Մայիսի 9-ի` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների առաջնորդներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահին ուղղված ուղերձում Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ու Հայաստանի, ինչպես նաև ԱՊՀ այլ անդամ երկրների քաղաքացիները մշտապես կհարգեն Հայրենականի մասնակիցների սխրանքը, որոնք վճռորոշ ներդրում ունեցան Եվրոպան ու աշխարհը ֆաշիզմից փրկելու գործում:
"Վաղեմի բարեկամական ավանդույթներն ու փոխադարձ վստահությունը, եղբայրական սերտ կապերը, խորը հարգանքը վետերանների հանդեպ որոշում են ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային ու գործընկերային բնույթը: Ներկայիս սերունդն արժանի ներդրում ունի միջպետական համագործակցության արդյունավետ ամրապնդման գործում",- ասվում է Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում:
Ուղերձում նշվում է նաև Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովման շահերից բխող հետագա համագործակցության զարգացման տրամադրվածության մասին: