ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պետք է իր մտավոր ներդրումն ունենա ԵԱՏՄ-ու

Եվրասիական ինտեգրումը տվյալ փուլում չի կարող տեղի ունենալ առանց ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, հումանիտար և այլ ասպեկտները հաշվի առնելու, այդ թվում՝ անվտանգության խնդիրները։ Այդ մասին այսօր հայտարարել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական - վերլուծական հասարակական կազմակեպության ղեկավար Արամ Սաֆարյանը Եվրասիական փորձագետների ակումբի նիստի ժամանակ։

Փետրվարի 27-ին  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում անց է կացվել Եվրասիական փորձագետների ակումբի նիստը, որին հրավիրված են եղել ուսանողներ ԵՊՀ-ից և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանից։ Արամ Սաֆարյանը ներկայացրել է, որ լույս է տեսնելու Եվրասիական հետազոտությունների ամսագիրը, որը նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների ուսանողների և մագիստրանտների համար։ Հրավիրված ուսանողների հոդվածները, նույնպես, տեղ են գտնելու այդ ամսագրում։

Հանդիպման ընթացքում զեկույցներով հանդես են եկել Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը, տնտեսագիտական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և «Նորավանք» հիմնադրամի փորձագետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը։

Հանդիպման նպատակն էր ծանոթացնել երիտասարդությանը եվրասիական ինտեգրման հիմնական խնդիրներին և ներգրավել նրանց փորձառու մասնագետների հետ քննարկման մեջ։ Օրակարգում եվրասիական տարածքում տեղեկատվական անվտանգության, տնտեսական մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների, ռազմական անվտանգության հացերն էին, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշման հիմնավորված լինելու քննարկումը։

Տեղեկատվական պատերազմն ու տեղեկատվության մանիպուլացումն իրականացվում է տեղեկատվության բովանդակության միջոցով ներազդմամբ։ Ներկայումս ներմուծված մի շարք հասկացություններ կոչված են դեֆորմացնել ազգերի քաղաքակրթական կոդը և ճեղքվածք առաջացնել պատմական անցյալի հետ՝ հեշտացնելու համար մանիպուլյացիան, ներկայացրել է Գագիկ Հարությունյանը։ Որպես պաշտպանության հիմնական մեթոդ նա կարևորել է հանրության գիտակցության և մտավոր կարողությունների բարձր մակարդակի անհրաժեշտությունը։

Հարությունյանը նշել է, որ մենք այսօր տեղեկատվություն չենք ստեղծում, այլ մուլտիպլիկացնում ենք արդեն իսկ գոյություն ունեցող տեղեկատվությունը՝ ենթարկվելով դրա ազդեցությանը։ «Տեղեկատվական ինքնավարություն մենք կստանանք միայն այն ժամանակ, երբ բարձրացնենք մեր մտավոր մակարդակը»,- նշել է Հարությունյանը։ ԵԱՏՄ-ի համար այսօր հատկապես կարևոր է ձեռք բերել տեղեկատվական ինքնավարություն և ձևավորել սեփական տեղեկատվական տարածք։ Փորձագետի խոսքերով, կրիտիկական կարևորություն ունեցող ոլորտը ԵԱՏՄ-ի համար ընդհանուր պատմությունն է և դրա մասին հիշողությունը։

ԵԱՏՄ կարևորագույն բաղադրիչը տնտեսական ինտեգրումն է, որն առաջացնում է խնդիրների ճիշտ ընկալման անհրաժեշտություն։ Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանն իր զեկույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ում իրականացվող հակաճգնաժամային միցոցառումներին և առկա այն բացերին, որոնք հարկավոր է լրացնել։

Թավադյանն առանձնացրել է այն հիմնական միջոցները, որոնք կիրառվում են ՌԴ-ի կողմից և կարող են կարևոր լինել նաև մեզ համար, այդ թվում՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը, ռազմարդյունաբերության զարգացումը, բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացումը, ակտիվ սոցիալական քաղաքականությունը և այլն։ Որպես ճգնաժամի այդքան արագ հասունացման պատճառ Թավադյանը նշել է ազգային արժույթի երկարատև արհեստական պաշտպանությունը։ «Զարգացող երկրների համար, որոնք նպատակ են հետապնդում ընդլայնել արտահանումը, կարևոր է իրականացնել ազգային արժույթի փոխարժեքի ղանդաղ իջեցում»,-նշել է նա։

Խոսելով Հայաստանի տնտեսության աճի ապահովաման մասին՝ տնտեսագետն ընդգծել է, որ այսօր Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրներից ավելի լավ ցուցանիշներ ունի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և կարևոր է զարգացնել այդ հաջողությունը՝ «չվարակվելով» մյուսներից։

Եվրասիական տարածքի ռազմական անվտանգությանն անդրադարձել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Յուրաքանչյուր տնտեսական գոտի պետք է պաշտպանված լինի»,- նշել է նա։ Հարությունյանն ընդգծել է ՀԱՊԿ-ի կարևորությունը ԵԱՏՄ ռազմական անվտանգության ապահովման տեսակետից։ Հայաստանի համար այդ հարցն առավել արդիական է՝ հաշվի առնելով չկարգավորված հակամարտությունն ու մշտական սրացումները սահմաններին։ Հարությունյանն անդրադարձել է նաև ռուսական ռազմաբազայի կարևորությանը։ Նրա խոսքով, ռազմական անվտանգությունը կապահովի անհրաժեշտ պայմանները տնտեսական հնարավորությունների ռեալիզացման և տնտեսական ինտեգրման համար։

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանն աշխարհա-համակարգային վելուծության տեսության միջոցով հիմնավորել է ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշման արդարացված լինելը և կարևորությունը։ Մանուկյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է ձգտի զարգացնել գիտությունը։ Նրա խոսքերով, մենք պետք է գիտության ոլորտում զարգացած երկիր լինենք, որը կկարողանա իր ներդրումն ունենալ ԵԱՏՄ զարգացման հարցում՝ ի հաշիվ մտավոր ռեսուրսների։ «Եթե խելոք չգործենք, մեզ մոտ ոչինչ չի ստացվի»,- շեշտել է Մանուկյանը։

Փորձագետներն ընդգծել են, որ Հայաստանն ունի չիրացված ռեսուրսներ, և անդամակցությունը ԵԱՏՄ-ին լայն հնարավորություններ է ստեղծում մեզ համար՝ տնտեսական աճ ապահովելու, անվտանգությունն ամրապնդելու և այլ տեսակետներից։ Հայաստանը պետք է լուծի իր արտահանման մեծացման, տեղեկատվական անվտանգության ամրապնդման, հանրության գիտակցության և մտավոր մակարդակի բարձրացման, ռազմական անվտանգության ընդլայնման և գիտության զարգացման խնդիրները՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից առավելագույն արդյունքներ քաղելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: