"Շոտլանդիան առաջադեմ է գենդերային հավասարության հարցում"
Նիկի Կանդիրիկիրիրա
Շոտլանդիայի
"Engender" ՀԿ գործադիր տնօրեն
-Ո՞րն է Ձեր կազմակերպության գործառույթը:
-Մեր կազմակերպությունը` "Engender"-ը, ֆեմինիստական է: Մեր գործառույթն է վերլուծել այն ամենը, ինչ տեղի է ունենում հանրային քաղաքականության մեջ, ուսումնասիրել դրանց ազդեցությունը կանանց վրա եւ կարծիք արտահայտել դրանց վերաբերյալ: Մենք նաեւ վերլուծում ենք տեղական իշխանությունների քաղաքականությունը եւ այդ քաղաքականության ազդեցությունը կանանց վրա: Այս ամենի վերաբերյալ հանրությանը տրամադրում ենք ամբողջական տեղեկատվություն:
-Ի՞նչ քայլեր են իրականացվում Շոտլանդիայի քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ:
-Պետք է նշեմ, որ Շոտլանդիայի սեփական խորհրդարան ունենալուց հետո Շոտլանդիայում պայմանները կանանց համար շատ ավելի լավացան` համեմատած Միացյալ Թագավորության միջին ցուցանիշի հետ: Միացյալ Թագավորության խորհրդարանում կանայք 7-12 տոկոս են կազմում, իսկ Շոտլանդիայում՝ մոտ 40 տոկոս, որը համաշխարհային մակարդակով բարձր ցուցանիշ է համարվում: Եթե չեմ սխալվում, երկրորդ տեղն էինք զբաղեցնում: Վերջերս տոկոսը նվազել է. կազմում է մոտ 33-34: Այժմ մենք պայքարում ենք, որ այդ թիվը նորից բարձրանա:
-Ձեր պայքարի բարիկադի մյուս կողմում ովքե՞ր են:
-Աշխարհի շատ երկրների նմանությամբ` մեզ մոտ նույնպես կարծրացած է նահապետական կառուցվածքը: Քաղաքական կուսակցությունների կառուցվածքը նույնպես պահպանողական է: Կառավարությունում տղամարդիկ ավելի շատ են: Մենք ավելի շատ միջոցներ պետք է ձեռնարկենք իրավիճակը շտկելու եւ կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար:
-Այսօր Շոտլանդիայում քննարկվում է անկախության հանրաքվեի հարցը: Եթե, օրինակ, հանրաքվեն լիներ հաջորդ կիրակի, Դուք ինչպե՞ս կքվեարկեք:
-Չգիտեմ, թե ինչպես կքվեարկեի, քանի որ հստակ պատկեր դեռ չկա, թե Շոտլանդիայի ժողովրդի համար ինչ ազդեցություն կունենա հանրաքվեն: Ոչ մի կոնկրետ թիվ կամ հաշվարկ չի ներկայացվել հանրությանը` անկախության հետ կապված փոփոխությունների, առավելությունների վերաբերյալ: Կարծում եմ, որ ժողովուրդը դեռ բավականաչափ տեղեկացված չէ որոշումներ կայացնելու համար:
-Անդրադառնանք հանդուրժողականության խնդրին Շոտլանդիայում:
-Կարծում եմ` հանդուրժողականության մակարդակը բավականին բարձր է Շոտլանդիայում: Իհարկե կան նաեւ խնդիրներ: Կառավարությունը լավ մշակած քաղաքականություն ունի այս հարցում, սակայն միշտ չէ, որ այն իրականացվում է: Հանրային մակարդակի վրա բացեր կան՝ ռասիզմը, սեռերի նկատմամբ խտրականությունը, կանանց հետ կապված կարծրատիպերը տարածված են, բռնությունը կանանց դեմ` նույնպես: Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ տարբերություն կա բարձրաձայնվածի եւ իրականության միջեւ:
-Խնդիրների առումով որտե՞ղ է վիճակը ավելի լավ` Շոտլանդիայում, Միացյալ Թագավորության մյուս մասերում, թե՞ Եվրոպայում:
-Նշեմ, որ Միացյալ Թագավորությունում Շոտլանդիան առաջատարն է կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի հարցում: Շոտլանդիայում հստակ նշվում է, որ սա գենդերային անհավասարության արդյունք է եւ համակարգի սխալներից է: Միացյալ Թագավորությունում իրավիճակը տարբերվում է: Շոտլանդիան առաջադեմ է գենդերային հավասարության հարցում:
"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ
Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան
օժանդակությամբ իրականացվող "Շոտլանդիա. խորհրդավոր եւ իրական" ծրագրի շրջանակում 22.05.2012