Ադրբեջանական մանաթի անկումը դոլարի և եվրոյի նկատմամբ բացասաբար է անդրադարձել երկրի անշարժ գույքի շուկայի վրա: Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նուսրեթ Իբրահիմովի խոսքով, անշարժ գույք վաճառողները կփորձեն բարձրացնել իրենց գույքի մանաթային արժեքը, որպեսզի կոմպենսացնեն փոխարժեքի տատնումնրից կրած կորուստները: Սակայն այս մոտեցումն, ըստ նրա, հազիվ թե արդարացնի նրանց ակնկալիքները, քանի որ շուկայական հարաբերություներում գինը որոշվում է առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությամբ և ոչ թե վաճառողների կամայական ցանկությամբ: Այսինքն վաճառողները չեն կարող իրենց գույքի գինը անսահմանափակ բարձրացնել: Այս կապակցությամբ Իբրահիմովը խորհուրդ է տվել որոշ ժամանակով սառեցնել գործարքները շուկայում մինչև փոխարժեքների միջև ռիսկային տատնումները կդադարեն: Ըստ նրա կանխատեսումների՝ արժույթի շուկան կկարգավորվի 2-3 ամիսների ընթացքում: Փորձագետը նաև նշել է, որ Բաքվում մանաթային արժեքով կապիտալի պահանջարկը դժվար թե արագ բարձրանա, իսկ դոլարայինով` այն կնվազի: Նա հայտնել է նաև, որ առանձնապես փոփոխություներ պետք չէ ակընկալել նաև գույքի վարձակալության տեսանկյունից: Եթե անգամ վարձակալության պայմանագրերը կնքված են դոլարով, միևնույնն է շուկայի այս հատվածը նույնպես մեծապես կախված է հասարակության գնողունակության աստիճանից (աղբյուրը՝ http://haqqin.az):
Արդեն իսկ հայտնի է, որ ադրբեջանական հասարակության գնողունակությունը վերջին ժամանակաշրջանում անկում է ապրել, քանի որ տնային տնտեսություների եկամուտները մեծապես կախված են նավթային և գազային արդյունաբերական հատվածից: Համաշխարհային շուկայում նավթի և գազի արտահանման գների անկումը բացասաբար է ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելին կազմում են «սև ոսկու» և գազի արդյունահանումը: Սա նշանակում է, որ երկրում սպառումը նույնպես կրճատվել է, ինչի վառ օրինակն է այս պահին անշարժ գույքի շուկան: Եկամուտների կրճատումը զսպանակային բացասական էֆեկտով անդրադառնում է Ադրբեջանի տնտեսության վրա` ցածր եկամուտներ-քիչ սպառում-արտադրության կրճատում-ՀՆԱ-ի նվազում շղթայով: