ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքական հոսքի» հեռանկարը. Վերլուծություն

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում դեռ նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարված ռուս-թուրքական գազատարի շուրջ, որը կոչված է փոխարինել տապալված «Հարավային հոսքը»: Աստիճանաբար հստակեցվում է ինչպես բուն նախագիծը, այնպես էլ քննարկվում են դրա զարգացման նոր տարբերակներ: Խոսքը մասնավորապես նախագծին հարավարևելյան եվրոպական երկրների մասնակցության հնարավորության մասին է:

Տվյալ թեմային առավել լայն անդրադարձ կատարվեց փետրվարի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հունգարիա կատարած այցի ժամանակ: Բացի երկկողմ մի շարք պայմանավորվածություններից և գազային կարճատև նոր պայմանագրի շուրջ համաձայնությունից՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է «Թուրքական հոսքին» Հունգարիայի միանալու հարցը:

Ըստ նախնական հայտարարությունների՝ խողովակաշարի շինարարությունը կավարտվի 2016թ.-ի դեկտեմբերին: Այն անցնելու է Սև ծովի հատակով, Թուրքիայի եվրոպական հատվածով և ունենալու է տարեկան 63 մլրդ մ3 հզորություն, որից 14 մլրդ մ3-ը նախատեսված է Թուրքիայի համար, իսկ մնացած 49 մլրդ մ3-ը պետք է մատակարարվի Թուրքիայի և Հունաստանի սահմանին ստեղծվող գազային հանգույց /gas hub/: Այնտեղից եվրոպական երկրներն արդեն ինքնուրույն պետք է կազմակերպեն վառելիքի տեղափոխությունը, այսինքն՝ ռուսական գազի և եվրոպական սպառողների միջև միջնորդ է դառնալու Թուրքիան:

Չնայած գազային մատակարարումների նման մեծ ծավալին՝ Ռուսաստանը, այնուամենայնիվ, վստահ չէ, որ ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ֆոնին ԵՄ-ն առնվազն չի խոչընդոտի կամ չի արգելի հարավարևելյան Եվրոպայի երկրներին «Թուրքական հոսքով» ռուսական գազ ներկրելու պայմանագրեր կնքել:

Նման սցենարից խուսափելու թերևս լավագույն տարբերակը հենց եվրոպական երկրների ներգրավվումն է նախագծում, ինչի ուղղությամբ արդեն իսկ որոշակի տեղաշարժ կա: Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հաջողվել է ոչ միայն հայտնել հունգարական կողմի ցանկությունը, այլ նաև խնդրի շուրջ ձեռք բերել քաղաքական համաձայնություն: Ինչպես նշել է Օրբանը, «Թուրքական հոսքը» մինչև Հունգարիա հասցնելու շուրջ խորհրդակցություններ է իրականացվում Հունաստանի, Մակեդոնիայի և Սերբիայի քաղաքական ղեկավարության հետ: Կարող ենք ենթադրել, որ հենց այս առանցքը պետք է օգտագործվի թուրք-հունական սահմանին գտնվող գազային հանգույցից ռուսական գազը խողովակաշարով Հունգարիա հասցնելու համար: Նշենք, որ տվյալ երկրները ևս բավականին հետաքրքրված են նախագծով, և իրատեսական է, որ եթե Եվրահանձնաժողովը նոր խնդիրներ չառաջացնի, նրանք կմիանան նախագծին՝ ստանձնելով տրանզիտային կարևոր նշանակություն:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ տվյալ երկրները ևս գիտակցում են ռուսական կողմի համար «Թուրքական հոսքով» գազը եվրոպական շուկա հասցնելու կարևորությունը, և բնականաբար պետք է ակնկալել, որ բանակցությունների ժամանակ փորձելու են ապահովել հնարավորինս շահեկան պայմաններ: Որպես այս առումով արձանագրված հաջողություն՝ կարող ենք դիտարկել ռուս-հունգարական գազային գործարքներում take or pay սկզբունքից (այն ենթադրում է սահմանված գումար մատակարարվող գազի համար՝ անկախ օգտագործման ծավալներից) անցում սպառված գազի համար վճարելու սկզբունքին, ինչը շոշափելի զիջում էր ՌԴ կողմից:

«Թուրքական հոսքի» կենսունակության հնարավորությունների բարձրացման համար Ռուսաստանն ունի նաև մեկ այլ հաղթաթուղթ. դա Ուկրաինայի տարածքով իրականացվող տրանզիտն է: Գազպրոմն արդեն հայտարարել է, որ 2019թ.-ին նախատեսում է դադարեցնել ռուսական գազի մատակարարումներն այդ ուղղությամբ: Ուկրաինայի տարածքով միայն 2014թ.-ին Ռուսաստանն արտահանել է 58.8 մլրդ մ3 գազ (այն 25 մլրդ մ3-ով քիչ է նախորդ տարիների մատակարարումներից), որը եվրոպական սպառման շուկայի բավականին լուրջ մաս է կազմում: Ստացվում է, որ ուկրաինական խողովակաշարերով մատակարարումների դադարեցման դեպքում, նույն ԵՄ-ն այլ տարբերակ չի ունենա, քան այդ պակասը լրացնել «Թուրքական հոսքի» հաշվին, ինչն էլ կհանգեցնի խողովակաշարի լիարժեք շահագործման և տեղական ցանցերի ստեղծման:

Այսպիսով՝ «Թուրքական հոսքը» իր նպատակահարմարության հաշվին մեծացնում է սեփական կենսունակությունը, և ԵՄ-ն իր պրագմատիկ քաղաքականության շրջանակներում դա չի կարող անտեսել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: