքային կարգավորման գործընթացներ Հարավային Կովկասի շուրջ առկա անվտանգության "ճարտարապետության" շուրջ: Ինչպիսի՞ն կլինի այն հաջորդ տարիներին` դժվար է ասել, բայց միանշանակ է, որ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգության միջոցառումները միջազգային հանրության կողմից դիտվում են որպես առաջնահերթություն: Նմանատիպ համաժողովներում պետք է հակամարտության կողմերն առավել շատ ներգրավված լինեն, որովհետեւ նման համաժողովներում է ձեւավորվում ընկալումների այն դաշտը, որի շուրջ տեղի են ունենում ապագա զարգացումները: Հտեւաբար, թերագնահատել այս միջոցառումների, իրադարձությունների կշիռը, ինձ թվում է` ճիշտ չէ: Միաժամանակ հարկավոր է որոշակի "ռեալպոլիտիկի" դաշտ բերել այդ ամենը, գնահատել այն կարողություններն ու հնարավորությունները, այն սպառնալիքները, որոնք մշտապես թարմացվում են, մշտապես կերպափոխվում, եւ որոնց հիման վրա էլ ձեւավորվում են իրական քաղաքական զարգացումները:
-Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:
Հարցազրույցն իրականացվել է
"Իրական քաղաքականություն" (Realpolitik)
հեռուստահաղորդման (22.11.2010) շրջանակներում 25.11.2010