Այսօր Փարիզում՝ Ելիսեյան պալատում, կայացել է նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել է նաև հեռացող նախագահ Նիկոլա Սարկոզին:Ֆրանսիայի նորընտիր նախագահը երդմնակալության արարողությունից անմիջապես հետո ակտիվորեն կզբաղվի Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի հաղթահարման գործով:
Երդմնակալության արարողությունից հետո Օլանդը նախ ծաղկեպսակ կդնի Հաղթանակի կամարի մոտ, ինչից հետո ավտոմեքենայով կշրջի Ելիսեյան դաշտերում:
Չի բացառվում, որ արարողության ավարտից հետո Ֆրանսիայի նախագահը կներկայացնի նաև նոր կառավարության կազմը: Հավանաբար ֆինանսների նախարար կդառնա Միշել Սապինը, իսկ վարչապետ կնշանակվի Ժան-Մարկ Այրոն:
Ընթրիքից հետո Օլանդը կմեկնի Գերմանիա` հանդիպելու Անգելա Մերկելի հետ, ով արդեն հայտարարել է, որ պատրաստ է "գրկաբաց" ընդունել Օլանդին: Այդ կերպ Մերկելը հավանաբար կքավի մեղքն այն բանի համար, որ ընտրությունների ընթացքում նա բացահայտորեն աջակցում էր Սարկոզիին: