ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՉԷ… ԲԱՅՑ ՈՉ ՈՔ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ, ՈՐ ԴԱՌՆԱ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱԺ եվրաինտեգրման հարցերի
մշտական հանձնաժողովի
նախագահ, Հայաստան-Շվեյցարիա
միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ
Հայաստան-Շվեյցարիա… Կոնկրետ ո՞ր հարցերն է լուծում հայ-շվեյցարական բարեկամությունը, ի՞նչ ունենք տալու եւ վերցնելու եվրոպական այս ինքնատիպ երկրից: Համագործակցության օրինակների ու կոնկրետ ծրագրերի մասին` ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցում:
-Որո՞նք են այսօր Ձեր գլխավորած` Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գերակայությունները, եւ ինչպես են դրանք պրոյեկտվում Հայաստան-եվրոպական երկիր` մասնավորապես Շվեյցարիա, երկկողմ հարաբերությունների վրա: -2007թ.-ին Հայաստանի խորհրդարանում ստեղծվեց Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը` բնականաբար հաշվի առնելով մեր արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, այն է` եվրոպական ինտեգրացիան: Ես հանձնաժողովի երկրորդ նախագահն եմ, առաջին նախագահն Ավետ Ադոնցն էր, ով հիմա մեր ներկայացուցիչն է Բրյուսելում: Հանձնաժողովն ունի երեք կարեւոր գործառույթ. Առաջինը` հարաբերություններն են Եվրամիության հետ, երկրորդը` հարաբերությունները Եվրախորհրդի հետ, որի անդամ է Հայաստանը 2001թ.-ից եւ երրորդը, ինչը ես համարում եմ ամենակարեւոր գործառույթներից` դա մեր օրենսդրության մոտարկումն է եվրաչափորոշիչներին:
Մենք աշխատանքային հարաբերություններ ունենք Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների հետ: Մեր պատվիրակությունը բավականաչափ հավասարակշիռ կերպով համագործակցում է նաեւ ԵԽԽՎ-ում Շվեյցարիայի պատվիրակության հետ: Մենք այնտեղ ունենք բավական թվով գործընկեր-պատգամավորներ: Իհարկե, ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ մենք քաղաքական առումով համագործակցային ողջ ներուժը, որը կարող էր լինել Հայաստանի ու Շվեյցարիայի միջեւ եւ նաեւ հեց խորհրդարանական առումով, ամբողջովին օգտագործում ենք:
-Մենք գիտենք, որ Ազգային ժողովը եվրոպական երկրների հետ հարաբերակցվում է նաեւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջոցով. ի՞նչ մակարդակի վրա է այդ խմբերի գործունեությունը, եւ ի՞նչ է պետք արդյունավետությունը բարձրացնելու համար: -Այսօր ԱԺ-ում կա տարբեր երկրների հետ բարեկամության 48 պատգամավորական խումբ եւ մի քանի միջխորհրդարանական հանձնաժողով: Որոշ երկրների հետ բարեկամական խմբերը բավականին արդյունավետ են աշխատում, մասնավորապես` Հայաստան-Ֆրանսիան եւ որոշ այլ խմբեր, բայց, ցավոք սրտի, բարեկամական խմբերի հիմնական գործունեությունը սահմանափակվում է ճանաչողական մի քանի փոխայցերով, որոնց արդյունավետությունը բարձր չէ: Բանն այն է, որ այդ խմբերը ձեւավորելիս, ընդունված կարգի համաձայն, խմբակցություններն առաջադրում են իրենց թեկնածուներին: Ավանդաբար այնպես է ստացվում, որ պատգամավորը ներառվում է այս կամ այն բարեկամական խմբում` ելնելով իր նախասիրություններից: Բայց այդպես չպետք է լինի, պետք է նա ունենա համապատասխան ռեսուրսներ: Չէ՞ որ դրանց նպատակն ընդամենը այցերը չեն, գործունեության հիմքը պետք է կազմի երկկողմանի փոխշահավետությունը` ինչ կարող են նրանք տալ մեզ, ինչ կարող ենք մենք տալ նրանց:
-Հայ-շվեյցարական բարեկամության խմբի օրակարգում այսօր ի՞նչ հարցեր են ներառված: Համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում: -Ես տեսնում եմ միջազգային կառույցներում երկու երկրների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության ներուժը զարգացնելու լուրջ ռեսուրս: Ընդհանրապես, խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարեւոր գործիք է: Մեկ բան հստակ է` նույնիսկ այն խնդիրները, որոնք դժվարությամբ են հաղթահարվում պետական պաշտոնական դիվանագիտության ճանապարհով, խորհրդարանական դիվանագիտությունն իր գործառույթների մեջ շատ ավելի ազատ է, շատ ավելի ճկուն, եւ մենք պետք է կարողանանք դիվանագիտության այդ ռեսուրսն ամբողջապես օգտագործել:
-Շվեյցարիայում էր Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, եւ քննարկվող հարցերի առանցքում Հայաստանում Շվեյցարիայի առեւտրի պալատ բացելու խնդիրն էր: Տնտեսական համագործակցության ի՞նչ հեռանկարներ կբացի դա: -Վերջին շրջանում ԱԺ նախագահը երկու անգամ եղավ Շվեյցարիայում: Իրապես կարեւոր էին այդ այցերը, քանի որ այնտեղ բարձր մակարդակի մի շարք հանդիպումեր եղան: Ինչ վերաբերում է Առեւտրի պալատին, այսօր պետք է խոստովանենք, որ, ցավոք սրտի, հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների մակարդակն էապես զիջում է հայ-շվեյցարական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Պետք է փաստն արձանագրենք, որ վերջին 4-5 տարիներին Շվեյցարիայի Համադաշնությունը Հայաստանի տնտեսության մեջ որեւէ ներդրում չի արել: Եղել են միայն 1990-ականների սկզբի տնտեսական ներդրումները` մասնավորապես Ֆրանկ Մյուլլեր ընկերության ներդրումները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, իսկ մենք գիտենք, որ այդ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերը ազգությամբ հայ է: Կարծում եմ` այս Առեւտրի պալատի հիմնումն էապես կխթանի հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները: Մենք արտահանում ենք կիսաթանկարժեք եւ թանկարժեք քարեր եւ այլն եւ այլն, ներկրում ենք հիմնականում դեղագործական ապրանքներ: Բայց գիտենք` Շվեյցարիան այսօր բավականին հզոր տնտեսական ներուժ ունեցող պետություն է, բնակչության կենսամակարդակով ամենաբարձր աստիճանում գտնվող պետություններից է, եթե ոչ ամենաբարձրը, եւ կարծում եմ` լուրջ աշխատելու տեղ ունենք հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններն առաջ մղելու համար:
-Մենք գիտենք, որ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի նստավայրը Թբիլիսին է, Բեռնը դեսպանատուն ունի նաեւ Բաքվում: Ի՞նչ է արվում ձեր հանձնաժողովի կողմից Հայստանում դեսպանատուն բացելու հարցն օրակարգային դարձնելու ուղղությամբ: -ԱԺ նախագահի` Շվեյցարիա կատարած այցի ժամանակ այդ խնդիրը եւս քննարկվել է: Մենք իրապես գտնում ենք, որ ժամանակն է, որ ոչ թե Թբիլիսիում նստի Հայստանում Շվեյցարիայի դեսպանը, այլեւ Հայստանում եւս լինի դեսպանատուն: Իմ տեղեկություններով` գործընթացը մոտ ժամանակներս տեղից կշարժվի:
-Շվեյցարիա ներգաղթող թուրք քաղաքացիների շրջանում կա լիբերալ հատված, որը գիտակցում եւ ընդունում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրագործման փաստը: Բայց մենք գիտենք նաեւ, որ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը ժխտում է այդ իրողությունը: Ի՞նչ եք կարծում, մարդասիրական արժեքներ դավանող Եվրոպան ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Թուրքիայի` Եվրաինտեգրման հարցում: -Իսկապես, մենք շնորհակալ ենք Շվեյցարիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ավելին, նրա մերժումը քրեականացնելու համար: Ցավոք`այսօր թուրք-ադրբեջանական լոբբին միջազգային կառույցներում շատ ակտիվ է աշխատում, եւ ես բազմիցս այդ մասին խոսել եմ, միջազգային այն կառույցները` Եվրամիություն, Եվրոպայի Խորհուրդ, որոնց հիմնարար արժեքներն են` մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, արժանապատվությունը եւ հավասարությունը, երբեմն տուրք են տալիս երկակի ստանդարտների: Ես չէի ցանկանա` երբեւէ մենք կանգնենք այնպիսի իրավիճակի առջեւ, երբ կասենք`նավթադոլարները կարողացան հաղթել ճշմարտությանը:
-Շվեյցարիայի հետ երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակն ինչպե՞ս կնպաստի Հայաստանի` եվրաինտեգրման գործընթացին: -Երկկողմ համագործակցության այս ողջ ընթացքում Շվեյցարիայի ունեցած կայուն փորձը մեզ համար շատ օգտակար է: Մենք պիտի կարողանանք հարաբերություններն ավելի ակտիվացնել: Որեւէ բան մեզ չի կաշկանդում Շվեյցարիայի հետ ունենալ գոնե քաղաքական, խորհրդարանական մակարդակով ավելի դինամիկ զարգացող հարաբերություններ, ինչպես, ասենք, Ֆրանսիայի հետ: Ըստ էության, խանգարող ոչինչ չկա, պիտի լինի միայն երկկողմանի ցանկություն, իսկ դա, վստահ եմ, կա: Մենք խնդիրը կքննարկենք եւ միջխորհրդարանական բարեկամության խմբում, մեր ռեսուրսների չափով կփորձենք ավելի ակտիվացնել այդ շփումները: Դրանից, վստահ եմ, կլինի երկուստեք օգուտ եւ երկուստեք շահ:
"Արմեդիա" ՏՎԳ
Հարցազրույցն իրականացվել է "Մեր հարեւան Եվրոպան.
Շվեյցարիա" հեռուստածրագրի (06.11.2010) շրջանակներում 12.11.2010