Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանից մեկնել է Էր Ռիադ։ Այս մասին տեղեկանում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ТАСС գործակալությունը։
Իրանը և Սաուդյան Արաբիան երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլեր են կատարում դիվանագիտական հարաբերությունների խզումից 7 տարի անց։
Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին 2015 թվականի մարտին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր։ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումներից հետո թագավորությունը խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:
Ընթացիկ տարվա մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը համաձայնության են եկել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման շուրջ: