ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ա. Սաֆարյան. ԵԱՏՄ կազմում Հայաստանը կարող է էական տնտեսական աճ ապահովել

Արամ Սաֆարյան "Ինտեգրացիա և զարգացում" վերլուծական-հետազոտական հասարակական կազմակերպության նախագահ

 

-         Ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը նոր տնտեսական միությունում՝ իր մասնակցությունից առավելագույն օգուտներ քաղելու  և միաժամանակ իր մասնակցությունն այս միությանն առավել արդյունավետ դարձնելու համար։

-         ԵԱՏՄ-ն սկսեց գործել բավական բարդ ժամանակաշրջանում՝ ճգնաժամի, ուժային կենտրոնների պայքարի պայմաննրում, սակայն նույնիսկ այս շրջանում մեզ համար ստեղծվում են մեր տնտեսական վիճակը բարելավելու հնարավորություններ:

Հայաստանը, որպես չօգտագործված, բայց եզակի ռեսուրսներ ունեցող երկիր, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում եւ վերամշակվող ապրանքների արտադրության ասպարեզում, կարող է տնտեսության էական աճ արձանագրել:

Եթե հասնենք նրան, որ մոտակա մեկ տարում մեր համապատասխան ենթակառուցվածքներն աշխատեն այն ուղղությամբ, որ Ռուսաստանում,  մասամբ նաև Բելառուսում և Ղազախստանում, կարողանանք ստեղծել ընկալում, որ Հայաստանն ունի այդ ռեսուրսը և պատրաստ է այն դնել ի նպաստ Ռուսաստանի տնտեսության զարգացման, կարծում եմ, այստեղ մենք դիվիդենտներ կունենանք:

Երկրորդ, մոտ օրերս Ռուսաստանի պետական գնումների շուկան կբացվի Հայաստանի համար: Ընդհանրապես, այն մինչև ճգնաժամը գնահատվել է 200 մլրդ ԱՄՆ դոլար: Բացելով այդ շուկան ԵԱՏՄ անդամների համար, դրանց ընկերություններին տալով հավասար հնարավորություն ռուսական ընկերությունների հետ միասին մասնակցելու պետական գնումների համակարգին՝ Ռուսաստանը ստեղծում է եզակի հնարավորություն Հայաստանում բիզնես գրանցելու, պահելու և զարգացնելու համար: Եթե հայ գործարարները լինեն այնքան ճկուն, որ կարողանան արագ Ռուսաստանի և′ կենտրոնում, և′ բոլոր մարզերում կապեր հաստատել պետությանը սպասարկող գործարար կառույցների հետ, ապա պետք է սպասել, որ մենք մոտակա 1-2 տարվա ընթացքում կունենանք հսկայական թվով ընկերություններ, որոնք մասնագիտացված կլինեն այդ ծառայությունների մատուցման ոլորտում և կստանան մեծ եկամուտներ:

Երրորդը, չնայած նրան, որ Ռուսաստանում սպասվում է տնտեսության անկում, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությունն ապահովող տնտեսության ճյուղերին, տնտեսական անկման ցուցանիշներն էլ ի՞նչ նշանակություն ունեն: Օրինակ, եթե Ռուսաստանը զարգացնում է ռազմարդյունաբերական համալիրին առնչվող ուղղությունները և դրանք արտադրում է իր երկրում, ուղղակի իմաստ ունի մասնակցել այդ գործընթացներին և նպաստել Հայաստնում արդյունաբերական որոշ ճյուղերի վերակենդանացմանը: Գուլպայից, կոշիկից սանրից մինչև բարձր տեխնոլոգիաներ, բոլորը ծառայում են ռազմարդյունաբերական համալիրի հարստացմանը: Հիշենք, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը եղել է հզորագույն միջին մեքենաշինության երկիր: Հայաստանում 2000-ից ավելի այդպիսի ձեռնարկություն է փակվել: Իսկական ժամանակն է հիշել, որ այդ ձեռնարկությունները եղել են, և որ նոր մակարդակի վրա դրանք կամ դրանց մի մասը կարող են աշխատել  և պետք լինել Ռուսաստանին: Պետք է համոզել Ռուսաստանին, որ մենք կարող ենք մեզ վրա վերցնել այդ բեռի մի մասը:

Այս ցանկը կարելի է շարունակել:

Բացի այդ, Եվրասիական փորձագիտական ակումբի մեր ընկերների հետ միասին մենք առաջարկելու ենք ՀՀ վարչապետին իրեն կից ստեծել եվրասիական ինտեգրացիայի հարցերով գիտա-փորձագիտական խորհուրդ: Այն կարող է ունենալ երեք գործառույթ՝ 1. կառավարության համար անկախ փորձագիտական, քաղաքագիտական հետազոտությունների պատրաստում, որոնք պետք է օգնեն առավել լավ կողմնորոշվել եվրասիական դաշտում, 2. Հայաստանի հասարակության շրջանում բացատրական աշխատանքի կատարում, քանի որ այսօր հարցերն ավելի շատ են, քան դրանց պատասխանները, 3. ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրների գիտա-փորձագիտական ընկերակցությունների հետ ակտիվ համագործակցություն և ակտիվ մասնակցություն քննարկումներին:

Որպեսզի մեր ապրանքները լինեն ընդունված, դրանց համար պետք է լայն լոբբինգ, և կարևոր է այն ապահովել տարբեր մակարդակներով:

 

-         Եթե նայենք Հայաստանին ԵԱՏՄ մյուս գործընկերների աչքերով, որո՞նք են մեր յուրահատկությունները և ի՞նչ քայլերով կարող ենք առավել մեծ կշիռ հաղորդել մեր ներկայությանը միությունում:

Այս հարցի պատասխանն ինձ համար շատ ակնհայտ է: Տնտեսական առումով մեր պոտենցիալը ԵԱՏՄ ընդհանուր պոտենցիալի մեջ այնքան էլ մեծ չէ, 1%-ի չի հասնում, բայց եթե գնահատում ենք մեր ինտելեկտուալ ներուժը, այստեղ մենք բավական ուժեղ ենք: 2014թ. ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումների ժամանակ մեր քաղաքագետները, տնտեսագետներն ու սոցիոլոգներն իրենց ամենաբարձր մակարդակով դրսևորեցին և արժանացան շատ մեծ հարգանքի ռուս, ղազախ, բելառուս գործընկերների կողմից: Հայաստանի ինտելեկտուալ պոտենցիալն ի վիճակի է ոչ միայն ներհանրապետական փոքրիկ հարցեր լուծել, այլ գործուն, էական մասնակցություն ունենալ գլոբալ, ողջ միությանը վերաբերող հարցերի լուծմանը:

Երկրորդը, մեր կարևորագույն աշխարհաքաղաքական դիրքն է: Մենք, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, այս տարածաշրջանում խաղում ենք բացառիկ դեր, մասնավորապես, Ռուսաստանի համար: Այդ դերն իրավամբ գնահատված է և արժևորված: Համոզված եմ, եթե մենք ակտիվ և նախաձեռնող լինենք, մեր դերակատարությունը լինելու է շատ ավել մեծ: Իսկ եթե կաղապարվենք և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին ընկալենք որպես “նվազագույն չարիք”՝ սպասելով, թե գործընթացներն ինչպես ինքնաբերաբար կզարգանան, բավական տհաճ հետևանքների ականատես կլինենք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: