"ՇՎԵՅՑԱՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է"
ԹԱԼԻՆ ԱՎԱԳՅԱՆ
"Հայկական բարեգործական
ընդհանուր միության" ատենապետ
-Պատմեցե՛ք, խնդրեմ, շվեյցարահայ համայնքի մասին։ Ե՞րբ է այն ձեւավորվել եւ ո՞ր քաղաքներում է առավել ակտիվ: -Համայնքը ձեւավորվել է Ցեղասպանության հետեւանքով։ Կային բազմաթիվ որբեր, որոնց կառավարությունը 1920-30-ական թվականներին բերել էր Շվեյցարիա եւ ապաստան էր տվել ։ Այսօր այդ համայնքը մեծացել է, ճիշտ է` շատ մեծ համայնք չէ. ընդհանուր առմամբ, Շվեյցարիայում մոտ հինգ հազար հայ կա, որոնց մեծամասնությունը` մոտ երկու հազարը, ապրում է Ժնեւում, մյուսները` այլ քաղաքներում՝ Լոզան, Ցյուրիխ, Բեռն։ Համայնքը մեծամասնությամբ Պոլսից եկած հայեր են։ Նրանց թիվը երկար տարիներ չի փոխվում։
-Վերջերս եվրոպական մի շարք երկրներում շատ են ավելացել ադրբեջանական եւ թուրքական համայնքները։ Դուք կամ համայնքը զգո՞ւմ եք այդ ակտիվությունը, եւ ի՞նչ խնդիրներ են առաջանում։ -Նրանց թիվը գերազանցում է հայերինը։ Շվեյցարիայում այսօր մոտ հիսուն հազար թուրք կա, բավական մեծ թիվ են կազմում նաեւ քրդերը։ Երբ Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչեց ցեղասպանությունը, նրանք ոտքի կանգնեցին եւ փորձեցին խոչընդոտել, սակայն հաջողության չհասան։ Վերջերս էլ մի դատ եղավ թուրքի հանդեպ, որը փորձեց ասել, թե ցեղասպանություն չի եղել։ Շվեյցարացիները դրա դեմ օրենք ունեն, մենք կարողացանք գործադրել այդ օրենքը եւ շահեցինք այդ դատը թուրքերի դեմ, ինչը մեծ քայլ էր մեզ համար։
-Ի՞նչ հիմնական խնդիրների շուրջ է համախմբվում համայնքը։ -Կան զանազան միջոցառումներ, որոնք համախմբում են համայնքը։ Մենք Հայ տուն ունենք, եկեղեցի ունենք։ Համայնքի նպատակը հայապահպանությունն է, հայ մշակույթը վառ պահելը։ Մեր ամենամեծ խնդիրը մեր ազգի ձուլումն է։ Եվ մենք միշտ պայքարում ենք դրա դեմ։
-Ի՞նչ օրակարգով է աշխատում համայնքը, եւ արդյո՞ք օրակարգում տեղ հատկացվում է Ղարաբաղին եւ նրա միջազգային ճանաչմանը։ -Մենք միշտ, անշուշտ, դրա համար պայքար ենք տանում։ Մենք համայնքում զանազան կազմակերպություններ ունենք, որոնք ոչ թե քաղաքական, այլ ավելի շատ մշակութային կազմակերպություններ են։ Դրանք այդքան չեն զբաղվում քաղաքական ճանաչման հարցերով. կան փոքր խմբեր, որոնք զբաղվում են այդ քաղաքական հարցերով։
Մանե Մարգարյան
Հարցազրույցն իրականացվել է
"Մեր հարեւան Եվրոպան-
Շվեյցարիա" ծրագրի շրջանակում
21.02.2011