Անդրե Սիմոնյան
The Beautified Project խմբի հիմնադիր
- Պարո՛ն Սիմոնյան, ձեր խումբը` The Beautified Project-ը, շատ հայտնի է հայերի և ոչ միայն հայերի շրջանում: Բայց շատ քչերը գիտեն, որ դուք ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եք: Կպատմե՞ք Ձեր պատմությունը:
-Իմ պապը վերապրել է Ցեղասպանությունը: Նրա ընտանիքում 7 երեխա է եղել: Նրանք մի խանութ են ունեցել, որտեղ սնունդ վաճառելիս են եղել: Դա նրանց ընտանիքի ապրուստի միջոցն է եղել: Խանութում սեղաններ են նաև ունեցել, որտեղ հիմնականում ռուս զինվորներն են ճաշել: Հենց այդ նույն ռուս զինվորներն էլ պաշտպանել են նրանց օսմանյան բանակից: Նա միշտ ինձ պատմում էր, թե ինչպես են ոտքով Ալաշկերտից հասել Երևան: Այդ ժամանակ պապս 7 տարեկան է եղել: Նրանք Երևանում կանգ են առել մի եկեղեցու բակում, որտեղ էլ գիշերել են, քանի որ գնալու ուրիշ տեղ չեն ունեցել: Պապս շատ դժվար կյանքով է ապրել: Նա պատմում է, որ Երևանի փողոցներում ջուր է ծախելիս եղել, որպեսզի կարողանա ապրուստ վաստակել իր մեծ ընտանիքի համար: 20 տարին նոր էր լրացել, երբ տեղափոխվել է Իրան և այնտեղ ընտանիք կազմել: Իրանում էլ ծխախոտ է վաճառել փողոցներում: Տարիների ընթացքում նրան հաջողվել է սեփական գործը սկսել կինոյի ասպարեզում: Պապս Թավրիզում ունեցել է հյուրանոց և երեք մեծ կինոթատրոն: Սակայն Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ նա իր բիզնեսի մեծ մասը կորցրել է:
Պապս որոշել է Հայաստան վերադառնալ, երբ արդեն 97 տարեկան էր: Նրա կարծիքով ինքը երբեք էլ Իրանում մշտապես չի բնակվել. միշտ ուզել է վերադառնալ Հայաստան և միշտ իմացել է, որ մի օր վերադառնալու է: Նա այստեղ ապրել է մինչև իր մահը` 103 տարեկան: Պապս ինձ միշտ ասում էր, որ Հայաստանում անցկացրած տարիներն իր կյանքի ամենալավ տարիներն են: Պապիցս ստացած ամենակարևոր դասը եղել է այն, որ պետք է միշտ ընտրել դրականը:
- Ինչպե՞ս են այս պատմությունները ազդել Ձեր աշխարհայացքի, գործունեության վրա:
- Ես ծնվել և մեծացել եմ Իրանում: Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1996թ: Ես ավելի շատ կենտրոնացած էի Եվրոպա գնալու և այնտեղ սովորելու վրա: Այնպես, որ 1996թ Հայաստանում կարճ ժամանակ մնալուց հետո ես մեկնեցի Լոնդոն` մեդիա և երաժշտություն ուսումնասիրելու: Սակայն իմ պապը դեռ 5-6 տարեկանից հայրենասիրություն է սերմանել իմ մեջ: 11 տարի Lոնդոնում ապրելու ընթացքում ամեն տարի ինչ-որ բան ինձ հետ էր կանչում Հայաստան: 1996-2006թթ. ընթացքում Հայաստանում եղել եմ 10 անգամ: Ամեն տարի արձակուրդներին, երբ իմ ընկերները գնում էին հանգստավայրեր, ինչպես, օրինակ, Կիպրոս կամ այլ վայր, ուր բրիտանացիները սիրում են հանգստանալ, ես միշտ գալիս էի Երևան` տեսնելու իմ պապիկին և էլ ավելի լավ ճանաչելու Հայաստանը: Ես այստեղ բացահայտեցի նաև ինքս ինձ: Ես որոշեցի իմ պապի նման գալ և բնակվել այստեղ: Ուսումս Լոնդոնում ավարտելուց և մի քանի տարի աշխատելուց հետո զգացի, որ ինչ-որ բան իրականում պակասում է իմ կյանքում: Ես կարծում եմ, որ դա իմ գենետիկ հիշողությունն էր , որ ինձ հետ էր կանչում Հայաստան:
- Պարոն Սիմոնյան, ո՞րն է հայ-թուրքական հաշտեցման Ձեր բանաձևը: Արդյո՞ք դա հնարավոր է այժմ:
- Նույնիսկ, եթե թուրքական կառավարությունը չի ընդունում հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակում, որ թուրքական կառավարությունն ընտրվել է թուրք հասարակության 100 տոկոսի կողմից: Շատ թուրքեր, ում հետ ես խոսել եմ, նույնիսկ տեղյակ չեն Հայոց ցեղասպանության փաստին: Ինչ էլ, որ տեղի է ունենում, տեղի է ունենում իշխանությունների միջև` քաղաքական մակարդակում: Շատ ավելի կարևոր են միջանձնային հարաբերությունները` հեռու քաղաքականությունից: Ես շատ կցանկանայի, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ հաստատեր Թուրքիայի հետ: Ես, որպես դերասան, շատ կուզենայի թուրք արտիստների հետ միասին մասնակցել տարբեր ծրագրերի և կցանականայի հայ-թուրքական սահմանը բաց տեսնել: Ես կրկնում են, որ ավելի կարևոր է հարաբերությունները երկու ազգերի միջև` հեռու քաղաքականությունից:
- Որքանով` տեղյակ եմ, Ձեր խումբը կազմակերպում է տարբեր համերգներ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
- Մենք միշտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգներ ենք կազմակերպել: Փաստ է, որ շատ մարդիկ են զոհվել Հայոց ցեղասպանության ժամանակ, և մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այդ մարդկանց: Մենք չենք փորձում որևէ հայտարարություն անել մեր համերգներով: Հայոց ցեղասպանությունը որպես մարկեթինգային գործիք օգտագործելը ուղղակի սարսափելի է: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված շրջագայությունը, որը մենք կազմակերպում ենք, կոչված է նպաստելու ցեղասպանությունների քրեականացմանը ողջ աշխարհում: Մենք խոսում ենք ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Սակայն ցեղասպանություննեը տեղի են ունենում նաև այսօր: Այսպիսով, ամենակարևորը բոլոր ազգերին ցեղասպանությունների դեմ միավորելն ու հավաստիանալն է, որ դրանք այլևս չեն կրկնվի: