Թուրքիայում նախագահ Էրդողանին վիրավորելու կապակցությամբ հարուցված դատական գործերն արդեն մասայական բնույթ են կրում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս մեղադրանքն իշխանությունների կողմից օգտագործվում է ընդդիմությանը ճնշելու և այլախոհության դեմ պայքարելու համար:
Այս կապակցությամբ Ջումհուրիյեթ թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը նշել է, որ պաշտոնական հետապնդումները ճակատագիր են դարձել Թուրքիայի լրագրողների համար: «Դատարանի առաջ կանգնելը դարձել է թուրք լրագրողի մասնագիտության անբաժան մասը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դյունդարը, ում դեմ հարուցված է միանգամից երկու դատական գործ:
Ջումհուրիյեթի գլխավոր խմբագիրը մեղադրվում է ոչ միայն նախագահին վիրավորելու, այլ նաև Թուրքիայի Սահմանադրության 285-րդ հոդվածը խախտելու մեջ: Վերջինս հետաքննության գաղտնիությունը չպահպանելու համար նախատեսում է մեկից երեք տարվա ազատազրկում:
Նշենք, որ լրագրողը մի շարք հոդվածներ է հրապարակել Թուրքիայում 2013թ դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի մասին, ինչպես նաև հրապարակել էր լայնածավալ հարցազրույց այդ գործով զբաղվող դատախազի հետ, ով հետագայում ձերբակալվել էր:
«Էրդողանը փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը բարձրացնում են զանգվածային լրատվամիջոցներում»,-ասել է Դյունդարը, ապա ավելացրել «դա անարդյունավետ քաղաքականություն է, քանի որ մենք շարունակելու ենք խոսել և գրել: Մեր` լրագրողների պարտքն է լուսաբանել երկրում տեղի ունեցող զարգացումները»: