Փետրվարի 26-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Սերբիայի քաղաքականության առաջնահերթություններին, ուկրաինական ճգնաժամին, ինչպես նաև սերբ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի:
ԱՄՆ-ի պետքարտուղարը բարձր է գնահատել Սերբիայի ունեցած մեծ դերակատարումը մի շարք կարևոր հարցերում: Մասնավորապես Քերին ողջունել է Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը: «ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կարևոր դերակատարում ունի` պարզելու համար, թե արդյոք հակամարտության կողմերը հետևում են Մինսկի պայմանավորվածություններին: Մենք, ողջունում ենք այս հարցում ԵԱՀԿ ստանձնած պարտավորությունը»,-նշել է պետքարտուղարը Սերբիայի իր պաշտոնակցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Քերին ևս մեկ անգամ ընդգծել է, որ ըստ Մինսկի համաձայնագրի` հակամարտության կողմերը պարտավոր են ապահովել ԵԱՀԿ դիտորդական առաքելության մուտքը հակամարտության բոլոր շրջաններ:
Քերին ընդգծել է Սերբիայի` Եվրամիությանն անդամակցելու կարևորությունը և պատրաստակամություն է հայտնել օգնելու Բելգրադին այդ հարցում:
Քերին նաև ողջունել է սերբական իշխանությունների կողմից Բելգրադ-Պրիշտինա երկխոսության հաստատումը և հույս է հայտնել, որ այն երկարաժամկետ կայունություն հաստատող համաձայնագրի հիմք կարող է հանդիսանալ:
Դաչիչն իր հերթին նշել է, որ իր երկիրը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար կանի հնարավոր ամեն ինչ: Սերբ դիվանագետը նաև ընդգծել է ԵԱՀԿ առաքելությունն իրականացնելու հարցում ԱՄՆ-ի մասնակցության կարևորությունը: