ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ցեղասպանությունը մի շարք էթնիկ առանձնահատկություններ է մեզանում ձևավորել». Մ. Թևոսյան

 

 

 

Մարիա Թևոսյան 

Հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու 

 


 

Ինչպիսի՞ հոգեբանական ազդեցություն է ունեցել և ունի Ցեղասպանությունը մեր ազգային հոգեկերտվածքի վրա ինչպես հավաքական, այնպես էլ անհատական մակարդակով: 

 - Ի դեմս Ցեղասպանության` լուրջ հոգեկան վնասվածք է հասցվել ոչ միայն անհատի, այլ նաև ամբողջ խմբի, ազգի մակարդակով: Սա ավելի ծանր է, քանի որ երբ անձը ականատես է լինում, թե ինչպես են մյուս մարդիկ իր նման կործանվում, նա ոչ մի հույս, փրկության որևէ հնարավորություն այլևս չի տեսնում: Նա հասկանում է, որ ոչ միայն ինքն, այլ իր ամբողջ ազգը, ընտանիքը վտանգված է, ինչը, բնականաբար, շատ ավելի լուրջ խնդիր է, քան որևէ խնդիր, որ կարող է լինել անհատական մակարդակում: Հետևաբար նման մասսայական հոգեցնցումների հետևանքները նույնպես հարյուրապատիկ ավելի ծանր և լուրջ են, քան անհատի կյանքում տեղի ունեցած ցանկացած հոգեցնցում:

Կնշե՞ք նման հետևանքների կոնկրետ օրինակներ, որոնք իրենց հստակ ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի հոգեկերտվածքի վրա:

 - Եթե դիտարկենք ամբողջ ազգի մակարդակով, ապա կարող ենք առանձնացնել ձեռք բերած այնպիսի էթնիկ առանձնահատկություններ, ինչպիսին, օրինակ, մեզանում բավականին տարածված մի երևույթ է` բարձր տագնապայնությունը, բարձր մակարդակի մեղքի զգացումը, որն արձանագրվում է շատ հետազոտություններում, այդ թվում նաև իմ կողմից արված հետազոտությունում: Սա նույնպես բացատրվում է Ցեղասպանության առանձնահատկություններով, որը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ. մեղքի զգացում, որ մենք ողջ ենք մնացել, որ մենք վրեժխնդիր չենք եղել, որ մենք չենք կարողացել հասնել ճանաչման և այլն:

Բացի այդ՝ մեր ընտանիքներում մենք տեսնում են չափազանց մեծ կապվածություն, նույնիսկ կախվածություն միմյանցից: Սա նույնպես պայմանավորված է Ցեղասպանության իրողությամբ. Ցեղասպանության ժամանակ ընտանիքներին իրարից բաժանում էին, զավակներին` ծնողներից, կանանց` տղամարդկանցից: Թեպետ այդ դեպքերում հարազատը հարազատի մահն իր աչքով չէր տեսնում, բայց բաժանումից հետո այլևս հնարավորություն չէր ունենում նրան հանդիպելու: Կարծում եմ, որ սրանով է բացատրվում այն, որ այսօր շատ ընտանիքներում բաժանումը, այլ երկիր մեկնելը, իրարից թեկուզ մի փոքր հեռու ապրելը ընկալվում է իբրև կորուստ, գրեթե` իբրև մահ: Սա կբացատրեմ մեզանում առկա պատկերացմամբ, որ եթե մեր հարազատը հեռացավ, մենք կարող ենք նրան այլևս չտեսնել, ինչը ընկալվում է որպես մահվան, կորստի նման մի բան: Թվարկածներս Ցեղասպանության հետևանքներից մի քանիսն են միայն, սակայն կան շատ երևույթներ, որոնք նույնպես այդ իրողության հետևանք են:

Դուք՝ որպես հոգեբան, երբևէ առիք ունեցե՞լ եք առնչվելու այնպիսի դեպքերի, երբ այդ ազդեցությունն ակնհայտ զգացել եք: Եթե այո՝ կպատմե՞ք այդ դեպքի կամ դեպքերի մասին:

 - Կարծում եմ, որ մենք բոլորս առնչվում ենք այդ ազդեցությանն ամեն անգամ, երբ Ցեղասպանությունը հիշատակվում է, երբ Ցեղասպանության մասին նյութեր են ուսումնասիրվում, երբ Ցեղասպանությունը քննարկվում է լրատվամիջոցներով, երբ գալիս է ապրիլի 24-ը: Ցեղասպանությունը հիշատակելիս մենք չենք կարող հանգիստ և հավասարակշիռ մնալ, ինչը վկայում է, որ մեզանում Ցեղասպանությունը նման է մի վերքի, որը դեռևս ապաքինված չէ: Երբ այդ վերքին չեն դիպչում, մենք կարող ենք ժամանակավոր չանդրադառնալ դրան, սակայն երբ դա մի փոքր հիշատակվում է, երբ մի փոքր դիպչում են այդ վերքին, մենք միանգամից մի կողմ ենք քաշվում` ասելով՝ մի՛ կպիր, որովհետև ցավում է:

Ինչ վերաբերում է անհատական դեպքերին, ապա պետք է ասեմ, որ, այո՛, ես աշխատել եմ այցելուների հետ, ովքեր Ցեղասպանությունը վերապրածների սերունդներ են եղել: Նման անհատական դեպքերի հետ աշխատանքի ընթացքում նկատելի է դարձել, թե ինչպես է Ցեղասպանությունը թափանցել տվյալ անձանց անհատական կյանք և դրսևորվել թե՛ հոգեբանական, անգամ հոգեկան խանգարումներով, թե՛ հոգեմարմնական դրսևորումներով (ախտանիշներ, որոնք պայմանավորված են հոգեբանական գործոնով)` նույնիսկ վերաճելով ինչ-որ հիվանդության: Նման դեպքերում աշխատանք է տարվել հենց այդ ուղղությամբ` վերաիմաստավորելու ամբողջ կատարվածը, փոփոխելու ընկալվածը և դրա վերապրելու ձևը:

Հետաքրքիր է` նման դեպքերի` Ցեղասպանության հետ կապն ինչպե՞ս է հաջողվել տեսնել:

 - Աշխատանքի ընթացքում բացահայտվել է, որ իրենց նախնիները վերապրել են Ցեղասպանությունը, նրանց ախտանիշները, նրանց հոգեկերտվածքի առանձնահատկությունները տանում էին դեպի այդ իրողությունը: Սակայն այդ կապը փոքր-ինչ դժվար էր տեսնել, քանի որ ամեն անհատի կյանքում, երբ այդ պատմությունները փոխանցվում են, դրանք ուղեկցվում են նորանոր հույզերով: Երբ անձն այդ մասին լսում է իր ծնողներից, իր տատիկից, իր պապիկից հատկապես մանուկ տարիքում, նա որոշակի հուզականություն է ապրում, և իր համար դա կարծես ձեռք է բերում ևս մեկ նշանակություն, կարծես պատվում է նոր շերտով: Այդ նոր շերտը կարող են լինել դրական, երբ հաղորդման հուզականությունը դրական է, երբ այն մշակված է: Այդ դեպքում պատմություններն ընդունելի են դառնում, այլ ոչ թե սարսափելի: Նման համատեքստում Ցեղասպանության ազդեցությունը կարող է մեղմվել` դառնալ հաղթահարելի: Սակայն երբ դրանք ուղեկցվում են շատ ծանր ապրումներով, առավել ևս, երբ մարդիկ խուսափում են այդ մասին պատմելուց, քանի որ իրենց համար դա չափազանց ծանր է, նման դեպքերում սովորաբար հետևանքներն ավելի ծանր են լինում:

  Մեր հավաքական գիտակցության մեջ Ցեղասպանության բացասական հետևանքներն ինչպե՞ս կարող են վերացվել, և այդ համատեքստում ի՞նչ նշանակություն ունի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը:

- Ճանաչման գործոնը չափազանց կարևոր նշանակություն ունի. այն շատ կարևոր է: Քանի դեռ որևէ բան չի ճանաչվել, այն կարծես իրավունք չունի գոյություն ունենալ, կարծես մենք իրավունք չունենք այն սգալ: Պատկերացնենք՝ երբ մեկը մահանում է, իսկ նրա հարազատները հնարավորություն չունեն թաղման արարողություն կազմակերպելու, արտասվելու, սգալու կորուստը, բողոք անելու, յոթն ու քառասունքն անելու, կարծես ոչ մի բանի իրավունք չունեն: Ի՞նչ է մնում անել նրանց. նրանց մնում է կենդանի պահել ոչ թե այդ մարդու հիշատակը, այլ այդ մարդուն, այդ իրադարձությունը, այդ վիշտը, քանի դեռ այն իր տրամաբանական ավարտը չի ստացել: Այդպես մենք բոլորս կարծես վերածվում ենք դամբարանի, որտեղ բնակվում են ուրվականներ: Մենք այդ ուրվականներին պետք է պահենք մեր մեջ, դառնանք նրանց համար ինչ-որ տեղ գերեզման, մինչև որ մենք կգտնենք նրանց համար այն գերեզմանը, որտեղ նրանք կթաղվեն: Իսկ դրա համար, իսկապես, շատ կարևոր դեր ունի ճանաչումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: