ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը որակել է որպես «պատվիրված և սադրիչ»: Այս մասին հայտնում է TASS –ը՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին.
«Պուտինը նշել է, որ այդ դաժան սպանությունն ունի պատվիրված սպանության բոլոր հատկանիշներն ու կրում է բացարձակապես սադրիչ բնույթ», - ասել է Պեսկովը և հավելել, որ նախագահն իր «խորը ցավակցություններն է հայտնում ողբերգական մահով կյանքից հեռացած Բորիս Նեմցովի հարազատներին և մտերիմներին»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձանց կողմից փետրվարի 28-ի գիշերը սպանվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, «ՌՊՌ-Պառնաս» կուսակցության դաշնային քաղխորհրդի բյուրոյի անդամ Բորիս Նեմցովը: Դեպքի առթիվ ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: