ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ա. Զաքարյան. Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քաղաքական խորհրդի նիստում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ներկայացնում է Ա. Զաքարյանի ելույթն ամբողջությամբ:

«Ցանկանում եմ երախտիքս հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նմանօրինակ բանաձևի հնարավորության համար: Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում բոլոր պետությունների և միջազգային կառույցների, կուսակցությունների և կրոնական ու հասարակական կազմակերպությունների քաղաքական խիզախությունն ու կայուն կամքի դրսևորումը:

Այս բանաձևը ևս մի քայլ կարող է լինել` ուղղված ցեղասպան հանցագործության ժխտողականության դեմ, պատվար` նոր ոճրագործ մտահաղացումների չեզոքացման համար: 2015 թվականին ՀՀ-ը իր արտաքին քաղաքականության համար ուղենիշ է սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նոր փուլի մեկնարկը: Այսպիսի քաղաքականությունն ինքնանպատակ չէ` ուղղված միմիայն սեփական ցավի ամոքմանը:

Մենք գիտակցում ենք, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, ով վերջին հարյուրամյակի ընթացքում դրսևորել է վերածնվելու ու ազգային գիտակցությունը վերարժեվորելու աննկարագրելի ջանքեր, ունի նաև իր անելիքը նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ոճիրի ճանաչմանն ու դատապարտմանն հասնելու միջոցով մենք պարտական ենք վերհիշել ու հիշեցնել, դատապարտել ու քննադատել: Մեր խորհրդարանի օրակարգում են արդեն ցեղասպանության ճանաչման մի շարք նախագծեր: Յուրաքանչյուր ցեղասպանապանական հանցագործություն մարդկային դաժանության դրսևորում է` ծնված անպատժելիության զգացումի ուժով:

Մենք դիտարկում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարում և «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու ենք այս գործընթացը: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի սկիզբը նախանշվել է դեռևս 1915 թվականին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի համատեղ հռչակագրով, ուր պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը:

Դրանից հետո մինչ օրս բազմաբնույթ փաստաթղթեր են ընդունվել տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Դատապարտող ցանկացած բանաձև, քննադատական յուրաքանչյուր խոսք ու խորհրդարանական որոշում յուրահատուկ վերաբերմունք են եղել թուրքական մերժողականության դեմ, ապացույց, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է:

Սակայն, որքան էլ ցավալի է, Ցեղասպանության 100-ամյակի նախօրերին մենք դեռ պայքարում ենք թուրքական մերժողականության դեմ: Շուրջ 100 տարի է, ինչ մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողություն ոտնահարված է: Միջազգային հարթակներում թուրքական պաշտոնական լոբբին ջանքեր չի խնայում խեղաթյուրելու պատմական արդարությունը: Թուրքիան չի գիտակցում, որ Հայոց ցեղասպանության մերժումը և պատմական ճշմարտության կոծկումը առաջին հերթին սպառնում է հենց իրեն` Թուրքիային` ժողովրդավար դառնալու իր ուղին ավելի դյուրին դարձնելու գործում:

Մենք, ամենաբարձր մակարդակով, կոչ ենք արել Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմությանն ու հիշողությանը:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Այս համոզմունքից ելնելով` մենք մշակելու ենք մեր հետագա անելիքները: Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ` մարդասիրական նկատառումներից ելնելով:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի հարգարժան բարեկամներին երախտիքս հայտնել Համաշխարհային քաղաքականության բազմազբաղ օրակարգում Հայոց ցեղասպանության եղելությունը լսելի դարձնելու, մեր ժողովրդի ցավը կիսելու համար: Մեր մասով, մենք միշտ հրատապ ենք պահելու «Ճանաչի´ր և դատապարտի´ր, որ չկրկնես» բանաձևը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: