-Ի՞նչ կարող եք պատմել շոտլանդական վիսկիի պատմության մասին:
-Այն վիսկին, որ մենք այժմ արտադրում ենք Շոտլանդիայում, նույն ձևով է պատրաստվում, ինչպես առնվազն 500 տարի առաջ: Առաջին գրավոր վկայությունը շոտլանդական վիսկիի մասին 1494 թ. է արձանագրվել: Բայց մենք իհարկե գիտենք, որ դրանից առաջ էլ շոտլանդական վիսկին պատրաստվել է, սակայն առանց որևէ գրավոր վկայության: Մեր պատմության տեսանկյունից՝ վիսկին միջնադարից է մեզ հասել: Սկզբում, որպես բուժիչ խմիչք՝ այն վանքերում պատրաստում էին վանականները՝ օգտագործելով տեղական մթերքը: Այնուհետև այն սկսեցին պատրաստել համայնքներում՝ հիմնականում ագարակներում` օգտագործելով գարի, որից էլ պատրաստվում է շոտլանդական վիսկին: Վիսկիի պատրաստման մեթոդը մնացել է նույնը, մեծացել է միայն արտադրման ծավալը:
-Կարելի՞ է ասել, որ վիսկին դարձել է Շոտլանդիայի մշակույթի մի մաս:
-Քանի որ այսքան երկար ժամանակ ենք արտադրել շոտլանդական վիսկին, թե՛ փոքր գյուղական համայնքներում և թե՛ քաղաքներում այն դարձել է շոտլանդական մշակույթի մի մաս: Վիսկի արտադրելը եղել է մասնագիտություն, աշխատանք, որով զբաղվել են երկրի ամբողջ տարածքում:
-Ինչո՞ւ վիսկիի որոշ տեսակներ չեն արտահանվում:
-Մենք մոտավորապես 90 ածիկի վիսկիի գործարան ունենք: Նաև կանաչ վիսկիի 7 գործարան ունենք, որոնք վիսկի են արտադրում՝ խառնուրդներ պատրաստելով: Մենք խառնում ենք կանաչ և ածիկի վիսկիները և խառնուրդ արտադրում: Խառը վիսկիների տեսակների քանակը հասնում է 2000-ի: Ընդհանուր առմամբ, բիզնեսի տեսանկյունից, ամեն վիսկի արտադրող ընկերություն ընտրում է այն ապրանքը, որը հատուկ համապատասխանում է գլոբալ շուկային՝ ըստ վիսկիի համի, տեսակի, մարքեթինգի, բրենդինգի: Սա նշանակում է, որ կան տարբեր տեսակներ, որոնք հատուկ շուկաներում վաճառվում են ամբողջ աշխարհում: Կան նաև վիսկիի տեսակներ, որոնք ընդհանրապես չեն արտահանվում:
-Այսինքն՝ վիսկիի համը կախված նրանից, թե Շոտլանդիայի որ մասո՞ւմ է արտադրվել:
-Ճիշտ այդպես: Ամբողջ Շոտլանդիայում մենք տարբեր աշխարհագրություն, տարբեր միկրոկլիմա ունեցող վայրեր ունենք: Մենք ժամանակն անվանում ենք վիսկիի պատրաստման չորրորդ բաղադրիչը` գարու, ջրի և խմորիչի շարքում: Ըստ օրենքի՝ վիսկին պետք է առնվազն երեք տարի հասունանա, իսկ ածիկի վիսկին` 10 տարի կամ ավելին: Այդ հասունացման ընթացքում վիսկիի մեծ մասը գոլորշիանում է, բայց նույն քանակի օդ տակառից ներս է թափանցում: Այդ յուրահատուկ միջավայրն ազդում է վիսկիի համի և տեսակի վրա: Եթե վիսկին կղզիների վրա է հասունացել, ծովին մոտ, ապա համը կտարբերվի այն վիսկիից, որը շոտլանդական լեռներում է հասունացել:
-Ինչպես հասկանում ենք, գոյություն ունեն վիսկիի հիմնական չորս տեսակներ: Կարո՞ղ եք բնութագրել այդ տեսակները:
-Շոտլանդիայում գոյություն ունի վիսկիի արտադրման հիմնական 4 շրջան: Շոտլանդիայի հարավում, որտեղ գտնվում են Շոտլանդիայի մեծ քաղաքները` Էդինբուրգն ու Գլազգոն, և որը անվանում են Հարթավայրի շրջան, արտադրվում է ամենաթույլ, ամենաթեթև միածիկային վիսկիի տեսակը: Լեռնային շրջանում` հյուսիսում, որը ներառում է Շոտլանդիայի լեռները, լճերը և անհարթ լեռնաշխարհը և կոչվում է Հայլենդս (
Highland), արտադրվում է ավելի թունդ, ավելի ուժեղ վիսկի: Վիսկիի այս տեսակները երբեմն մեղրի, ծաղիկների համ են ունենում: Մեր ամենահայտնի շրջանը Սպեյսայդն է (
Speyside), որը լեռնային շրջանի մի փոքր մաս է կազմում, որը կրում է շրջանով անցնող Սպեյ գետի անունը: Այս շրջանին բնորոշ են մրգային և համեմավոր վիսկիները: Վերջինը Այլաի (
Islay) կղզու շրջանն է: Այստեղ են արտադրվում Շոտլանդիայի ամենաուժեղ վիսկիները, որոնք ծխեցված, անգամ դեղային համ ունեն:
-Որո՞նք են վիսկիի բաղադրիչները, և ինչո՞ւ է այն կոչվում «կենաց ջուր»:
-Շոտլանդական վիսկին ընդամենը երեք բաղադրիչ ունի՝ Շոտլանդիայի մաքուր ջուրը, ածիկային գարին, որը շատ լավ է աճում Շոտլանդիայի կլիմայական պայմաններում: Երրորդ բաղադրիչը խմորիչն է, որն օգտագործվում է ալկոհոլի ֆերմենտացիայի համար:
"Վիսկի" անվանումն արմատներով լատիներենից է գալիս: Երբ մենք առաջին անգամ այստեղ դիստիլյատորներ կառուցեցինք, նրանք կոչվում էին "
aqua vitae"-"Կյանքի ջուր": Գալլերենով այն թարգմանվեց որպես "ուսկավա", հետո կրճատվեց "ուսկը"-ի, որից հետո վերափոխվեց ավելի անգլերեն հնչող բառի՝ "վիսկի"-ի:
-Որպես վիսկիի գիտակ՝ Դուք ո՞ր տեսակը կընտրեիք խմելու համար:
-Շատերն ունեն վիսկիի իրենց ամենասիրած մի քանի տեսակ: Ես տանը միշտ 3-4 տեսակի վիսկի եմ ունենում, որ ըստ իմ տրամադրության՝ ընտրեմ: Երբեմն ավելի թունդ տեսակն եմ նախընտրում, երբեմն էլ ավելի թույլը:
-Ինչպե՞ս է ճիշտ վիսկին խմել:
-Քանի որ վիսկին շատ տարածված խմիչք է, այն աշխարհի տարբեր անկյուններում տարբեր կերպ են խմում` ըստ տեղի մշակույթի: Այստեղ Շոտլանդիայում մենք այն խմում ենք առանց որևէ բան ավելացնելու կամ մի փոքր ջուր ենք ավելացնում, քանի որ ջուրն ուժեղացնում և բացում է համը: Եթե Դուք ուզում եք վիսկիի համը ամբողջովին վայելել, պետք է ջուր ավելացնեք, որ նրա համն ու բույրը բացվեն: Երբ սառույց ես ավելացնում թունդ վիսկիին, համը մի փոքր նրբանում է, բայց միևնույն է՝ չի փոխվում: Գոյություն ունեն վիսկիի հատուկ խառնած տեսակներ, որոնք շատ թույլ են, և կարելի է հյութ ավելացնել ու հանգիստ խմել: Սա հարմար է տաք կլիմա ունեցող երկրների համար: Նման երկրներում վիսկին այլ կերպ խմելն այնքան էլ հարմար չի լինի:
"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ
Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան
օժանդակությամբ իրականացվող "Շոտլանդիա. խորհրդավոր եւ իրական" ծրագրի շրջանակում
08.06.2012