ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հոգևոր առաջնորդի առողջական վիճակը ծանր է. Տեղեկանք

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առողջական ծանր վիճակում է: Երեկ  մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ վիրահատությունից հետո 76-ամյա հոգևոր առաջնորդը շարունակում է մնալ Թեհրանի հիվանդանոցներից մեկում, ուր նրան տեղափոխել էին չորեքշաբթի: Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ Իրանի առաջնորդը հիվանդ է քաղցկեղով: Դեռևս սեպտեմբերին նա շականակագեղձի վիրահատության էր ենթարկվել, այժմ, ամենայն հավանականության, հիվանդությունն ախտահարել է նաև այլ օրգաններ:

Լրատվամիջոցներն իսլամական հանրապետության հաջորդ հոգևոր առաջնորդի դերում դիտարկում են Փորձագետների համաժողովի նախագահ Մահմուդ Շահրուդիին, նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին և այաթոլլա Սադիկ Լարիջանիին:  

Տեղեկանք. Իրանի կառավարման համակարգը

1979թ. դեկտեմբերի 3-ին ընդունված[1] սահմանադրության համաձայն, Իրանը Իսլամական Հանրապետություն է:

Համաձայն այդ նույն սահմանադրության, Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարը Գերագույն առաջնորդն է (Ռահբարե Էնքելաբ): Նա ընտրվում է Փորձագետների համաժողովի կողմից ցմահ և համարվում է պետության գլուխը, Իրանի բարձրագույն քաղաքական ու հոգևոր ղեկավարը:

Գերագույն առաջնորդին է պատկանում Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ եզրափակիչ խոսք ասելու իրավունքը: Նա կարող է պաշտոնանակ անել երկրի Նախագահին` թե' երկրի Գերագույն դատարանի` ինչ-որ հարցում Նախագահին մեղավոր ճանաչելու որոշման հիման վրա և թե' Խորհրդրանում տեղի ունեցած համապատասխան քվեարկությունից հետո: Իրանի Գերագույն առաջնորդը համարվում է երկրի զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը: Նշանակում կամ պաշտոնանկ է անում զինված ուժերի բարձրագույն բոլոր հրամանատարներին, Գլխավոր սպայակույտի պետին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին: Իրանի Գերագույն առաջնորդը նշանակում է երկրի Դատական համակարգի ղեկավարին, ով իր հերթին նշանակում է Իրանի Գերագույն դատարանի ղեկավարին և Գլխավոր դատախազին: Իրանի Գերագույն առաջնորդին է հաշվետու նաև երկրի ռադիո-հեռուստացանցի ղեկավարը:

Իրանի ներկայիս` թվով երկրորդ Գերագույն առաջնորդն է Մեծ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին` 1989թ. հունիսի 4-ից: Խամենեին ազգությամբ ադրբեջանցի է և ծնվել է 1939թ. հուլիսի 17-ին Իրանի Ռազավի Խորասան նահանգի Մեշհեդ քաղաքում:

Իրանի նախկին` առաջին Գերագույն առաջնորդն էր (1979թ. դեկտեմբերի 3-1989թ. հունիսի 3) Մեծ Այաթոլլա Սեյեդ Ռուհոլլա Մուստաֆավի Խոմեյնին:

Իրանի Իսլամական Հանրապետությունում ուղղակի ընտրություններով ձևավորվում են իշխանության հետևյալ օղակները`

Փորձագետների համաժողով (Մաջլես-է Խոբրեգան), Նախագահ,             Խորհրդարան (Մաջլես-է շուրա-է էսլամի` Իսլամական խորհրդակցական համաժողով), Քաղաքային/Գյուղական խորհուրդներ:  Փորձագետների համաժողովը բաղկացած է 86 հոգուց (մուջթահիդներից) և ընտրվում է ուղղակի համաժողովրդական ընտրությունների միջոցով` 8 տարի ժամկետով: Փորձագետների համաժողովի ընտրությունների արդյուքնում ձևավորված Փորձագետների չորրորդ համաժողովի առաջին նիստը կայացավ 2007թ. փետրվարի 19-ին: Ըստ արևմտյան ու իրանական աղբյուրների, մրցակից հիմնական խմբավորումների առաջնորդներին էին Իրանի նախագահ Մահմուդ Ահամդի-Նեջադը և Նպատակահարմարության խորհրդի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Նույն աղբյուրների մատուցմամբ, 2006թ. դեկտեմբերի 15-ի ընտրությունների արդյունքում տեղերի մեծամասնությունը (մոտ 65-70%-ը) ստացել են հենց վերջինիս կողմնակիցները:

Փորձագետների համաժողովի ընտրություններին կարող են մասնակցել միայն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հավանությանն արժանացած և իսլամական իրավաբանության մասնագետներ համարվող անձինք: Փորձագետների համաժողովի հիմնական իրավասությունը Իրանի Գերագույն առաջնորդի ընտրությունն է, նրա գործունեության վերահսկողությունը: Միայն Փորձագետների համաժողովն է իրավասու պաշտոնանկ անել Իրանի Գերագույն առաջնորդին:

Իրանի Նախագահն ընտրվում է ուղղակի համաժողովրդական ընտրությունների միջոցով` 4 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ընտրվել ավելի քան երկու անգամ: Ընտրվելու համար Իրանի Նախագահի թեկնածուները պետք է ստանան Սահմանադրության պահապանների խորհրդի հավանությունը:

1989թ., երբ սահմանադրական բարեփոխման արդյունքում Իրանում վերացվեց Վարչապետի պաշտոնը և նրա լիազորությունները փոխանցվեցին Նախագահին, լրջորեն աճեց վերջինիս նշանակությունը երկրի իշխանական համակարգում. Իրանի Նախագահը դարձավ Կառավարության[2] ղեկավար:

Իրանի Նախագահը համարվում է Կառավարության ղեկավարը: Երկրի Խորհրդարանի հաստատմանը նա է ներկայացնում երկրի Կառավարության անդամների թեկնածությունները, կարող է պաշտոնանկ անել Կառավարության յուրաքանչյուր անդամի, նշանակում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին[3], ինչպես նաև Իրանի նահանգապետերին ու դեսպաններին, ստորագրում` օրենքի ուժ է տալիս երկրի Խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը:

Իրանի Նախագահն ունի 10 տեղակալ:

 Իրանի Խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորներից, որոնք ընտրվում են ուղղակի համաժողովրդական ընտրությունների միջոցով, մեծամասնական կարգով 4 տարի ժամկետով: Այդ 290-ից պատգամավորական 5 տեղ տրվում է ոչ մահմեդական կրոնական փոքրամասնություններին` 2 տեղ հայերին, 1 տեղ ասորիներին, 1 տեղ հրեաներին, 1 տեղ զրադաշտականություն դավանողներին: Ընտրվելու համար պատգամավորության թեկնածուները պետք է ստանան Սահմանադրության պահապանների խորհրդի հավանությունը:

Իրանի Խորհրդարանը հաստատում է Կառավարության կազմը, պետական բյուջեն, վավերացնում Իրանի կողմից կնքված միջազգային պայմանագրերը, ընդունում է օրինագծեր[5], կարող է պաշտոնանկ անել Իրանի Նախագահին և/կամ Կառավարության ցանկացած այլ անդամի:

Խորհրդարանի կողմից ընդունված բոլոր օրինագծերը պետք է ստանան Սահմանադրության պահապանների խորհրդի հավանությունը:

Համաձայն Իրանի սահմանդրության 7-րդ հոդվածի, Քաղաքային/Գյուղական խորհուրդները Իրանի Խորհրդարանի հետ միասին ՙերկրի որոշման կայացման և արչական մարմիններն են: Խորհուրդները նախատեսված են Իրանի բոլոր քաղաքների ու գյուղերի համար: Նրանց անդամները ընտրվում են ուղղակի համաժողովրդական ընտրությունների միջոցով` 4 տարի ժամկետով:

Քաղաքային/Գյուղական խորհուրդներն են ընտրում տվյալ քաղաքի կամ գյուղի ղեկավարին (քաղաքագլուխ, գյուղապետ) վերահսկում են համայնքապետարանների աշխատանքները, լուծում տեղական նշանակության սոցիալ-տնտեսական, մշակությաին, կրթական, առողջապահական և այլ կարգի հարցեր: 

Իրանի Դատական համակարգի ղեկավարին նշանակում է Գերագույն առաջնորդը: Ղեկավարն իր հերթին նշանակում է Իրանի Գերագույն դատարանի ղեկավարին և Գլխավոր դատախազին, ինչպես նաև Իրանի արդարադատության նախարարի թեկնածությունը երկրի Նախագահն առաջ է քաշում Դատական համակարգի ղեկավարի ներկայացրած ցանկից:

Իրանում, բացի ընդհանուր` քաղաքացիական գործերով դատարաններից, կան նաև`

Իսլամական հեղափոխության դատարաններ, որոնք հիմնականում քննում են երկրի ազգային անվտանգությանն առնչվող գործեր և որոնց կայացրած որոշումները վերանայման ենթակա չեն, և Հատուկ կրոնական դատարաններ, որոնք հիմնականում քննում են կրոնավորներին առնչվող գործեր, փաստորեն, դուրս են Իրանի դատական համակարգից` ուղղակի ենթարկվելով Գերագույն առաջնորդին, և որոնց որոշումները նույնպես չեն կարող վերանայվել:      Իրանի Դատական համակարգի ղեկավարը նշանակվում է Գերագույն առաջնորդի կողմից:

Իրանի Գերագույն առաջնորդից և ընտրությունների միջոցով ձևավորվող երկրի կառավարման չորս մարմիններից զատ Իրանում գոյություն ունեն ևս երեք մարմիններ, որոնք էական դերակատարություն ունեն այդ երկրի կառավարման-իշխանական համակարգում թե' ֆորմալ առումով, թե' փաստացի ազդեցության իմաստով.

Սահմանադրության պահապանների խորհուրդ,   Նպատակահարմարության խորհուրդ,         Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ:       Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որոնցից կեսը` վեց հոգին, պարտադիր պետք է լինեն կրոնավորներ` նշանակված Գերագույն առաջնորդի կողմից (Գերագույն առաջնորդը իրավունք ունի պաշտոնանկ անել իր կողմից նշանակված ցանկացած անդամի), իսկ մյուս կեսը` տարբեր ոլորտներից քաջատեղյակ իրավաբաններ, որոնք ընտրվում են Իրանի Խորհրդարանի կողմից` երկրի Դատական համակարգի ղեկավարի կողմից առաջարկված թեկնածուների ցուցակից: Սահմանադրության պահապանների խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են 6 տարի ժամկետով, սակայն խորհրդի կեսը պետք է 3 տարին մեկ թարմացվի:

Թեև Սահմանադրության պահապանների խորհուրդը չի կարող օրենքներ ընդունել, բայց խորհրդարանի կողմից ընդունված բոլոր օրինագծերը պետք է ստանան խորհրդի հավանությունը, որպեսզի ներկայացվեն նախագահի ստորագրությանը: Սահմանադրության պահապանների խորհուրդը կարող է չընդունել Խորհրդարանի ընդունած ցանկացած օրինագիծ և այն վերադարձնել: Եթե այդ դեպքում էլ հարցը չի կարգավորվում, ապա երկու մարմինների միջև ծագած տարաձայնությունը հարթում է Նպատակահարմարության խորհուրդը: Խորհուրդը իրավունք ունի չընդունել Խորհրդարանով անցած օրինագիծը երկու պատճառով`

եթե այն դեմ է երկրի սահմանադրությանը, եթե այն չի համապատասխանում իսլամի կանոններին:     Ընդ որում, եթե առաջին կետի պարագայում կարող են քվեարկել Նպատակահարմարության խորհրդի բոլոր 12 անդամները, ապա տվյալ օրենքի` իսլամի կանոններին համապատասխանելու հարցը որոշում են խորհրդի միայն 6 կրոնավոր անդամները:

Իրանում Սահմանադրության պահապանների խորհրդին է հանձնված մեկնաբանելու երկրի սահմանդրության այս կամ այն դրույթը: Սահմանադրության որևէ դրույթի մեկնաբանման (այսինքն, տվյալ հարցը չի՞ հակասում սահմանադրությանը) հետ կապված որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների 3/4-ի կողմից: Սահմանադրության պահապանների խորհուրդը, փաստորեն, մասամբ կատարում է սահմանադրական դատարանի գործառույթները:

Եվ վերջապես, Սահմանադրության պահապանների խորհրդի պարտադիր հավանությանը պետք է արժանան բոլոր այն թեկնածուները, որոնք մասնակցելու են այդ երկրում կայանալիք նախագահական, խորհրդարանական ընտրություններին կամ պայքարում են Փորձագետների համաժողովում տեղ գտնելու համար:

Իրանի Նպատակահարմարության խորհուրդը ստեղծվել է այդ երկրի սահմանադրության մեջ 1988թ. փետրվարի 6-ին կատարված փոփոխության արդյունքում:

Նպատակահարմարության խորհրդի անդամները նշանակվում են Իրանի Գերագույն առաջնորդի կողմից և մեծ մասամաբ երկրի Կառավարության և Խորհրդարանի անդամներ են: Խորհրդի անդամների թիվը կայուն չէ, բացի մշտական անդամներից: Նպատակահարմարության խորհրդի մեջ այդ պահին կարող են ընդգրկվել այն ոլորտով զբաղվող նախարարը և Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի ղեկավարը, որ ոլորտի առնչությամբ որ պետք է ընթանա քննարկումը: Եթե Նպատակահարմարության խորհրդի քննարկման առարկան է երկրի Խորհրդարանի և Սահմանադրության պահապանների խորհրդի միջև ծագած հակասությունը, ապա Նպատակահարմարության խորհրդի մեջ են ընդգրկվում Սահմանադրության պահապանների խորհրդի 6 կրոնավոր անդամները: Ի պաշտոնե Իրանի Նպատակահարմարության խորհրդի անդամ են նաև Իրանի Նախագահը, Խորհրդարանի նախագահը, Դատական համակարգի ղեկավարը:

Նպատակահարմարության խորհրդի հիմնական գործառույթն է երկրի Խորհրդարանի և Սահմանադրության պահապանների խորհրդի միջև ծագած հարցի կարգավորումը: Իրանի Գերագույն առաջնորդի համար Նպատակահարմարության խորհուրդը նաև հանդես է գալիս որպես խորհրդակցական մարմին:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ստեղծվել է 1989թ. հուլիսի 28-ին իրանական սահմանդրության մեջ կատարված փոփոխություններից հետո:

Ի պաշտոնե Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարն է երկրի Նախագահը, ով և նշանակում է խորհրդի քարտուղարին: Սակայն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշումները չեն կարող ուժի մեջ մտնել առանց Իրանի Գերագույն առաջնորդի հավանության:

Ըստ իրանական սահմանդրության, երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ են հանդիսանում երկրի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների գլուխները, զինված ուժերի Գլխավոր սպայակույտի պետը, երկրի ծրագրավորման և բյուջետային հարցերով պատասխանատու պաշտոնյան, Իրանի Գերագույն առաջնորդի կողմից նշանակված և, փաստորեն, անմիջականորն նրան ներկայացնող երկու անձինք, արտաքին գործերի, ներքին գործերի ևազգային անվտանգության նախարարները, այն ոլորտով զբաղվող նախարարը, որ ոլորտի առնչությամբ պետք է տվյալ նիստին ընթանա քննարկումը, երկրի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն զինվորականներ:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կազմը, ըստ էության, փոխվում է նոր Նախագահի ընտրվելու դեպքում, որն էլ ձևավորում է նոր կառավարություն և նշանակում խորհրդի քարտուղարին: Ենթադրվում է, որ տվյալ խորհուրդը պետք է որ գործի տվյալ Նախագահի պաշտոնավարման ողջ ընթացքում:

Ըստ Իրանի սահմանադրության, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հիմնական գործառույթներն են.

Գերագույն առաջնորդի սահմանած ուղենիշների շրջանակներում` որոշել երկրի պաշտպանական ոլորտին ու ազգային անվտանգությանն առնչվող քաղաքականությունները, երկրի պաշտպանական ու անվտանգության քաղաքականության շրջանակներում համակարգել պետության քաղաքական, սոցիալ-տնտեսական, հետախուզական ու մշակութային ոլորտները, Իրանին սպառնացող արտաքին կամ ներքին վտանգների դեպքում օգտագործել երկրի նյութական ու մտավոր ռեսուրսները: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայիս քարտուղարն է Ալի Արդաշիր Լարիջանին (ծնվել է 1958թ., ըստ որոշ տեղեկությունների, Իրաքի Նաջաֆ քաղաքում): Այդ պաշտոնին նա նշանակվել է 2005թ. օգոստոսի 15-ին Նախագահ Մահմուդ Ահմադի-Նեջադի կողմից:

 

 


[1] Իրանի 1979թ. սահմանադրությունը լուրջ փոփոխությունների ենթարկվեց 1989թ. հուլիսի 28-ին:

[2] Ներկայում իրանական Կառավարությունը բաղկացած է 33 անդամներից:

[3] Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահը երկրի Նախագահն է: Իրանի Գերագույն առաջնորդի սահմանած ուղենիշների շրջանակներում Ազգային անվտանգության բարձրագության խորհուրդը որոշում/համակարգում է երկրի պաշտպանական ոլորտին ու ազգային անվտանգությանն առնչվող քաղաքականությունները: Խորհրդի ներկայիս քարտուղարն է Ալի Արդաշիր Լարիջանին: Այդ պաշտոնին նա նշանակվել է 2005թ. օգոստոսի 15-ին Նախագահ Մահմուդ Ահմադի-Նեջադի կողմից:

[4] Հիմնական մրցակիցն էր Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, ով առաջին փուլում հավաքել էր քվեների 21.1%-ը, իսկ Ահմադի-Նեջադը` 19.4%-ը, երկրոդ փուլում, համապատասխանաբար, 35.9% և 61.6%:

 

[5] Իրանում օրենքի ընդունման կամ որևէ օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնություն ունի թե' Կառավարությունը, թե' Խորհրդարանի ցանկացած պատգամավոր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: