Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Քրդական աշխատավորական կուսակցության 4 զինյալներն, ովքեր մեղադրվում էին նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիայի հարավարևելյան Բինգյոլ նահանգում բարձրաստիճան ոստիկանների վրա իրականացված հարձակման մեջ, անմեղ են: Այս մասին գրում է թուրքական Todays Zaman լրատվականը:
Հիշեցնեք, որ 2014թ հոկտեմբերի 9-ին ահաբեկչական հարձակման արդյունքում սպանվել էին Բինգյոլ նահանգի ոստիկանության պետի տեղակալ Աթըֆ Շահինը և ոստիկան Հուսեյն Հաթիփօղլուն, իսկ ոստիկանապետը ստացել էր բազմաթիվ վնասվածքներ:
Սպանությունից քիչ անց ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, թե հարձակման մեջ կասկածվող Քրդական աշխատավորական կուսակցության 4 զինյալները սպանվել են ոստիկանության կողմից, երբ փորձել են անցնել Դիարբեքիր նահանգ: Այս կապակցությամբ Քրդական աշխատավորական կուսակցությունում նշել էին, որ սպանված 4 զինյալներն իրականում որևէ կապ չունեն ահաբեկչությունն իրականացրած խմբավորման հետ:
Հետաքրքիր է, որ այս դեպքի կապակցությամբ քրեական դատարանը պարբերաբար մերժել է ոստիկանության խնդրանքը` ահաբեկիչներին հայտնաբերելու նպատակով որոնումներ իրականացնել քաղաքում: Նշենք, որ կային կասկածներ, որ ԻՊ կողմից Քոբանի քաղաքի գրավումից հետո մի խումբ ահաբեկիչներ թափանցել էին Բինգյոլ քաղաք:
Ոստիկանական հետաքննության արդյունքում նաև պարզ է դարձել, որ ահաբեկիչներին օգնելու մեջ մեղադրվող երկու կասկածյալները ևս այս միջադեպի հետ որևէ կապ չունեն: Սակայն դատախազությունը նրանց համար պահանջել է 12 տարվա ազատազրկում Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանն անդամակցելու համար: