"ՄԵԶ ՈՒԺԵՂ ԽՈՒՄԲ Է ԲԱԺԻՆ ԸՆԿԵԼ"
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը գտնում է, որ "Եվրո-2012-ի" ընտրական փուլում մեր թիմին բավական ուժեղ մրցակիցներ են բաժին ընկել:
"Ներկայիս Ռուսաստանի հավաքականը աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է համարվում: Սլովակիան նույնպես բարձր մակարդակ ունեցող հավաքական է, քանի որ այն 2010 թ աշխարհի առաջնության ընտրական իր խմբում զբաղեցրել է առաջին տեղը եւ միանգամից մտել եզրափակիչ փուլ: Իռլանդիան նույնպես մոտ էր ՀԱՀ-ի ուղեգիր նվաճելուն, եթե չլիներ այն չարաբաստիկ գոլը, որը ֆրանսիացիները խփեցին խաղի կանոնների խախտումով,-ասաց նա եւ շարունակեց,-
Դա, ինքնին, վկայում է իռլանդացի ֆուտբոլիստների մեծ ներուժի մասին: Մակեսոնիայի հավաքականը, ինչպես բոլոր բալկանյան ընտրանիները, միշտ էլ դժվար մրցակիցներ են ցանկացած թիմի համար: Ինչ վերաբերում է Անդորայի հավաքականին, ապա այն չնայած խմբի ետնապահն է համարվում, բայց անհարմար մրցակից է, քանի որ ամբողջ խաղի ժամանակ լրիվ թիմով պաշտպանվում է եւ նախկինում նույնիսկ խնդիրներ է ստեղծել ուժեղ հավաքականների համար":
Արտակ Դաշյանը պայմանագիր ստորագրեց Դոնեցկի "Մետալուրգի" հետ
Երեւանի "Բանանցի" կիսապաշտպան Արտակ Դաշյանը Դոնեցկի "Մետալուրգի" հետ պայմանագիր է ստորագրել "3+2" տարբերակով: Հայ ֆուտբոլիստը դոնեցկյան թիմի կազմում մասնակցել է ուսումնամարզական երկու հավաքի: Ծանոթանալով այդ խաղացողի հնարավորություններին` գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը որոշել է նրան երկարաժամկետ պայմանագիր առաջարկել: "Մետալուրգում" Արտակը միացել է Հենրիխ Մխիթարյանին, ով կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ թիմի առաջատարը:
"Մետալուրգում մրցակցությունը շատ բարձր է,-ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արտակ Դաշյանը:-Հիմնական կազմում ընդգրկվելու համար անընդհատ պետք է ներդնել հնարավորությունների առավելագույնը: Այն ամենը, ինչ կապված է նոր ակումբի հետ, ինձ դուր է գալիս: Այստեղ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հավաքված, ինչի համար ես միայն ուրախ եմ":
Ավելացնենք, որ Արտակ Դաշյանը "Բանանց" ակումբի սան է: Նա իրեն լավ է դրսեւորել երեւանյան ակումբի դուստր թիմում, իսկ 2009 թ. դարձավ հիմնական կազմի առաջատար խաղացողներից մեկը: Հայաստանի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում եւ խփել 4 գոլ: Բացի այդ, Արտակ Դաշյանը երկու անգամ ասպարեզ է մտել Հայաստանի ազգային հավաքականի մարզահագուստով:
Դավիթ Շահինյանի մեծ հաջողությունը
Վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը փայլուն հաջողության հասավ Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված "Մոսկովյան օփենի" B մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ 400 շախմատիստների մեջ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Արժե շեշտել, որ հայ պատանու արդյունքը լավագույնն էր նաեւ փառատոնի բոլոր 1226 մասնակիցների մեջ:
"Չելսիից" հանել են տրանսֆերների արգելքը
Լոզանի սպորտային վճռաբեկ դատարանը Լոնդոնի "Չելսիից" հանել է տրանսֆերների արգելքը, որն ակումբի վրա ՖԻՖԱ-ն դրել էր սեպտեմբերին, հայտարարում է AP-ն: Ակումբը մեկուկես տարի իրավունք չուներ տրանսֆերներ իրականացնել: Հիշեցնենք, որ լոնդոնցիները մեղադրվում էին 2007թ. "Լանսի" 16-ամյա ֆուտբոլիստ Գաել Կակուտային օրենքի խախտմամբ գրանցելու մեջ:
Ակումբներին հաջողվել է համաձայնության գալ եւ, դատարանը որոշել է, որ "Չելսին" գրանցման ժամանակ օրենքի խախտում չի կատարել:
Բացի այդ, "Չելսին" "Լանսին" կվճարի 130 հազար եվրո՝ նախկին 780 հազար եվրոյի փոխարեն:
|