Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին, ժամը 10.30, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (Հրաչյա Ներսիսյան 7) կազմակերպում են անվարձահատույց արյունատվության ակցիա, որին կմասնակցեն տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արյան դոնորի համաշխարհային օրը սահմանվել է 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
Արյուն առաջին անգամ մարդուց մարդուն փոխներարկվել է 1819թ. Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդկային կյանք:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմիցս հանդես են եկել արյունատվության ակցիաներով՝ նպատակ ունենալով հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի քաղաքացիների մեջ հնարավորինս վաղ հասակից:
Նշենք նաև, որ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է և դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա: