"Մարդկային կյանքը տիեզերքի համար մի ակնթարթ է, լցրե՛ք այն սիրով եվ իմաստությամբ"
Աննա Հախվերդյան
Աստղաբան
-Հայտնի է, որ Ֆեն-շույը մի քանի հազար տարվա պատմություն ունեցող չինական գիտություն է, որն այժմ տարածվել է աշխարհով մեկ: Խնդրում եմ, ներկայացրե՛ք այդ գիտությունը, այն ի՞նչ է իրենից ներկայացնում:
-Այո՛, Ֆեն-շույ հին չինական գիտությունը բազմահազարամյա պատմություն ունի: Վերջերս կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ Ֆեն-շույի արմատները խորանում են մինչեւ նեոլիթի ժամանակաշրջան, շուրջ 6000 տարի մ.թ.ա.: Հին Չինաստանում Ֆեն-շույը համարվել է “կայսերական արվեստ”, որի գաղտնիքները հասանելի էին միայն կայսրին եւ արքունիքի վերնախավին, սովորական մահկանացուներից այն թաքցվում էր մահապատժի սպառնալիքով: Այսօր, իհարկե, իրավիճակը փոխվել է, եւ այս գիտությանը ցանկության դեպքում կարող է տիրապետել յուրաքանչյուրը:
“Ֆեն-շույ” անվանումը թարգմանաբար նշանակում է “օդ եւ ջուր”: Այս հնագույն ուսմունքի հիմքում ընկած է մարդու եւ նրան շրջապատող աշխարհի` երկնքի եւ երկրի միջեւ գոյություն ունեցող ներդաշնակության սկզբունքը: Հին չինական աշխարհայացքն այնպիսին էր, որ այստեղ բացառիկ կարեւորություն էր տրվում երկինք-մարդ-երկիր եռամիությանը, առանց
որի անհնարին է ապահովել տիեզերական Ցի էներգիայի բնականոն հոսքը: Տիրապետելով բնության մեջ գործող տարերքների գաղտնիքներին` չինացի իմաստունները ստեղծեցին գիտությունների մի վիթխարի համակարգ, որը մարդուն հնարավորություն է տալիս ներդաշնակ ապրել իր շրջակա աշխարհի հետ, լինել հաջողակ, առողջ եւ երջանիկ: Այսպիսով, ըստ Ֆեն-շույի, ստեղծելով ներդաշնակ միջավայր մեր շուրջն ու հետեւելով այս գիտության պարզագույն կանոններին, մարդն անպայման կիրականացնի իր բոլոր ցանկություններն ու իղձերը, եթե իհարկե դրանք չեն հակասում տիեզերական օրենքներին: Ֆեն-շույի համաձայն` մեզ շրջապատող ցանկացած իր կամ երեւույթ ունի իր դրական կամ բացասական ազդեցությունը, քանի որ օգնում է կամ խոչընդոտում Ցի էներգիայի բնականոն հոսքին: Եվ, բնականաբար, որքան ավելի ճիշտ է կազմակերպված մեզ շրջապատող միջավայրը, այնքան ավելի հաջողակ, երջանիկ եւ կենսուրախ է այդ միջավայրի բնակիչը:
-Աննա, իսկ որքա՞ն ժամանակ է, որ Դուք ուսումնասիրում եւ կիրառում եք այս գիտությունը եւ ինչպե՞ս սկսեցիք դրանով զբաղվել:
-Արդեն հինգ տարի է, ինչ ես հաղորդակցվում եմ այս հրաշալի գիտության գաղտնիքներին եւ ամեն անգամ կրկին ու կրկին հիանում նրա պարզությամբ եւ արդյունավետությամբ: Ես սկսեցի կիրառել Թռչող աստղերի դպրոցի գիտելիքները, որը հիմնված է Լո-շու քառակուսու մեջ եղած ինը թվերի կամ “աստղերի” ամենամյա օրինաչափ փոփոխման վրա, եւ անմիջապես ստացա հիանալի արդյունքներ: Այդ ժամանակ իմ կյանքում բարդ ու խառնաշփոթ իրավիճակ էր, եւ պետք է խոստովանեմ, որ Ֆեն-շույը ինձ բավականին օգնեց հաղթահարելու այդ ճգնաժամը:
-Ինչպիսի՞ առարկաներ է հարկավոր այս տարի տանը դնել երջանկության, բարեկեցության համար:
-Ասեմ, որ կարեւոր են ոչ միայն առարկաները, այլեւ նրանց տեղադրության վայրը կամ աշխարհագրական կողմը, որտեղ դուք պետք է տեղադրեք այս կամ այն իրը: Թռչող աստղերի դպրոցի համաձայն` այս տարվա բարի եւ օգտակար աստղերը կիջեւանեն հարավում (N1), արեւելքում (N4), արեւմուտքում (N8) եւ հյուսիս-արեւելքում (N9):
N1 ջրային աստղը այս տարի հարավային դղյակում է, այն բացառիկ բարենպաստ դիրքում է եւ կարող է ձեզ պարգեւել մեծ հաջողություններ գործնական եւ անձնական ոլորտներում: Եթե հարավային հատվածում է գտնվում ձեր աշխատասենյակը կամ ննջարանը, ապա տեղադրելով այստեղ Վիշապի եւ Փյունիկի պատկերով հատուկ չինական մեծ կոպեկ, դուք կվայելեք հաջողության եւ բարգավաճման պտուղները ողջ տարի: Այստեղ կարելի է նաեւ տեղադրել մետաղական (ոչ սրածայր) առարկաներ:
N4 Կանաչ արեւ աստղը այս տարի արեւելյան դղյակում է, այն ձեզ հաջողություններ կպարգեւի կարիերայի, սիրո, ուսման եւ ստեղծագործական բնագավառներում: Այստեղ կարելի է տեղադրել երջանիկ գրկախառնված զույգի պատկեր, վիշապակրիա եւ զույգ բադիկներ: Աշխատասեղանին ցանկալի է տեղադրել կապույտ առարկաներ` թուղթ, գրքեր եւ այլն, ինչպես նաեւ փոքրիկ բյուրեղապակյա երկրագունդ:
Եթե դուք երազում եք բարելավել ձեր ֆինանսական դրությունը, ապա եկող տարում խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել արեւմտյան կողմի վրա, որտեղ իջեւանում է ֆինանսական բարգավաճման N8 սպիտակ հողային աստղը: Եթե ձեր տան կամ աշխատավայրի մուտքի դուռը բացվում է արեւմտյան ուղղությամբ, ապա ողջ տարի բարգավաճումն ու նյութական բարեկեցությունը կուղեկցեն ձեզ: Այս հատվածում անհրաժեշտ է տեղադրել բյուրեղապակյա վիշապ, եռաոտ կարմիր գորտ եւ վառ կարմիր իրեր` մոմեր, ծածկոցներ, գորգեր: Արեւմուտքը ակտիվացրե՛ք նաեւ մշտական մարդկային ներկայությամբ, այստեղ կարող են նաեւ պարապել երեխաները: Խուսափե՛ք մետաղական ծանր իրերից:
Բարենպաստ մանուշակագույն N9 աստղը գտնվելու է հյուսիս-արեւելքում: Անցկացրե՛ք այստեղ այնքան շատ ժամանակ, որքան կկարողանաք, քանի որ այս հատվածում է լինելու նաեւ տարվա Վիշապը, որը կապահովի ձեր բարեկեցության դանդաղ, բայց կայուն աճը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այստեղ տեղադրե՛ք նաեւ վեց չինական կոպեկներ եւ կանաչ ծաղկող բույսեր:
Պետք է նշել նաեւ, որ նյութական բարեկեցության եւ հանրաճանաչության վեցերորդ մետաղական սպիտակ աստղը կգտնվի կենտրոնական դղյակում, որը նպաստավոր է բիզնեսով եւ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար: Այստեղ հատուկ իրեր չեն պահանջվում: Եթե տան կենտրոնում է գտնվում ձեր ննջասենյակը, ցանկալի է օգտագործել մուգ կապույտի կամ սեւի երանգներ հարդարանքի մեջ:
-Իսկ կա՞ն արդյոք բացասական ուղղություններ, ո՞ր հատվածներից է ցանկալի խուսափել:
-Այո՛, անշուշտ կան: Հողային մուգ անբարենպաստ աստղը զբաղեցնելու է հյուսիսային դղյակը: Տան այս հատվածում մի՛ տեղադրեք վառ գույնի առարկաներ եւ մոմեր, պահպանե՛ք այստեղ լռություն եւ աշխատե՛ք քիչ գտնվել այս հատվածում: Ֆեն-շույի հատուկ առարկաներից հյուսիսում ցանակալի կլինի դնել պղնձի ձուլակտոր եւ մեկ փիղ` վեր բարձրացրած կնճիթով:
Վիճաբանություն առաջացնող N3 նեֆրիտե աստղը թռնում եւ հայտնվում է հարավ-արեւմուտքում, որը գալիք տարվա վատագույն ուղղություններից է: Այս հատվածի բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար օգտագործե՛ք հարդարանքի մեջ վառ գույներ` ոսկեգույն, վարդագույն, կարմիր, դարչնագույն, տեղադրե՛ք նաեւ այստեղ մոմեր եւ լամպեր:
Հիվանդությունների եւ անհաջողության N5 դեղին աստղը զբաղեցնելու է հարավարեւելյան դղյակը: Այստեղ մի՛ անցկացրեք շինարարական կամ վերանորոգման աշխատանքներ:
N7 Կարմիր մետաղական աստղը գտնվելու է հյուսիս-արեւմուտքում: Մի՛ տեղադրեք այստեղ մետաղյա իրեր, նաեւ խուսափեք մոմերից եւ վառ գույներից:
-Իսկ ո՞ր գույներն են այս տարի առավել հաջողակ:
-Գույներից, իհարկե, ես կցանկանայի առանձնացնել կապույտը իր երանգներով, ոսկեգույնը, պղնձագույնն ու կանաչը:
-Ըստ արեւելյան օրացույցի` 2012-ը կապտասեւ ջրային վիշապի տարին է, ինչպիսի՞ն կլինի այն: Ինչպե՞ս դիմավորել Ամանորը` ըստ Ֆեն-շույի:
-Այո՛, 2012-ը կապտասեւ ջրային վիշապի տարին է: Այն սկսվելու է ըստ արեւելյան արեգակնային օրացույցի փետրվարի 4-ին: Տարվա տարերքն է հողի վրա նստած ջուրը, որը, ըստ չինական մեթաֆիզիկայի,
անբարենպաստ եւ հակասական միություն է, ինչպես օրինակ օվկիանոսը եւ ափամերձ ժայռերը, որոնց ալիքները մշտապես հալածում են: Այնպես որ տարին խոստանում է լինլ բարդ ու հակասական, անակնկալներով լի: Ամանորը պետք է ցանկացած դեպքում դիմավորել ուրախ տրամադրությամբ, որպեսզի առաջիկա տարին լինի հաջողակ: Մեր Ամանորի համար Ֆեն-շույը հատուկ խրատներ չունի, քանի որ արեւելյան օրացույցի համաձայն` տարին փոխվում է միայն փետրվարի 4-ից:
-2012-ը ի՞նչ տարի կլինի հայերի եւ Հայաստանի համար:
-Հայաստանի համար առաջիկա տարին եւս լինելու է բարդ եւ անցումային: Որոշակի առաջընթաց է կանխատեսվում հայ-թուրքական հարաբերություններում: Հատկապես լարված կլինեն ապրիլ-մայիս ամիսները: Տարին աննպաստ է տնտեսական ոլորտի համար, բայց նպաստավոր կլինի մշակույթի եւ բնապահպանության համար: Բնական աղետների պակասություն եւս չի զգացվի: Բացի ջրային աղետներից` սպասվում են նաեւ երկրաշարժեր, քանի որ ինքը` Վիշապը, ըստ չինական պատկերավոր մտածողության, նույնացվում է լեռնաշղթաների հետ, որոնք ավանդաբար սեյսմիկ բարձր ակտիվության գոտիներ են:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Մարդկային կյանքը տիեզերքի համար մեկ ակնթարթ է տեւում: Ես կցանկանայի, որ մարդն այս ակնթարթն աննպատակ չվատնի, այլ իր կյանքի բոլոր պահերը լցնի սիրով եւ իմաստությամբ: Եղե՛ք առողջ, երջանիկ եւ հաջողակ: