Երբեմն ինչ-որ բան փոխելու հեռանկարը կարող է ծառայել որպես «կատալիզատոր» նոր գաղափարների և թարմ մոտեցումների համար: Հենց այսպես էլ 20-րդ դարի կեսերին ստեղծվեց գեղանկարչության միանգամայն նոր մի ուղղություն` ռևերսպեկտիվ (հակառակ կամ փոփոխվող հեռանկար) ուղղությունը: Ուղղության հիմնադիրը` 75-ամյա նկարիչ Պատրիկ Հյուզը, պատմում է, որ իր նկարներում միշտ փորձել է հասնել անսահմանության զգացողության:
Գեղանկարչության ռևերսպեկտիվ ուղղությունն իրենից ներկայացնում է եռաչափ հարթության վրա պատկերի ստեղծման յուրահատուկ տեխնիկա, որ նկարին նայելու ժամանակ ստեղծում է տեսողական պատրանք:
Նկարին հեռվից նայելիս տպավորություն է ստեղծվում, թե այն իրականում նկարված է սովորական հարթ մակերևույթի վրա: Սակայն բավական է հայացքը նկարից չհեռացնելով մի փոքր թեքել գլուխը, երբ վարպետի նկարները կենդանանում են:
Այս տեխնիկայով նկարված նկարներին նայելիս թվում է, թե պատկերի այն մասը, որ իրականում ֆիզիկապես ամենամոտն է գտնվում դիտողին, շատ հեռու է: Նման տեսողական խաբկանքների պատճառն իրականում նկարի հիմնակմախքն է: Նկարի համար հիմնակմախք է ծառայում խորդուբորդություններով ստվարաթուղթը, որի վրա պատկերը նկարվում է «կտավի» ռելիեֆին հակառակ: