Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, մայիսի 25-ին, Վենետիկում անցկացվել է "Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար" խորագրով գործարար համաժողովը:
Համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման Հայկական գործակալությունը, "Ինֆոարմենիա" կազմակերպությունը, Վենետիկի քաղաքապետարանը և Բիզնեսի եվրոպական գործակալությունը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 80 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Վենետո նահանգից:
Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ.Հարությունյանը և Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռ.Հարությունյանը, ովքեր իրենց ելույթներում ներկայացրեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը և վերջինիս բարելավման նպատակով իրականացվող հետևողական քայլերը, ներդրումային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը, մշտապես կատարելագործվող համապատասխան իրավական դաշտը: Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականները: Մասնակիցներին տեղեկացրել են նաև Հայաստանում արդեն իսկ գործող իտալական ընկերությունների գործունեության մասին:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Բ.Սահակյանը, ով իր ելույթում անդրադարձել է հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող գործունեությանը և առկա ծրագրերին: Գոհունակությամբ նշվել է տվյալ բնագավառում 2011թ. կտրվածքով արձանագրված զգալի առաջընթացը և ընթացիկ տարում ևս պահպանվող դրական զարգացումը: Նշվել է նաև հայաստանյան շուկայի հանդեպ իտալական ընկերությունների հետաքրքրության աճի մասին: Առանձնահատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանը, տարածաշրջանի երկրներից շատերի հետ առևտրատնտեսական ամուր կապեր և ազատ առևտրի մասին պայմանագրեր ունենալու շնորհիվ, կարող է Իտալիայի համար շահավետ գործընկեր հանդիսանալ հայ-իտալական համատեղ արտադրանքը տարածաշրջանի շուկաներ արտահանելու տեսանկյունից: