Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տեղադրել, որտեղ անդրադառնում է ԱՄՆ պետքարտուղարության 2011 թ-ի Մարդու իրավունքների զեկույցում Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող հատվածին:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
"Լեռնային Ղարաբաղի մասին 2011 թ-ի Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից: Այն որևէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը:
Մենք շարունակում ենք պաշտպանել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր":
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է. "Էթնիկ հայ անջատողականները, Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել երկրի Լեղնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասը և հարակից 7 ադրբեջանական տարածքները":
Այս կապակցությամբ, ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այդ զեկույցով վիժեցնում է ԼՂ խնդիրը բանակցությունների ճանապարհով կարգավորելու հեռանկարները: