ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է ահաբեկչական գրոհը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը կտրականապես դատապարտում է այսօրվա հարձակումը Քաբուլում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մերձակայքում»,- ասվում է հաղորդագրությունում։
Դյուժարիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։
«Գուտերիշն ընդգծում է, որ միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա», - ասվում է հայտարարության մեջ։