"Մենք Աստանայում ցուցադրում ենք ողջ աշխարհի մշակույթը"
Կասիմով Գալիմժան
Աստանայի գլխավոր
հատակագծի 1-ին փոխտնօրեն
-Ինչպե՞ս առաջացավ մայրաքաղաքը տեղափոխելու հարցը: Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց: Եվ ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում Ղազախստանի մայրաքաղաքը:
-Գաղափարն առաջացել է, իհարկե, մեր նախագահի գլխում 1995թ.-ին, իսկ այստեղ ենք տեղափոխվել արդեն 1997թ.-ին: Այսինքն՝ գաղափարը ծնվելուց երկու տարի անց՝ խորհրդարանի կողմից հավանություն ստանալուց հետո, մենք եկանք: Այն ժամանակ քաղաքը կոչվում էր Ակմոլա:
-Ի՞նչ է մնացել այսօր Ակմոլայից:
-Ակմոլան հիմնականում տեղակայված էր Իշիմ գետի աջ ափին, որտեղ, բացի երկու բնակավայրերից, ուրիշ ոչինչ չկար: Մեկը կոչվում էր Չուբարի, մյուսը`Կոմսոմոլսկ: Քաղաքը սկսել ենք կառուցել ձախ ափից, ջրականաչ բուլվարից, մայրաքաղաքի կենտրոնից: Միաժամանակ կառուցում էինք նաև կետային օբյեկտներ աջ ափին:
-Այսօր մենք շատ ժամանակակից շենքեր ենք տեսնում, պայծառ, գեղեցիկ շենքեր, որոնք հիշեցնում են աշխարհի տարբեր մայրաքաղաքները: Ինչպե՞ս է հաջողվել մի քաղաքում համադրել այսքան մշակույթ:
-Մենք գտնվում ենք Եվրասիայի կենտրոնում՝ տարբեր մշակույթների հատման կետում: Խորհրդային ժամանակաշրջանում խորհրդային ճարտարապետություն էր: Նոր մայրաքաղաքի համար ղեկավարության կողմից ընդունվեց այսպիսի ուղղություն՝ կիրառել այն, ինչը մենք ընկալել ենք հարյուրամյակների ընթացքում Եվրասիական տարածությունում այլ ժողովուրդների հետ պատմական կապերի արդյունքում: Ուստի մեր քաղաքում կարելի է տեսնել և՛ եվրոպական օբյեկտներ, և՛ ռուսական, և՛ չինական, և՛ ամերիկյան: Մենք այս քաղաքում պետք է ցուցադրենք ողջ աշխարհի մշակույթը, ճարտարապետությունը:
-Ինչպե՞ս կբնութագրեք Աստանայի ճարտարապետությունը:
-Այն ավելի շատ մեր հարևանների ճարտարապետությունն է` Ռուսաստանի, Չինաստանի, Միջին Ասիայի, կա նաև եվրոպական, չէ՞ որ այն դասական ոճ է:
-Աստանայի գույնը հիմնականում փիրուզագույն-կանաչ և դեղին է: Դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է:
-Աստանան գտնվում է Եվրասիայի միջին գոտում: Այստեղի արևն այնպիսին չէ, ինչպես Ալմա Աթայում: Այստեղ պայծառությունը չի բավականացնում, արևի լույսը քիչ է, իսկ այդ գույներն ավելի լավ են դիտվում, քան մյուս գույները:
-Ղազախստանի դրոշի վրա նույն գույներն են: Դա պատահակա՞ն համընկնում է:
-Այո՛, լրիվ պատահական: Մենք փորձեցինք և տեսանք, որ այս քաղաքում դեղին գույնն ավելի լավ է դիտվում:
-Ասում են, որ Աստանայում այնքան շատ ոճեր կան, որ այն իր սեփական ոճը չունի:
-Այս բազմազանությունն էլ հենց Աստանայի ոճն է: Ապագայում միգուցե դա դառնա Ղազախստանի ոճը: Քաղաքի տարածքը 740 հեկտար է: Այստեղ կարելի է 10 մլն բնակչություն տեղավորել: Այսօր ապրում է 700 հազար: Նախատեսում ենք, որ կհասցնենք մինչև 1մլն 200 հազարի մինչև 2030թ., հետո արդեն կյանքը ցույց կտա:
"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է
"Ղազախստան. բազմամշակույթ և յուրօրինակ" ծրագրի
շրջանակում, որն իրականացվել է "Արմեդիա" ՏՎԳ-ի կողմից
"Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ-ի և ՀՀ-ում
Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ 10.07.2012