ԱՄՆ-ի ամենաազդեցիկ` իսրայելական լոբբիի՝ Իսրայելա-ամերիկյան հասարակական հարցերով հանձնաժողովի այսօր կայանալիք համաժողովին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի նախագահի` արտաքին քաղաքական հարցերով երկու գլխավոր խորհրդականները՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերը: Համաժողովին վերջիններիս մասնակցության նպատակն է մեղմացնել իսրայելական լոբբիի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ: Թել-Ավիվը՝ ի դեմս ԱՄՆ-ում իսրայելական լոբբիի, գտնում է, որ Իրանի հետ միջուկային պայմանագիրը պետք է հիմնված լինի վերջինիս միջուկային ողջ ենթակառուցվածքի ոչնչացման վրա: Նրանց կարծիքով համաշխարհային ուժերի կողմից Իրանի հետ կնքված ցանկացած այլ գործարք սպառնում է հրեական պետության անվտանգությանը:
Սակայն, ըստ Օբամայի վարչակազմի, բանակցությունների սեղանին այլևս չկան նման նախապայմաններ: Վաշինգտոնում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում նման կոշտ քաղաքականության որդեգումը կարող է հանգեցնել Իրանի հետ զինված հակամարտության, ինչը բնականաբար ցանկալի չէ:
Մարտի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում նախատեսվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի ելույթը, որի ժամանակ վերջինս հանդես կգա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների քննադատությամբ:
Կոնգրեսի վերոնշյալ նիստին չմասնակցելու մասին արդեն հայտնել են մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ: Այդ նիստին չի մասնակցի նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը, ով հանդիսանում է նաև Կոնգրեսի խոսնակը: Նշենք, որ Իսրայելի վարչապետի` Վաշինգտոնում գտնվելու ընթացքում չի նախատեսվում է նաև հանդիպում նախագահ Օբամայի հետ:
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չպետք է վերածվեն «քաղաքական ֆուտբոլի» ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, քանի որ երկու կողմն էլ այս հարցում ունեն միևնույն նպատակը: